PRESTIGE ամսագրի հարցազրույցը խմբի հետ
“Երաժշտությունը մեր կյանքն է”
PRESTIGE ամսագիրը ձեր ուշադրությանն է ներկայացնում բացառիկ հարցազրույց A'STUDIO-ի հմայիչ մենակատար Կետի Տոպուրիայի եւ խմբի հիմնադիր Բայգալի Սերկեբաեւի հետ: Նրանք մարդիկ են, ում աշխատանքը բխում է հոգուց, նրանք պարզապես ծնվել են երաժշտության համար:
Մեր հարցազրույցը կայացել է հեռախոսի միջոցով: Ես բռնել եմ բջջային հեռախոսն ու պատասխանի եմ սպասում: Զանգերը գնում են, կապը հարթված է, ձայնագրությունը գնում է: Տարօրինակ զուգադիպություն. արդեն որերորդ անգամ իմ աստղային հերոսներն ինձ հետ զրուցում են օդանավակայանից: A’STUDIO խումբը հարցազրույցի պահին գտնվում էր օդանավակայանում` մեկնում էր հյուրախաղերի: Նման իրավիճակ էր նաեւ Կսենիա Սոբչակի հետ: Հնարավոր է` զուգադիպությունները վերածվեն բարի ավանդույթի: Ինչեւէ, նրանց ցանկանանք հաճելի թռիչք, իսկ մենք ուղեւորվենք այլ աշխարհ, որտեղ հնչում եւ ապրում է A’STUDIO-ի երաժշտությունը:
A’STUDIO-ն լեգենդար խումբ է, որն ունի մեր էստրադայի համար եզակի ոճի զգացում, երաժշտական ճաշակ եւ ստեղծում է անթերի որակի հետաքրքիր ներդաշնակում: Խումբը կատարում է ռոմանտիկ պարային փոփ-ռոք: A’STUDIO-ի երաժշտության արտաքին էստրադային թեթեւության հիմքում ընկած է երաժիշտների բարձր վարպետությունն ու արհեստավարժությունը. խումբը բազմիցս պարգեւատրվել է մրցանակներով բազմաթիվ երաժշտական փառատոնների ու մրցույթների տարբեր անվանակարգերում: Ներկայումս խմբի կազմում են հիմնադիրներ Բայգալի Սերկեբաեւը (պրոդյուսեր, կոմպոզիտոր, ստեղնաշարային գործիքներ) եւ Վլադիմիր Միկլոշիչը (բաս-կիթառ), ինչպես նաեւ երիտասարդ տաղանդավոր կիթառահար Ֆյոդոր “Ֆեդերիկո” Դոսումովն ու իգական սեռի միակ ներկայացուցիչ, մենակատար Կետի Տոպուրիան:
A’STUDIO խմբի վոկալիստ Կետի Տոպուրիա
- Կետի, ասացեք, ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունի աշխատանքն այն խմբում, որտեղ միայն տղամարդիկ են: Դուք միշտ շատ դրական եք արտահայտվում տղաների մասին. մի՞թե դուք կոնֆլիկտներ չեք ունենում:
- Մեր հարաբերություններն իսկապես շատ ընկերական են, մենք ընտանիքի նման ենք: Իհարկե, երբեմն ցանկանում ես շփվել աղջիկների հետ, սակայն կարող եմ ասել, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատելը միանշանակ ավելի լավ է, քան կանանց:
- Դուք շատ հետաքրքիր եւ ճաշակով եք հագնվում: Պատմեք Ձեր բեմական հագուստների մասին. Դուք դրանք պատվիրու՞մ եք, թե՞ գնում:
- Հիմնականում ինձ համար ամեն ինչն ինքս եմ ընտրում, սակայն վերջերս ինձ օգնում է դիզայներ-ընկերս` St. Bessarion-ը: Բեմական հագուստներս նրան եմ վստահում:
- Որպես կին` ի՞նչն է Ձեզ համար անթույլատրելի:
- Երեւի հարազատներիս դավաճանելը կամ ստելը, այդ ամենն ինձ համար չէ:
- Կա՞ բաղձալի երազանք, որը դեռեւս չի իրականացել:
- Որոշակի ցանկություն չկա, հավանաբար, յուրաքանչյուր կնոջ համար ամենատարածված ցանկությունը ընտանիք, երեխաներ ունենալն է:
- Ի՞նչ պետք է անի տղամարդը, որպեսզի Դուք երբեք չցանկանաք նրան տեսնել:
- Խաբի, դավաճանի: Ես ի նկատի ունեմ ոչ թե անհավատարմությունը, այլ հենց դավաճանությունը:
- Ի՞նչ չի կարելի երբեք ասել տղամարդուն:
- Նույնիսկ չգիտեմ` իմ զուգընկերոջ հետ երբեք այնպես չի եղել, որպեսզի մենք իրար ինչ-որ բան չասենք:
- Ձեզ համար հայրենական բեմում կա՞ն հեղինակություններ, բացի Ալլա Բորիսովնայից:
- Ինձ շատ է դուր գալիս Զեմֆիրան, քանի որ այսօր շատ քիչ են մարդիկ, ովքեր իրենք են գրում երաժշտությունն ու կատարում փրոդաքշնը:
- Ի՞նչ կանեիք, եթե երգելը չլիներ:
- Կարծում եմ, եթե ես դադարեի երգել, կնստեի տանը (ծիծաղում է):
- Ինչու՞մ եք Ձեզ դժվարությամբ զսպում:
- Դե, հավանաբար, ոչ մի բանում (ծիծաղում է): Չեմ կարող չհանդիպել ընկերներիս:
- Ձեր ընկերներն այն մարդի՞կ են, ում վրա կարելի է միշտ հույս դնել:
- Ընկերների առումով բախտս բերել է: Դա մեծ երջանկություն է:
- Ինչի՞ց երբեք չեք հոգնում:
- Երգելուց: Ես կարող եմ հոգնել հյուրախաղերից, մշտական մեկնումներից, սակայն նրանից, որ միշտ ցանկանում են երգել, երաժշտություն լսել, ես երբեք չեմ հոգնում:
- Դուք եղե՞լ եք Երեւանում:
- Իհարկե, մի քանի անգամ:
- Թբիլիսին եւ Երեւանը երկու հարեւան քաղաքներ են, այնուամենայնիվ, որո՞նք են նրանց տարբերությունները:
- Ռուսաստանում բոլորը կարծում են, որ բոլոր կովկասցիները նման են, սակայն տարբերություններ, իհարկե, կան: Ես հիմա չեմ կարող կոնկրետ ասել, սակայն դրանք կան, եւ կասեի նույնիսկ` խիստ տարբերություններ:
- Ի՞նչ պետք է պատահի, որպեսզի Դուք մշտական բնակության մեկնեք Բրազիլիա: Չէ՞ որ Բրազիլիան Ձեր սիրած անկյունն է աշխարհում:
- Ես ծնվել եմ Թբիլիսիում, ապրել եմ այնտեղ որոշ ժամանակ եւ մեկ անգամ արդեն ամեն ինչ թողել, եկել եմ Մոսկվա` ամեն ինչ սկսելով նորից: Ինձ համար շատ դժվար կլինի եւս մեկ անգամ դա անել: Սակայն եթե նորից նման բան որոշեմ, դա կլինի ծնողներիս, զուգընկերոջս կամ երեխաներիս համար:
Բայգալի Սերկեբաեւ, A'STUDIO խմբի առաջնորդ
- Ո՞րն է տարբերությունը փառքի եւ հաջողության միջեւ:
- Հաջողությունն այն է, երբ գիտեն քո գրած երգերը, իսկ փառքը` երբ գիտեն թե քո անունը, թե այն երգերը, որոնք գրել կամ կատարում ես: Ամենակարեւորը` հաղթահարել հաջողության ճանապարհին առաջացած բոլոր բարդությունները եւ պահպանել ամենակարեւորն ինքդ քո մեջ. այդ ժամանակ դու կլինես անգին:
- Կինը` …
- Հիասքանչ էակ է, որը մեր կյանքը լցնում է լույսով, ուրախությամբ, ջերմությամբ եւ հատուկ իմաստով:
- Երաժշտությունը` …
- Դժվար է բացատրել: Դա եւ հոգեվիճակ է, եւ զբաղմունք, եւ կյանքի իմաստ, եւ վաստակելու միջոց:
- Ո՞րն է ամենահարմարավետ հոգեվիճակը:
- Հավանաբար, երբ գալիս է ոգեշնչումը եւ ծնվում է երգը: Չէ՞ որ երգը կարելի է գրել ցանկացած պահի, սակայն այն կարտացոլի, թե դու ինչպես ես քեզ զգում: Եթե ներսումդ ինչ-որ բան կա, հոգիդ ինչ-որ բանով լցված է, սիրահարված ես, տանջվում ես կամ անհանգստանում ես, այդ ամենն արտացոլվում է ստեղծագործության մեջ: Ես միշտ հարմարավետ եմ զգում այն պահին, երբ երաժշտություն եմ գրում:
- Ձեր կյանքում ի՞նչ նշանակություն ունի “պրեստիժ” բառը:
- Շատ փոքր նշանակություն: Պրեստիժը անցողիկ հասկացություն է, որը ոչ միշտ է արժանի ուշադրության: Իսկ ահա երաժշտությունն իմ կյանքում շատ կարեւոր դեր ունի:
Հարցազրույցը հրապարակվում է որոշ կրճատումներով: Հարցազրույցի ձայնագրությունն ամբողջությամբ հասանելի է http://www.youtube.com/user/PRESTIGEbyAZ#p/a/f/0/JwrqgnN-axM հասցեով:
Հարցազրույցը` Իրինա Վանյանի
Տեքստը եւ լուսանկարները` PRESTIGE ամսագրի
Ռուսերենից թարգմանությունը` Կարինե Պետրոսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: