×


«Օնեգին» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է նոր ներկայացմամբ: Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա ներկայացումը բեմադրել է Նորա Գրիգորյանը: BRAVO.am-ը ներկա է եղել «Օնեգին»-ի առաջնախաղին, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Երկու ժամ տեւողությամբ բեմադրությունն աչքի է ընկնում մինիմալիստական լուծումներով եւ արտիստների բեմական խոսքով եւ պլաստիկայով:

«Օնեգին» ներկայացման պրեմիերային


Թե ինչու է որոշել անդրադառնալ հայտնի այս գործին, Նորան ասել է. «Մտահղացումն առաջացել է հայրիկիս գիրքը եւս մեկ անգամ կարդալուց հետո: Իմացա, որ ցանկացել է Լվովի թատրոնում բեմադրել «Եվգենի Օնեգին» օպերան, սակայն չի ստացվել: Այդ օրվանից գլխիցս դուրս չէր գալիս միտքը, որ պետք է «Օնեգին» կարդալ: Երբ կարդացի, բոլոր տեսարաններն արդեն իսկ տեսնում էի, հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում: Դիմեցի թատրոնի ղեկավարությանն ու խորեոգրաֆ Արա Ասատրյանին, եւ շատ ոգեւորված սկսեցինք աշխատել»:

Ռեժիսորի խոսքով՝ շատ արդիական թեմա են ներկայացնում.«Այս աշխատանքում կա երիտասարդական մաքսիմալիզմը, անիմաստ բաների վրա ծախսած ժամանակը, ամենամաքուր զգացմունքը, բայց եւ բարոյականությունն ամեն ինչից կարեւորող փաստերը: Ներկայացվում է սեր, այն էլ՝ հետաքրքիր զարգացումներով, իսկ սիրո մասին միշտ էլ հետաքրքիր է դիտել: Ներկայացումը նաեւ այն մասին է, որ երիտասարդները կարող են խաղի վերածել հարաբերությունները, չկարեւորել սերը»:

«Օնեգին» ներկայացման պրեմիերային


«Օնեգին»-ի բեմանկարիչն Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձեւավորումը Նորա Գրիգորյանն է արել, իսկ խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանը:

«Բեմը, կարելի է ասել, ես եմ տեսել, նույնիսկ իմ ձեռքերով սարքել, քանի որ թատրոնում շատ պրեմիերաներ կային, սակայն տեխնիկապես իրագործել է Արթուր Հարությունյանը»,-նշել է Նորան:

«Օնեգին» ներկայացման պրեմիերային


Ներկայացման մեջ զբաղված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, Անուշ Սարգսյանը, Լեւ Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանը եւ Հայարփի Զուռնաչյանը:

Առաջնախաղից ռեժիսորը գոհ էր, ասում է՝ մեծ սիրով են արել ամեն ինչ՝ կարճ ժամանակահատվածում կարողանալով նման արդյունքի հասնել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին