×


«ՌեԱնիմանիա 2019» հաղթողներն ու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսորի խոստովանությունը

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը երեկ՝ հոկտեմբերի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփեց արդյունքները:

Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 350 լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին մրցեցին հինգ հիմնական անվանակարգերում:

Վալենտին Պոդպոմոգովի անվան «Մի կաթիլ մեղր» մրցանակը՝ լավագույն գեղագիտական լուծման համար, տրվեց փառատոնի հատուկ հյուր, «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելչմանին։ Ռեժիսորն, իր խոսքում նշեց, որ մրցանակն իսկական անակնկալ էր իր համար.

«Երբ Լեհաստանից գալիս էի Հայաստան, այնքան հոգնած էի, որ կարծում էի՝ այս օրերը կանցկացնեմ հյուրանոցի սենյակում՝ քնելով, բայց այս ընթացքում գրեթե չեմ քնել, քանի որ այնքան բան կա տեսնելու քաղաքում, երկրում։ Շնորհակալ եմ մարդկանց՝ իրենց հյուրընկալության, առատաձեռնության համար»:

11-րդ «ՌեԱնիմանիայի» փակմանը


Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթեց ռեժիսոր Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը» ֆիլմը։

Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում մրցանակ ստացավ Դինա Վելիկովսկայի «Կապեր» ֆիլմը, հատուկ հիշատակում՝ «Հիշարժան», արտակարգ հիշատակում՝ «Չգիտեմ՝ ինչ», ժյուրիի հատուկ հիշատակում՝ «Քեռի Թոմաս» ֆիլմերը։

Ավարտական ֆիլմերի մրցութային ծրագրի հաղթող ճանաչվեց Դարիա Կաշչերայի «Դուստր» ֆիլմը, հատուկ հիշատակում՝ «Ողջույն, սիրելիներս»։
Հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթեց Նաթանիել Լիմիի «Իմ կյանքը Վերսալում» ֆիլմը, հատուկ հիշատակում՝ «Բեղմնավորում. Քեթի + Ջեն»։

11-րդ «ՌեԱնիմանիայի» փակմանը


Լավագույն հայկական հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ՝ հայկական Yelling Studio-ի «Քուչա» ֆիլմը։ Սփյուռքի լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Թռչունների բովը» ֆիլմը։

Անիմացիոն երաժշտական հոլովակների մրցութային ծրագրում հաղթեց «Քայլ առ քայլ» ֆիլմը, հատուկ հիշատակում՝ Վերոնիկա Ստեփանյանի եւ Լուսինե Պետրոսյանի «Սերունդները երաժշտության մեջ» ֆիլմը։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման միջազգային փառատոնը եւ իր «ՄարԱնի» հարթակը «Գյոթե» կենտրոնի եւ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպել էր հատուկ սեմինար, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների եւ լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ եւ վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին։ Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին նախօրոք դիտել փառատոնի համար ընտրված լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերը։ Մասնակիցների հետ աշխատող հյուր-փորձագետը գերմանացի կինոքննադատ Կլաուս Լոսերն էր, որն ընտրել է հաղթող գրախոսականները։

Դավիթ Մանուկյանը եւ Նանե Պետրոսյանը


Երեւանում «Գյոթե» կենտրոնի ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախոսոլիանին իր խոսքում նշեց.

«Անիմացիոն ֆիլմերի մասին խոսելիս մարդիկ պատկերացնում են հեքիաթներ, արքայադստրեր, գունավոր պատկերներ եւ գույներ, սակայն կինոփառատոնի շրջանակում ընտրված ֆիլմերի ցանկը վկայում է այն մասին, որ այս ժանրն ավելին է, քան հեքիաթը, որ այն անդրադառնում է պատմական եւ քաղաքական բնույթի լուրջ թեմաների։ Կարեւոր է անիմացիոն ֆիլմերի մասին ճիշտ գրախոսականներ եւ հոդվածներ գրելը, որ ռեժիսորներն ամեն անգամ ստիպված չլինեն բացատրել, թե ինչու են իրենք զբաղվում անիմացիոն, այլ ոչ թե գեղարվեստական ֆիլմերով»։

Հաղթեցին BRAVO.am-ի լրագրող Նանե Պետրոսյանը` «Դեպի աստղերը» եւ «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» եւ Դավիթ Մանուկյանը՝ «Ջրհեղեղ» եւ «Հեռու» կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի գրախոսականների համար։ Հաղթողները 2020 թվականին կմասնակցեն Շտուտգարտի ամենամյա անիմացիոն ֆիլմերի փառատոնին։

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին