×


«Չի եղել մեկը, որին միտումնավոր չհրավիրենք». Հայտնիներից ովքեր էին ներկա Գրիգի սթենդ-ափ շոուին

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» խորագիրն է ընտրել հումորիստ Գրիգն իր նոր սթենդ-ափ շոուի համար, որով նոյեմբերի 21-ին հանդես եկավ «Բոհեմ» թատրոնում: Նշենք, որ պրեմիերան ավելի շուտ էր եղել, իսկ երեկվա ներկայացումը նախատեսված էր հայտնի հյուրերի, ընկերների եւ լրատվամիջոցների համար: BRAVO.am-ը նույնպես հետեւել է Գրիգի 1 ժամ 45 րոպե տեւողությամբ ամենատարբեր հումորներին եւ լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ հանդիսատեսի բարձր տրամադրությունն ու ծիծաղելու ակնկալիքը՝ նկատելի: Գրիգը որոշել էր տարբերվել եւ ներկաներին բարեւել յուրահատուկ ձեւով: Սկզբում նա բեմից ողջունեց, ապա նշեց, որ այդպես չի լինի. պետք է բոլորին ձեռքով բարեւի: Մինչ հանդիսատեսը չէր հավատում, որ նման բան կանի, նա իջավ եւ առաջին ու երկրորդ շարքերում նստածներին անհատապես ողջունեց, գրկեց եւ շնորհակալություն հայտնեց ներկայության համար, այնուհետեւ բարձրանալով բեմ, անցավ իր հումորներին:

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» ներկայացմանը


Ներկայացումը բաղկացած էր 2 մասից: Մոտ մեկ ժամ ելույթից հետո Գրիգը հայտարարեց փոքր-ինչ դադար, ապա կրկին վերադարձավ ու անցավ երկրորդ հատվածին: Գուցե 2 ժամը թվում է երկար այս ժանրի համար, սակայն մինչեւ վերջ դահլիճում բարձր ծիծաղն ու ծափահարությունները չդադարեցին:

Կենցաղային թեմաներ, կնոջ եւ տղամարդու տարբերություններ, ժամանակակից ու երեխաների հանդեպ չափազանց ուշադիր մայրիկներ, ընտանեկան զավեշտալի իրավիճակներ եւ քաղաքական նուրբ ու թեթեւ զեղումներով հումորներ էին առկա ներկայացման մեջ, իսկ սցենարային աշխատանքում իրեն օգնելու համար Գրիգը շնորհակալություն հայտնեց իր ընկերներ Վան Գրիգորյանին, Արմեն Սարգսյանին եւ Ռոբերտ Մարտիրոսյանին:

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» ներկայացմանը


Ինչպես ներկայացման սկզբում Գրիգն ինքնատիպ գտնվեց, այնպես էլ վերջում. նա բեմ հրավիրեց բոլոր կանանց ու աղջիկներին եւ Արամ MP3-ի «Կուզես» երգի հնչյունների ներքո խոստովանեց, թե որքան կարեւոր տեղ են գրավում նրանք տղամարդկանց կյանքում, եւ թե որքան են տղամարդիկ հպարտանում իրենց կանանցով:

Իսկ ամենավերջում Գրիգը զրույց ունեցավ լրագրողների հետ՝ պատմելով ներկայացման սովորականից մի քիչ երկար տեւողության, ներկա ու բացակա հյուրերի եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» ներկայացմանը


«Չեմ կարծում, թե երկար էր: Մարդիկ չեն կարող յուրաքանչյուր տասը րոպեն մեկ ծիծաղել. խոսք է պետք, որը կտա մտածելու եւ վերլուծելու ժամանակ: Բացի դա, կարծում եմ՝ եթե դահլիճը մինչեւ վերջ լեփ-լեցուն է եւ շատ երկար ծափահարում է, ապա երկար չէր»,-ասաց նա եւ հավելեց, որ եթե իրենք կարողանում են շատ գրել, ուրեմն այդքանն էլ ներկայացնում են. չեն պահում հաջորդ ներկայացման համար, չէ՞ որ մարդիկ գումար են ծախսել, թող երկար լսեն եւ ծիծաղեն:

Թե ինչու մի քանի անգամ հանդիսատեսին ներկայանալուց հետո որոշեց հանդես գալ հայտնի հյուրերի եւ լրատվամիջոցների առաջ, Գրիգը մեկնաբանեց այսպես.«Քանի որ մեր առաջին 3 ներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, հասկացանք՝ մեդիայի եւ իմ ընկերների համար կարելի է հետո հանդես գալ: Այո, սովորաբար առաջին ներկայացմանը կանչում են հայտնի հյուրերին, որպեսզի դահլիճն ավելի ջերմ ու ակտիվ լինի, սակայն մենք որոշեցինք գնալ փոքր-ինչ այլ ճանապարհով` հասկանալու համար, թե տոմսերի համար վճարած հանդիսատեսին որ հումորն է ծիծաղեցնում, եւ որը՝ ոչ: Բարեկամները կարող են ծիծաղել յուրաքանչյուր կատակի վրա, իսկ նրանք, ովքեր վճարել են տոմսի համար, արձագանքում են այն հումորին, որն իսկապես ծիծաղելի է: Այդպես էլ եղավ. մենք հասկացանք, թե որոնք են ավելի թույլ հումորները, հանեցինք դրանք ու շտկեցինք»:

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» ներկայացմանը


«Women's Club»-ի անդամների բացակայությունը Գրիգն այսպես մեկնաբանեց.«Ես մարդկանց հետ անհատապես եմ շփվում, այլ ոչ թե նախագծերի շրջանակում: Եղել են մարդիկ, որոնք առաջին ներկայացմանս ներկա են եղել, սակայն անուններ չեմ տա: Հատուկ պարտադրված բաներ չեն եղել, թե ում հրավիրենք, կամ ում՝ ոչ: Հրավերները եղել են առօրյայում եւ խոսելու ժամանակ: Չի եղել, որ որեւէ մեկին միտումնավոր չհրավիրենք»:

Դեկտեմբերին Գրիգը կշարունակի հանդես գալ նոր ներկայացմամբ, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, կլինի Ստեփանակերտում: Հումորիստի եւ իր թիմի երազանքն է՝ հանդես գալ Հայաստանի մարզերում: Հյուրախաղերով արտերկիր մեկնելու նպատակ եւս ունեն:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին