×


«Շաբաթօրյակ». Կիսամերկ Ռատակովսկին, ազդեցիկ Օբաման եւ ներշնչանքի աղբյուր մետրոն

Այսօրվա հերոսուհիները գեղեցիկ ու ուժեղ կանայք են, որոնք կարողանում են փոխել աշխարհն ու օգնում են մյուսներին էլ հավատալ իրենց ուժերին: Գեղեցկուհի Զոզին, Էմիլի Ռատակովսկին, Միշել Օբաման ու Ջուլիա Ռոբերթսն իրենց օրինակով են ցույց տալիս, որ պետք է գնալ երազանքի հետեւից: Մետրոն ու օպերան էլ ներշնչանքի յուրահատուկ աղբյուր են:

Գեղեցկուհին ՀԱՀ-ից

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում կայացած «Միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթողը 26-ամյա Զոզիբինի Տունզին է ՀԱՀ-ից: Թագը նրան հանձնել է 2018-ի գեղեցկուհի Կատրիոնա Գրեյը: 2-րդ ու 3-րդ տեղերն էլ զբաղեցրել են Մեդիսոն Անդերսոնը Պուերտո Ռիկոյից ու Սոֆիա Արագոնը Մեքսիկայից:



Զոզիբինի Տունզին փոքրիկ Ցոլո քաղաքից է, որի բնակիչների 94 %-ը կոսո ցեղից են: Հենց այդ նահանգում են ծնվել նաեւ ՀԱՀ նախագահներ Նելսոն Մանդելան ու Տաբո Մբեկին:

Զոզիբինին կանանց դեմ բռնության ակտիվ պայքարողներից է, նա նաեւ բնական գեղեցկության կողմնակից է ու կարծում է, որ կանանց պետք է սովորեցնել սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան:

«Ես մեծացել եմ աշխարհում, որտեղ իմ պես մազեր ու մաշկ ունեցող կանայք երբեք գեղեցիկ չեն համարվել: Այդ ժամանակներն արդեն անցյալում են: Ուզում եմ, որ երեխաներն ինձ նայեն ու իրենց արտացոլումը տեսնեն»,-ասել է նա:


3-րդ անգամն է, որը ՀԱՀ-ը հաղթում է այս մրցույթում՝ 1978-ին 1-ինն է եղել Մարգարետ Գարդիները, իսկ 2017-ին՝ Դեմի-Լի Նիլ-Պետերսը:

Կարճ սանրվածքով Կայա Գերբերը

Ի տարբերություն մայրիկի՝ Սինդի Քրոուֆորդի, ով մինչեւ հիմա էլ երկար մազերի սիրահար է, Կայա Գերբերը կարճ սանրվածքներ է նախընտրում: Գրեթե յուրաքանչյուր 2 ամիսը մեկ նա ավելի շատ է կտրում մազերը:

Իր նոր սանրվածը մոդելը նախ ցուցադրել է Ինստագրամում. «Ոչ մի կերպ չեմ կարողանում մազերս գլխիս պահել»,- գրել է նա, ապա մասնակցել Էլիմի Ռատակովսկիի փակ երեկույթին:


Ասում են, որ նոր սանրվածքը փոփոխություններ է բերում նաեւ անձնական կյանքում: Այդպես է եղել նաեւ 18-ամյա Կայայի հետ: Երբ նա հրաժեշտ տվեց իր երկար մազերին, սկսեց հանդիպել Արիանա Գրանդեի նախկին ընկեր, դերասան Փիթ Դեւիդսոնի հետ: Իսկ նոր կարճ սանրվածքը մեծ փոփոխություններ է Գերբերին խոստանում արդեն 2020-ին:

Էմիլի Ռատակովսկիի շաբաթը

Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին, ով միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է, այս անգամ էլ առիթը բաց չթողեց, որ իր մասին խոսեն:

Նախ նա իր սեփական բրենդի ներքնազգեստների հավաքածուն է ներկայացրել: Դեռ մեկ տարի առաջ է մոդելը հիմնել Inamorata-ն, որն առաջարկում է տարատեսակ հագուստներ՝ ներքնազգեստից մինչեւ գործնական կոստյումներ:

Էմիլին ինքն է լուսանկարվում իր բրենդի արտադրանքով, իսկ դա նշանակում է, որ հաջողությունն ապահովված է: Այս անգամ նրան է միացել մոդելային բիզնեսի ծագող աստղ Ջեմի Լին:

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on


«Սեքսուալ է ու շատ հարմար»,- հավաքածուն այսպես է նկարագրել Էմիլին:

Իսկ «Չհղկված զարդեր» ֆիլմի պրեմիերային մոդելը յուրահատուկ հաղորդագրությամբ է հանդես եկել: Լոս Անջելեսում կայացած միջոցառմանը նա բավական բաց զգեստով է եղել ու ցուցադրել է ձեռքի գրությունը:

Օրեր առաջ ԶԼՄ-ում քննարկվել է խաղաղ ճանապարհով Հարվի Վայնշտեյնի սեքս-սկանդալը հարթելու տարբերակը: Առաջարվում էր, որ նրա շուրջ 30 զոհերը միմյանց միջեւ բաժանեն 25 մլն դոլար: Ռատակովսկին գոհ չի եղել այդ որոշումից, ինչն էլ գրել է ձեռքին:


Ներշնչաքի աղբյուր մետրոն

Moschino Pre-Fall 2020-ի ցուցադրությունը բրենդի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը որոշել էր անցկացնել Նյու Յորքի տրանսպորտի թանգարանում: Այդ մտադրությունը Սքոթը բացատրել էր նրանով, որ մետրոն քաղաքի ամենակարեւոր տեղն է, բացի այդ էլ հենց այնտեղ է հնարավոր հանդիպել այն ամենին, ինչը նա ստեղծում է՝ բարձրակարգ նորաձեւությանն ու ամենօրյա հագուստին, ճոխությանն ու հասարակ հագուկապին:

Ցուցադրությունը մետրոյի վագոնում էր, մոդելները կրում էին հսկայական վերարկուներ ու բաճկոններ, մեծ ուսապարկեր, ահռելի գրություններով կաշվե վերնահագուստ, սպորտային կոստյումներն էլ վերածվում էին երեկոյան զգեստների:


Այդ հավաքածուի շնորհիվ դիզայները վերադարձել է իր ակունքներին՝ քաղաքային մոտիվներին, ինչի շնորհիվ էլ ստացել է «մարդկանց դիզայներ» անվանումը: Սքոթը կարծում է, որ մետրոն հիանալի տեղ է, որը միավորվում է հազարավոր մարդկանց, այդ վայրում ամեն մեկը տարբեր է ու առանձնահատուկ: Այնպես որ, եթե վաղուց մետրոյում չեք եղել, շտապեք, գուցե դուք էլ ոգեշնչման ձեր աղբյուրը գտնեք:

Մետրոյից՝ «Լա Սկալա»

Սա շաբաթվա միակ յուրահատուկ ցուցադրությունը չէր: Դուք դեռ չեք տեսել Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանայի շոուն: Այս անգամ նրանք հյուրերին հրավիրել էին «Լա Սկալա»:

Ցուցադրության տեղը պատահական չէր ընտրված. դիզայներներին միշտ էլ ոգեշնչել են իտալական օպերան ու նրա հերոսները: Նրանցից շատերն էլ այդ երեկո բեմի վրա հայտնվեցին:



«Օպերան ու նրա հերոսներին միշտ ենք սիրել: Ամեն անգամ նրանք մեզ նորովի են գրավում, ու դա զարմանալի չէ, քանի որ օպերայում զգացմունքները միշտ հաղթում են»,-ասում են իտալացի դիզայներները:

Պայուսակների աշխարհում

Վիկտորիայի ու Ալբերտի անվան թանգարանի ցուցադրության համար հավաքվել են ժամանակի փորձությանը դիմացած պայուսակները:

Նրանց թվում են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հերոսուհի Քերրի Բրեդշոուի (Սառա Ջեսիկա Փարքերի) պայուսակը, Պերիս Հիլթոնի ու Քիմ Քարդաշյանի սիրելի աքսեսուարները, ինչպես նաեւ արքայադուստր Դիանայի պատվին կոչված Lady Dior-ը:



Այն Բրիտանիայում պայուսակներին նվիրված ամբողջական ցուցադրություններից է լինելու ու բացվելու է 2020-ի ապրիլին: Երեք մասից բաղկացած միջոցառմանը 300 պայուսակ է ցուցադրվելու:

Օբամայի ու Ռոբերթսի բարի գործերը

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ու դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն այցելել են Վիետնամի Կան-Գիուոկ շրջանի դպրոցներից մեկն ու շփվել երեխաների հետ: Նրանք Մալայզիայում են եղել` կանանց կրթությանը նվիրված խորհրդաժողովին մասնակցելու համար:


Հայտնի կանայք Կուալա-Լումպուրում կայանալիք մամուլիսի ասուլիսից առաջ էլ այցելել են երեխաներին: Միշել Օբաման ելույթով է հանդես եկել, իսկ հետո ընկերական մթնոլորտում աղջիկների հետ խոսել կրթության հնարավորությունների մասին: Օբամային ու Ռոբերթսին է միացել նաեւ Ջորջ Բուշի դուստրը` NBC Today-ի հաղորդավար Ջեննա Բուշ Հագերը:

Ռոբերթսն ու Օբաման 4-օրյա համաժողովի ընթացքում պատմել են կարիերայում հաջողության հասնելու ու առաջատար դառնալու մասին:



Ռոբերթսն ավելի վաղ էլ աշխատել է Obama foundation Girls Opportunity Alliance-ի հետ: Նա աղջիկների կրթությանը նվիրված հոլովակում է նկարվել, որի համար միավորվել են Մերիլ Սթրիփը, Դեւիդ Բեքհեմը, Էնն Հեթուեյը, Նատալի Փորթմանն ու այլ հայտնիներ:

Հրաշք կինը

Warner Bros. ընկերությունը ներկայացրել է «Հրաշք կին 1984» ֆիլմի նոր թրեյլերը: Դիանա Փրինսը, որի դերը մարմնավորում է Գալ Գադոտը, պայքարում է նոր թշնամիների հետ ու հանդիպում հարություն առած սիրեցյալին` Սթիվ Թրեւորին (Քրիս Պայտ): Երկար սպասված ֆիլմի պրեմիերան կայանալու է 2020-ի հունիսի 4-ին:



Ռեժիսոր Պատտի Ջենկինսը ֆիլմի դեպքերը տեղափոխել է 1980-ականն թվականներ: Պրոդյուսերները վկայում են, որ «Հրաշք կին 1984»-ն առանձին ֆիլմ է ու կապ չունի առաջին մասի հետ, որը թողարկվել է 2017-ին: Այն կինովարձույթում 800 մլն դոլար էր հավաքել այն դեպքում, երբ ֆիլմի բյուջեն կազմել է 150 մլն: Այն նաեւ կին ռեժիսորի նկարած ամենաշատ գումար վաստակած խաղարկային ֆիլմն է:

Ոսկե Գլոբուսին շատ քիչ մնաց

ԱՄՆ-ում հայտարարել են հունվարի 5-ին կայանալիք Ոսկե Գլոբուս մրցանակի հավակնորդներին:

«Ամուսնության պատմություն» ֆիլմն ամենաշատ՝ 6 անվանակարգում է ներկայացված, «Իռլանդացին» ու «Մեկ անգամ Ամերիկայում» ֆիլմերը՝ 5-ում, իսկ «Երկու Պապը»՝ 4-ում:


Տղամարդու լավագույն դրամատիկ դերին հավակնում են Քրիստիան Բեյլը («Ֆորդն ընդդեմ Ֆերարիի»), Անտոնիո Բանդերասը («Ցավ ու փառք»), Ադամ Դրայվերը («Ամուսնության պատմություն»), Խոակին Ֆենիքսը («Ջոքեր») եւ Ջոնաթան Փրայսը («Երկու Պապ»):

Կանաց լավագույն դրամատիկ դերերի թեկնածուներն են Սինտիա Էրիվոնը («Հարրիեթ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնության պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») եւ Ռենե Զելվեհերը («Ջուդի»):
Անվանակարգերը բավական շատ են ու նրանց կարելի է ծանոթանալ այստեղ:

Տաղանդավոր բրիտանացին

Էդ Շիրանը Official Charts-ի վարկածով Մեծ Բրիտանիայում ճանաչվել է տասնամյակի լավագույն կատարող: Նրա սինգլները 79 շաբաթ առաջին հորիզոնականներն են զբաղեցրել երկրի պաշտոնական երաժշտական չարթերում: 2010-2019 թթ. Շիրանը 12 համաշխարհային հիթ է թողարկել:

Shape Of You-ն տասնակյակի լավագույն երգ է ճանաչվել, 2017-ին այն 14 շաբաթ առաջին հորիզոնականում է եղել: Thinking Out Loud-ն ու Perfect-ն էլ լավագույն հնգյակում են ընդգրկվել:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ աջակցել են վերջին 10 տարվա ընթացքում: Հատկապես՝ իմ անկրկնելի երկրպագուներին»,-ասել Է Շիրանը:


Երգիչը հայտնի է դարձել 2011 թվականին` The A Tea սինգլի շնորհիվ: 2017 թվականի դարձել Է Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ երաժշտության մեջ իր մեծ ավանդի ու բարեգործության համար: Նա Grammy-ի քառակի դափնեկիր է, ստացել է BRIT Awards-ի 5 մրցանակ, Billboard Awards-ի՝ 6 ու բազմաթիվ հեղինակավոր երաժշտական պարգեւներ:

Պատրաստեց`Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին