Ուրիշ պատմություն “Եվրատեսիլ”-ում “Եվրատեսիլ”- ի հայաստանյան նախընտրական փուլին ուրիշ պատմություն է լինելու: Համենայն դեպս այդպես է խոստանում նույն անվամբ հանդես եկող “Another Story”-ն: Փետրվարի 14-ին ռոք-խումբը կներկայացնի “Այս ձմեռ”/This Winter/ երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ եւ կիթառահար Արմեն Սարգսյանն է: Ի դեպ, “Այս ձմեռը” խմբի առաջին ձայնագրված երգն է: Ըստ մրցույթի կանոնների` “Եվրատեսիլ 2010”-ին ներկայացվող երգը պետք է հնչած չլիներ մինչեւ 2009 թվականի հոկտեմբերը, բայց քանի որ սա ուրիշ պատմություն է, “Այս ձմեռ” երգը գրվել է 2006 թվականի դեկտեմբերի 16-ին ու բազմիցս հնչել է: “Մեզ ասացին` ոչինչ: Դե գիտենք, որ չենք գնալու: Ես գրածս երգը թվով, ամեն ինչով ճշտում եմ: Այն նվիրված է իմ շատ սիրելի ընկերուհուն, ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Փառք Աստծո, մինչեւ օրս մեր համերգների ընթացքում առաջատար երգերից մեկն է”,- ասաց Արմեն Սարգսյանը: Նա նախընտրելի երգ չունի, մրցակիցների ոչ բոլոր երգերն է լսել. “Կիսատ-պռատ լսել եմ: Չեմ կարող ինչ-որ բան ասել, թող անցնի լավագույնը: Տասնյակում հայտնվելն արդեն իսկ հաղթանակ է մեր խմբի համար: Կարեւորը երեք րոպեի ընթացքում, որ պետք է ելույթ ունենանք, տպավորիչ լինի ամեն ինչ, տեղը տեղին, առանց կաշկանդվելու”: “Another story”-ն շոուի պահը դեռ չի որոշել, բայց նշում են, որ հետաքրքիր հագուստներով են ելույթ ունենալու.“Քարացած չենք, այնպես կանենք, որ ամեն վայրկյանը տպավորիչ լինի հեռուստադիտողի համար”: Ռոք-խմբի երեք անդամները Տաշիր քաղաքից են: Մինչեւ 2007-ը Տաշիրում են ելույթ ունեցել: “Մայրաքաղաքում պետք է փորձեինք մեզ, աջակցեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, որովհետեւ մեր երկու անդամները Բրյուսովի համալսարանի ուսանողներ են, փոձասենյակն էլ Բրյուսովի վարժարանում է գտնվում”,- ասաց Արմեն Սարգսյանը: Նրան ընկերները Ցոյ են ասում` արտաքնապես եւ ձայնով նմանացնելով Վիկտոր Ցոյին: “Another story”–ի “բրյուսովցի” ուսանողներն այժմ ծառայում են Արցախում: “Հուլիսին գալու են, սպասում ենք: Մենք տղեքին ասել ենք “Եվրատեսիլ”-ի մասին, շատ ուրախ են, իրենք թող հանգիստ ծառայություն անցկացնեն, մենք էլ ստեղ հանգիստ նվագենք, ամեն ինչ լավ լինի: Ուղղակի որ խումբը չցրվի, երկուսը փոխարինում են, մինչեւ տղաները գան”,- ասաց Արմեն Սարգսյանը: Այսօր “Another story” ռոք-խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Արմեն Սարգսյան – վոկալ, կիթառ Արթուր Մարգարյան - սոլո կիթառ Հակոբ Թորգոմյան - բաս կիթառ Դավիթ Ստեպանյան - հարվածային գործիքներ: Խմբի հայերեն երգերի հեղինակը Արմեն Սարգսյանն է: Նա Bravo.am-ին պատմեից իր ուրիշ պատմությունը. “Հիմա էլ կա այդ պատմությունը ու կշարունակվի, քանզի ես կամ: Արդեն երկու տարի է` իմ անձնական կյանքի եւ երաժշտության հետ կապիս ու մեր խմբի մասին գիրք եմ գրում: Նկարներով, փաստացի տվյալներով, այն մարդկանց մասին էլ եմ գրում, ովքեր “Another Story”-ի հետ առնչվել են: Այս հարցազրույցի մասին էլ եմ գրելու: Մի տարի հետ եմ մնացել գրելու պահով, շատ ծանրաբեռնված եմ”: Արմեն Սարգսյանն երաժշտական կրթություն չունի. “Տաշիր քաղաքում միջնակարգ դպրոց եմ ավարտել, 8-րդ դասարանից հետո չեմ սովորել: Ձգտում չունեի, պահ էր գալիս` ամաչում էի համերգի գնալ: Բայց դե երեւի որոշված էր, որ երաժշտությամբ պետք է զբաղվեի: Մեկը բակում նվագում էր, հարցրեցի` հե՞շտ է կիթառ նվագել, ասաց` եթե ուզում ես, կկարողանաս: Ու ստացվեց:” Շուտով “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլը կավարտվի, ռոք-խումբն էլ կսկսի ինչպես միշտ նվագել ակումբներում. փետրվարի գրաֆիկը բավական հագեցած է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` “Another story” ռոք-խմբի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: