“Մինչեւ մեր հանդիպումը Նունեի երգերը չէի լսել...” «Երկար սպասված երազս կյանք դարձավ, իմ սիրտը իր պես խենթ մի սիրտ գտավ, ու հիմա...»: Ու հիմա դերասան Ավո Խալաթյանը պատմում է իր եւ իր ընտանիքի մասին::) - Ի՞նչ ես հիշում քո մանկությունից: -Շատ հիշարժան, վառ ու տպավորիչ մանկություն եմ ունեցել: Շատ լավ ընկերներ, որոնց հետ մինչ օրս էլ կապ ու շփում կա: Մանկությունս անցել է մորս հետ` թատրոնում, որտեղից էլ ծնվեց սերը դեպի թատրոն: Հորս կողքին` կտավի առջեւ: Պատմում են, որ շատ փոքր եմ եղել, տեսել եմ` ինչպես է հայրս նկարում մարդու գլուխը, մարմինը, հետո ոտքերն, ու հակառակ ձեւով ես եմ սկսել նկարել` ոտքերը, մարմինն ու հետո նոր գլուխը:): - Բայց փոքր-ինչ մեծանալով` նկարչական կրթություն ստացար: - Այո, դպրոցին զուգահեռ ավարտեցի Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը: Այդ ժամանակ ինձ հետաքրքրում էր գրաֆիկան... - Մանկուց եղել ես եւ նկարչական, եւ թատերական մթնոլորտում, ինչպե՞ս կատարեցիր վերջնական ընտրությունդ: - Երբ խաղացի Արսեն Աբրահամյանի բեմադրությամբ Քիփլինգի «Մաուգլին»` անգլերեն լեզվով, ներկայացումից հետո հստակ որոշեցի. ես դերասան եմ դառնալու: - Կա՞ մի կերպար, որը, թատրոնում կերտելով, քեզ համար իդեալ ես դարձրել: -Չէ, չի եղել այնպիսի դեր, որի մեջ ես իրական կյանքում մտնեմ ու սկսեմ դրանով ապրել, ուղղակի շատ եմ սիրում այն դերերը, որոնց վրա սկսել եմ աշխատել սեղանի մոտից` դերաբաշխումից: - Դերասան լինելուց բացի նաեւ երգում ես: - Բայց ինձ երգիչ չեմ համարում: Ես դրամատիկ դերասան եմ, որին զուգահեռ անցել եմ վոկալի դասընթացներ: Թատրոնում էլ երգում եմ, քանի որ սիրում եմ մյուզիքլ ժանրը, որը վերջերս լայն տարածում է գտել: Ես ինձ համարում եմ «սինթետիկ» դերասան, այսինքն` դերակատարման հետ մեկտեղ երգ եւ պար կատարող: - Նունե Եսայանը թատրոնի ու «սինթետիկ» դերասանության հետ կապված քեզ ուղղություն տալի՞ս է: - Նախ ասեմ, որ Նունեի խորհուրդներն ինձ համար մեծ նշանակություն ունեն: Հատկապես մյուզիքլներում նա ավելի լավ է տեսնում նրբություններն ու ճիշտ նշանակետին է մոտենում: Օրինակ, երեկ նա դիտեց մեր նոր ներկայացման փորձն ու իմ ականջին շշնջաց որոշ բաներ, եւ ես այսօր փորձում էի խաղալ այնպես, ինչպես Նունեն էր ասել: - Իսկ դու ի՞նչ դեր ունես Նունե Եսայանի ստեղծագործական կյանքում: - Նույնը Նունեի պարագայում է: Ես էլ եմ նրան խորհուրդներ տալիս` հագուստից, դիմահարդարումից սկսած, եւ նա ընդունում է դրանք: - Քեզ համարու՞մ ես Նունե Եսայան երգչուհու երկրպագու: - Չեմ կարող չհամարել. ամեն համերգից ու ելույթից առաջ նրա հետ ապրում եմ այն զգացողությունը, ինչ Նունեն ունի: Երգերից էլ շատ եմ սիրում ռոմանսները, «Մի քաղաքը», «Նունե Եսայան» ֆիլմի սաունդթրեքները: - Իսկ նախքան ձեր ամուսնությունը երկրպագե՞լ ես Նունեին` որպես երգչուհի: - Նախքան մեր ամուսնությունն ու հանդիպումը չեմ լսել Նունեի երգերը, նրան չեմ ճանաչել: Բանն այն է, որ ես հայկական էստրադա չէի լսում: Մայրս էր սիրում Նունեին, հատկապես «Խղճա դու ինձ» երգը ու միշտ ասում էր. «Ավո, հլը լսի` ինչ լավ երգ է, ինչ լավ է կատարում էս աղջիկը»: Մեկ էլ հիշում եմ, որ դպրոցում տղաներով դասից փախչում էինք ու գնում համակարգչային խաղեր խաղալու: Դա մեր ապաստարանն էր, որտեղ էլ փակցված էր Նունեի առաջին պոստերը: Էդպես, մամայի ասելով, այդ պոստերով էի ես ճանաչում Նունե Եսայան երգչուհուն:): - Հետո սիրեցիր այդ նկարի աղջկան, ամուսնացաք, նրան երգ նվիրեցիր`«Երկար սպասված երազդ կյանք դարձավ... », ու հիմա… - Ու հիմա մենք երջանիկ ենք:): Մեզ շատ երջանկացրեց նաեւ մեր որդին` Հենրին: - Հենրիի մասին ի՞նչ կպատմես: - Արդեն 2 տարի, 4 ամիս է` Հենրին փոխել է մեր կյանքը, հիմա ես ու Նունեն առանց նրա կյանքը չենք պատկերացնում: Երկուսով էլ զբաղվում ենք Հենրիի դաստիարակությամբ, նայած` ինչ հարց է: Մեզ օգնում է նաեւ մայրս: Հիմա Հենրին ոտանավորներ է ասում, բլբլում ու երգում: Ուզում ենք նրան մանկապարտեզ տանել, որ երեխաների հետ էլ շփվի: :) - Իսկ Հենրին թատրոն գալի՞ս է: - (Ծիծաղում է) Կուլիսներում Նունեի հետ հետեւում է ներկայացմանը, հարմար պահը որսում ու հենց լռություն է լինում` կանչում. «Պապա՞, Ավո…»: Իհարկե, նրա ձայնը դահլիճ չի հասնում, բայց մենք` բեմի վրա, հազիվ ենք մեր ժպիտը զսպում: :) - Հենրիին քույր կամ եղբայր կպարգեւե՞ք: - Շատ ենք ուզում էլի երեխա ունենալ, բայց Նունեի ստեղծագործական կյանքում մի փոքր դադար եղավ: Երբ ամեն ինչ հունի մեջ ընկնի, Հենրին քույր կամ եղբայր կունենա: - Շուտով կավարտվի կանանց միամսյակը, ի՞նչ ես այս ընթացքում նվիրել Նունեին եւ ի՞նչ նվեր կանես ապրիլի 7-ին: - Նախ ասեմ, որ ծաղիկներ չեմ նվիրում տոներին, քանի որ դա կարող եմ անել ամեն օր: Հաճախ մեքենայով տուն գնալիս ճանապարհից եմ ծաղիկներ գնում ու տուն տանում: Որպես ապրիլի 7-ի նվեր կգնանք Եվրոպա` շրջագայության: Իսկ ընդհանրապես, սիրում եմ նվիրել այնպիսի բաներ, որոնք տանը պետք կգան, կօգտագործվեն: Օրինակ, գեղեցիկ ծաղկաման, կաթսաներ եւ այլն: Երբեմն թատրոնում կենցաղային իրեր են բերում, վաճառում, ու ես, դերասանուհիների հետ խառնվելով, Նունեի համար նվերներ եմ ընտրում: - Ասացիր, որ կաթսաներ էլ ես գնում, խոհանոցում լինու՞մ եք: - Նունեն շատ է սիրում խոհանոցը, անընդհատ ինտերնետից նոր բաղադրատոմսեր է հանում ու պատրաստում: Երբեմն կարոտում եմ մայրիկիս ճաշերին ու ասում. «Նուն, դու էսօր բան մի արա, թող մաման սարքի»: Բայց շատ համեղ է պատրաստում, երեկ անգամ տանը հաց էր թխել` ֆրանսիական հաց: Այսինքն, մեզ էլ պետք չէ այս կամ այն երկիրը գնալ, որ իրենց խոհանոցից որեւէ բան փորձենք, դա կարող ենք անել մեր տանը: Մնում է Նունեն ճապոնական սուշի պատրաստել սովորի, ինչը ես շատ եմ սիրում: :) - Իսկ դու խոհանոցում լինու՞մ ես: - Ես հիմնականում օգնում եմ: Բայց շատ լավ ձվածեղ եմ պատրաստում, տարբեր տեսակի` պանրով, բաստուրմայով, որը նույնպես շատ եմ սիրում: - Այս համեղ «նոտային» էլ գումարենք Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին ու ավարտենք զրույցը: - (Ժպտում է) Եվ ձեր ընթերցողին, եւ մեր հանդիսատեսին խորհուրդ եմ տալիս ամեն ինչում փնտրել, գտնել ու ստեղծել լավը, որակյալը: :) Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: