“Բարեւ Օսլո” մրցույթի 4 հաղթողները կմեկնեն Նորվեգիա Նորվեգիայի մայրաքաղաք մեկնելուց մի քանի ժամ առաջ Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացնող Եվա Ռիվասը անձամբ շնորհավորեց եւ շնորհեց “Orange Արմենիա”-ի կազմակերպած “Բարեւ Օսլո” SMS-մրցույթի 4 գլխավոր մրցանակակիրների` Օսլո մեկնելու ուղեգրերը: Երգչուհու հանդիպումը հաղթողների հետ տեղի ունեցավ մայիսի 16-ին Orange-ի գլխավոր խանութում: “Շնորհակալ եմ, որ ինձ համար կազմակերպեցիք այս հանդիպումը: Շատ կարեւոր է Օսլո մեկնելուց առաջ լինել այստեղ եւ էներգիայով լիցքավորվել: Շատ մեծ աշխատանք է արվել, հետդարձի ճամփա չկա, մենք գնում ենք հաղթելու, լի ենք ուժերով: Ամեն ինչ ունենք հաղթելու համար, միայն պետք է զորակցենք իրար, միասնությունը կհաղթի”,- ասաց Եվա Ռիվասը: SMS-մրցույթի արդյունքներով, 713 հարցի ճիշտ պատասխանել եւ առաջին տեղն է զբաղեցրել Սիրակ Սարգսյանը: Նա մյուս երեք հաղթողների հետ կմեկնի Օսլո “Եվրատեսիլ 2010” կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ համերգներին մասնակցելու համար: “Հաղթանակը տղայինս է, ակտիվ մասնակցեց մրցույթին: Ինձ դուր է գալիս “Եվրատեսիլը”, բայց տղաս է բուռն երկրպագու, իր համար իրոք տոն է”,- ասաց հաղթողներից Արեգ Բարսեղյանը: Եվա Ռիվասը ընտրել էր նաեւ “Զորակցենք Հայաստանին” SMS-արշավի ընթացքում ամենայուրօրինակ մաղթանքների հեղինակներին: 22-ամյա Գեւորգ Եփրեմյանը Bravo.am-ի համար կարդաց իր ուղարկած SMS-ը. “Բարեւ, սիրելի Եվա ջան: Սերը հույս է, սերը լույս է, սերը կյանք է ու թանկագին, իսկ առանց սիրո ծաղիկը խոտ է, համբույրը սուտ է, ցերեկը մութ է: Միշտ հաղթող Եվա Ռիվաս”: “Օրանժ Արմենիա” բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան էլ է Հայաստանին հաղթանակ ցանկանում: “Շնորհակալություն Եվային այսօր մեզ հետ լինելու համար: Վստահ եմ` հաղթողների համար անմոռանալի ճամփորդություն է լինելու: Նրանք այնտեղ անձամբ կզորակցեն Եվա Ռիվասին եւ Հայաստանին”,- ասաց Բրունո Դյութուան: Ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշեց, որ Orange-ն ամեն ինչ անելու է, որ այս տարվա “Եվրատեսիլը” անակնկալներով լի իսկական տոն դարձնի հայերի համար: “Ամեն ինչ նոր է սկսվում, չորս երջանիկները կմեկնեն Օսլո, բայց մենք նաեւ հիանալի անակնկալներ ու նվերներ ենք պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր մնում են Հայաստանում: SMS-մրցույթը դեռ շարունակվում է, ու շատ ու շատ նվերներ սպասում են իրենց հաղթողներին”,- նշեց Արամ Մկրտչյանը: Ի դեպ, Orange-ի նախաձեռնությամբ Երեւանն այս տարի միացել է տասը եվրոպական քաղաքներին, ուր անցկացվում է “Եվրատեսիլին” նվիրված ամենամեծ համաեվրոպական պարային FlashMob շարժումը: Facebook-ի Eurovision 2010 FlashMob Dance (Armenia) խումբ այցելելով` կարող եք սովորել այդ պարը: Պարային FlashMob-ի օրը, տեղը եւ ժամը դեռ գաղտնի են պահվում, որ անակնկալ միջոցառումը ինքնաբուխ լինի: Այս օրերին նկարահանվում է նաեւ “Apricote stone”-ի ոչ պաշտոնական Lip-dub կոչվող տեսահոլովակը, որի տեսագրմանը մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքների եւ գյուղերի բնակիչներ: “Եվա Ռիվասի փոխարեն սովորական հայերս երգում ենք “Ծիրանի կորիզ” երգը, ցույց տալիս` որքան ենք միասնական, եւ զորակցում ենք Հայաստանին”,- նշեց Արամ Մկրտչյանը: Մի “ի դեպ” էլ կա:): Առաջին անգամ Երեւանում եւ Գյումրիում ընկերությունը նախաձեռնել է “Եվրատեսիլի” հանրային դիտումներ: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը հնարավոր կլինի դիտել բաց երկնքի տակ եւ միասնաբար զորակցել Եվա Ռիվասին: Մինչ այդ “եվրատեսիլյան” համերգի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին “Եվրատեսիլին” մասնակցած կատարողներ տարբեր երկրներից: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: