Էմմին, Միհրանն ու Ռազմիկը պարզելու հարցեր ունեին Փետրվարի 10-ի երեկոյան Էմմին, Միհրանը, Միացյալ Նահանգներից ժամանած պարողները եւ Ռազմիկ Ամյանը “Segafredo” սրճարանում “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլի հետ կապված հարցեր էին պարզում: Բոլոր հարցերին պատասխանում էր հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը: Էմմին Bravo.am-ին պատմեց, որ իրենց համար կարեւոր է բեմի “վիճակը”: “Բեմի հատակը շատ հարթ պետք է լինի, որ պարողներին ոչինչ չխանգարի: Էլեմենտներ կան` սղլիկ ու հարթ հատակ են պահանջում: Կազմակերպչական ուրիշ հարցեր էլ կար. ուզում ենք 14-ին ամեն ինչ շատ լավ լինի: Ամեն օր փորձերի մեջ ենք”: Էմմին նշեց, որ իրենց դուետի հաղթելու շանսերը հիսուն-հիսուն են. “Ուզում եմ` մեր երկրպագուները չզլանան եւ sms հաղորդագրություն ուղարկեն. յուրաքանչյուր sms կարող է ճակատագրական լինել”: "Դեռ խելոք են, որեւէ մեկը մյուսի մազերը չի պոկել".Դիանա Մնացականյան Դիաննա Մնացականյանը շատ ուրախ է, որ այս տարի պայքարը թեժ է. “Տարբեր խոսակցություններ կան, դրանից բարձրանում է մեր կազմակերպած շոուի դիտողականության աստիճանը: Բայց դեռ խելոք են, որեւէ մեկը մյուսի մազերը չի պոկել առայժմ, հուսով ենք` այս ամենը կանցնի-կգնա, որովհետեւ շարունակելու են աշխատել այս երկրում, երգելու են այս հանդիսատեսի համար”: Միհրանը հոգնել է. քանի օր է` չի հասցնում քնել. “Անցյալ գիշեր էլ չքնեցի, որովհետեւ Ամերիկայում լիքը գործեր ունեմ. գիշերները դրանով եմ զբաղվում, ցերեկները “Եվրատեսիլ”-ով”: Պարող ու երգիչ Միհրանը ոչ մի կասկած չունի, որ հաղթելու են. “Էմմին ու Միհրանը չեն պարտվի, եթե ամեն ինչ արդար լինի: Մենք գիտենք, որ բազմաթիվ երկրպագուներ ունենք: Բոլորն ասում են, որ մեզ հետ են: Մեր ընկեր Ռազմիկ Ամյանն էլ, որ մասնակիցներից է, իր ձայնը տալու է մեզ, մենք էլ` իրեն”: Նա նորից նշեց, որ մի ամիս առաջ է իմացել նախընտրական փուլի մասին: “Ինձ ուրիշ ձեւ էին բացատրել, գիտեի` ինչ պատրաստում ենք Էմմիի հետ, “Եվրատեսիլ”- ի համար է: Դրա համար էինք չորս-հինգ երգ պատրաստել, որ ընտրեին մեկը: Թե չէ ժամանակ չէինք ծախսի` այդքան երգ ձայնագրելով: Կարծում եմ` Էմմին գիտեր նախընտրական փուլի մասին, բայց մենք չէինք զրուցել դրա մասին: Երբ իմացա, սկսեցի մտածել` արժի՞ մասնակցել: Բայց այնքան գործ էինք արել, չուզեցի ջուրը գցել: Ցույց կտանք Հայաստանին` ինչ կարող ենք անել: Ունենք լավ երգ, լավ շոու, երբ գնանք Օսլո, հազար անգամ ավելի լավը ցույց կտանք”,- ասաց Միհրանը: Ռազմիկ Ամյանն էլ է դրական տրամադրված. “Հույս ունեմ, որ նախընտրական փուլում լավ կլինի ամեն ինչ: Իհարկե, ինչ խոսք, կուզեմ, որ ընտրվի երգս: Տեսնենք` ինչ կստացվի”: Այս ամենի մեջ կարող էր Սոֆի Մխեյանն էլ լինել, բայց երգչուհին չցանկացավ: “Շատ ծանր աշխատանքային գրաֆիկ ունեմ: Bravo.am-ի հետ միշտ կապի մեջ եմ, ընթերցողները գիտեն այդ մասին ու, դիտելով կայքի Celebrities բաժինը, հասկացա, որ շատ են հետեւում իմ գործունեությանը”,- ասաց Սոֆին: Երգչուհին նշեց, որ հաճելիորեն ուրախացած եւ զարմացած է: “Չէի սպասում, էրեխեքը զանգահարեցին ու հրավիրեցին այստեղ: Բավական լուրջ, թեժ պայքար է այս տարի: Բայց ինձ ուրախացրեց այն, որ մի քանիսը հավաքվել են իրար կողք, թե ինչ են խոսում իրար հետեւից, դա, կարծում եմ, էական չէ: Կարեւորը ամեն մեկն իր աշխատանքն է անում, ես էլ իրենց կողքին եմ եւ սիրով փետրվարի 14-ին կհետեւեմ նախընտրական փուլին: Կդիտեմ այդ ամենը եւ նոր կունենամ հստակ կարծիք: Բոլորը շատ տաղանդավոր են ու շատ տարբեր”,- ասաց Սոֆի Մխեյանը: Սոֆին տասը մասնակիցներին էլ լսել է. “Հատուկ մի կողմ չեմ բռնի: Դիվանագիտորեն կլինեմ ավելի ճիշտ: Միհրանի եւ Էմմիի երգն ուրիշ զգացողությունների վրա է. աշխարհով մեկ հայտնի պրոֆեսիոնալ պարողներ ունեն, Ռազմիկը փայլուն ձայնային տվյալներ ունի, տարբերվում է շատ, Եվա Ռիվասը ընդհանրապես եվրոպական, հայկական մոտիվներով հետաքրքիր երգ է ներկայացնում…”: Ի դեպ, Սոֆի Մխեյանն այս տարի աշնանը Երեւանում մենահամերգով է հանդես գալու: Իհարկե, Bravo.am-ն առաջինը ձեզ կտեղեկացնի մենահամերգի հետ կապված բոլոր մանրամասներին: “Եվրատեսիլ”- ով վարակվածներին տեղեկացնենք, որ սյսօր նկարահանվելու են մեկ րոպե տեւողությամբ տեսանյութեր, մասնակիցները ողջունելու են հանդիսատեսին, պատմելու են` ինչու են հատկապես այդ երգով ներկայանում, 23:00-ին էլ վիճակահանությունը կլինի: Տեքստը` Լիլիթ Բաբայան /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: