×


«Փոս փորողն ինքն է ընկնում փոսը». Վիգեն Ստեփանյանը նոր բեմադրություն է արել

Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ` ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը բեմադրել է «Տերն ու ծառան» հեքիաթը՝ ներկայացնելով կատակերգության իր տարբերակը, միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով ստեղծագործության ոճին ու բովանդակությանը: Սա ռեժիսորի երկրորդ համատեղ աշխատանքն է թատրոնի դերասանական կազմի հետ, որի արդյունքում ստացվել է հետաքրքիր լուծումներով հագեցած նոր ներկայացում: Պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը. լուսանկարել եւ զրուցել ենք ռեժիսորի ու դերասանների հետ:

Փոս փորողն ինքն է ընկնում իր փորած փոսը՝ սա է ներկայացման հիմնական գաղափարը, որը, ըստ ռեժիսորի, արդիական է նաեւ մեր օրերում եւ առիթ է հանդիսացել հեքիաթը բեմադրելու: Հատկանշական են երաժշտական ժամանակակից լուծումները, որոնք հեղինակել են Վիգեն Ստեփանյանը եւ Վահե Հայրապետյանը: Մեծ ու փոքր եղբայրները ներկայացվում են հայկական երաժշտության ռիթմերի ներքո, բացասական կերպարները՝ թուրքաարաբական ռիթմերով, իսկ ծաղրածուները, որոնց կերպարները նորություն են բեմադրության մեջ, ժամանակակից երաժշտական ոճերում են հանդես գալիս: Ռեժիսորն ընդգծում է՝ սա նույնպես լուծում է:

«Տերն ու ծառան» ներկայացման պրեմիերային


Վիգեն Ստեփանյանը համոզված է՝ ներկայացումը հետաքրքիր կլինի ցանկացած տարիքի երեխայի համար, իր խոսքով՝ նույնիսկ 75-85 տարեկան:).«Ժամանակին այդ հարցը բավական լուրջ ուսումնասիրել եմ: Չգիտես ինչու, երեխաների համար սովորաբար «հավիկ, ճուտիկ, փուչիկ» ոճով ներկայացումներ են բեմադրվում, որոնք 20 րոպե հետո ձանձրացնում են ծնողներին: Կարծում եմ՝ այս ներկայացումը մայրիկներն էլ կնայեն, հայրիկներն էլ, երեխաներն էլ, այսինքն՝ սա թատրոն է եւ պետք է հետաքրքիր լինի բոլորին»:

Դերասանուհի Կարինե Ծատուրյանը, ով հանդես է գալիս տիկին Նունուֆարի դերում, մեր զրույցում ասաց, որ սկզբից մտավախություն են ունեցել, թե հեքիաթը հին է, չի հետաքրքրի մարդկանց: Բայց երբ Վիգեն Ստեփանյանը ներկայացրել է բեմադրության իր մեկնաբանությունը եւ բեմում կերպավորել ներկայացումը, հասկացել են, որ թեման հետաքրքիր ու արդիական է նաեւ այսօր.«Իմ կերպարը հեքիաթում այդքան վառ ընդգծված չէ, բայց ներկայացման մեջ ամեն ինչ կարծես կնոջ խոսքի ու ձեռքի տակով է անցնում: Իսկ կարեւորագույն խոսքը վերջում ասում է տղամարդը` Կարապետ աղան, եւ ազնվորեն խոստովանում է, որ փոս փորողն ինքն է ընկնում իր փորած փոսը»:

«Տերն ու ծառան» ներկայացման պրեմիերային


Դերասան Արթուր Պետրոսյանն էլ, ով հանդես է գալիս Կարապետ աղայի դերում, խոսելով իր կերպարի մասին, նշեց, որ ներկայացնում է այն տղամարդկանց, ովքեր անընդհատ պաշտպանելով եւ գերագնահատելով դիմացինին՝ հայտնվում են տհաճ ու դժվարին իրավիճակներում.«Ես, համենայն դեպս, այն ենթատեքստով եմ խաղում, որ պետք է մի քիչ էլ ինքդ քեզ գնահատես, սեփական կարծիքն ունենաս` չափավորելով դիմացինին գերագնահատելը, այս դեպքում՝ կնոջը: Կարծում եմ՝ բոլոր օրերում էլ արդիական ստեղծագործություն է, որը Վիգեն Ստեփանյանը փոքր-ինչ վերափոխված տարբերակով է ներկայացրել: Արդեն երկրորդ անգամ է, որ պատիվ ունեցանք նրա հետ աշխատել, ինչը մեծ հաճույք է բոլորիս համար: Իհարկե, փոքր-ինչ բարդ է նրա հետ աշխատելը, բայց այդ ընթացքում հասցնում ենք շատ բան սովորել նրանից, արդյունքն էլ հետաքրքրում է թե՛ մեզ, թե՛ հանդիսատեսին»:

Եթե դուք էլ ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից եւ դիտել ներկայացում, որը միաժամանակ կհետաքրքրի թե՛ ձեզ, թե՛ ձեր երեխաներին, եւ որն ասելիք կունենա, ապա շտապեք դիտել «Տերն ու ծառան» ներկայացումը Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում: Սիրված հեքիաթի համանուն բեմադրությունն արդեն թատրոնի խաղացանկում է եւ հավակնում է դեռ երկար ժամանակ ներկայանալ հանդիսատեսին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին