Առաջին ծիրանենին տնկվեց Հունաստանում Երգչուհու պրոմո-տուրը սկսվել է Ապրիլի 2-ին մեկնարկել է Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացնող Եվա Ռիվասի պրոմո-տուրը: Երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը խոստացել էր շրջագայության ընթացքում բոլոր երկրներում Հայաստանից մասնիկ թողնել: Առաջինը ծիրանենին տնկվեց Հունաստանում: Երեկ Եվա Ռիվասին հյուրընկալել է Սալոնիկի նահանգապետը: Երգչուհուն ուղեկցում է “Apricote Stone” երգի երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը: Ծառատունկը տեղի է ունեցել մարզպետարանի այգում, այնուհետեւ երգչուհու պատվին նահանգապետը ճաշկերույթ է կազմակերպել: Ռիվասի PR մենեջեր Հայկ Մարկոսյանը Bravo.am-ին հայտնեց, որ Եվային հույները շատ ջերմ են ընդունել, նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Այսօր երեկոյան երգչուհին մասնակցելու է Սալոնիկի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին: Ապրիլի 6-ին Եվա Ռիվասը կմեկնի Կիպրոս, այնուհետեւ, հավանաբար, կվերադառնա Հայաստան: Ապրիլի 17-ին Ռուսաստանում երգչուհին կմասնակցի հոբելյանական “Տաշիր” մրցանակաբաշխությանը: 5-րդ “Տաշիրին” անվանի հայեր են լինելու. կազմակերպիչները հուսով են, որ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին էլ կհյուրընկալեն: Պրոմո-տուրը շարունակվելու է, Եվա Ռիվասը “Apricote Stone” է երգելու ու ծիրանենիներ է տնկելու Ռումինիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում: “Oր օրի նրա ժամանակացույցում փոփոխություններ են կատարվում, որովհետեւ կարիք կա` Եվան Հայաստանում լինի, Աննա Մայիլյանի հետ վոկալի դասերով զբաղվի: Դա շատ կարեւոր է”,- նշեց Հայկ Մարկոսյանը: Bravo.am-ը Եվա Ռիվասին ցանկանում է հաջող պրոմո-տուր, Հայաստանին` հաղթանակ “Եվրատեսիլ 2010”-ում, իր ընթերցողներին էլ խոստանում է պարբերաբար ներկայացնել երգչուհու շրջագայությունների մանրամասները: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: