×


Ինչպիսին էր այս տարվա «Հայ Ֆեստը»

16-րդ «Հայ Ֆեստը», որն այս ամսվա սկզբին իր շուրջը հավաքեց երեւանյան հանդիսատեսին, կրում էր «Հայ Ֆեստ՝ անցում դեպի թատերաշխարհ» (HIGH FEST is your PASS to the theatre world) խորագիրը:

Թատերական միջազգային փառատոնն այս տարի հյուրընկալեց 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրերի, նրանց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից եւ այլ երկրներից:


Երեւանյան 13 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 40 ներկայացում: Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիական, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական ներկայացումներ, որոշները՝ բացօթյա տարածքում:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության պարային «Մամացցան», Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի «Բրոդվեյյան հիթերը»: Այն ամբողջությամբ համապատասխանում էր բրոդվեյյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ եւ տոնական տրամադրություն:


Երեւանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոնները, եւ ոչ միայն:
Այս «Հայ Ֆեստն» առանձնացավ սոցիալական թատրոնի ներկայությամբ՝ միտված կատարողական արվեստի խրախուսմանը։ Հատուկ ծրագրերն էին՝ «Եվրոպան փառատոների համար, եւ փառատոները՝ Եվրոպայի» եւ «Պարարվեստի արեւելյան ընկերակցություն»: Առաջինը միտված էր տարածաշրջանի կատարողական արվեստն ինտեգրել եվրոպական փառատոնային միջավայրին: Ծրագիրը կարեւոր էր նրանով, որ ներկա էին եվրոպական լավագույն փառատոների ներկայացուցիչներ, ովքեր աշխատցին հայ մասնագետների հետ՝ նպաստելով նրանց միջազգային առաջխաղացմանը:

Երկրորդը նպատակ ուներ ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների եւ մասնագետների կողմից: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես ցուցադրվեց փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում:


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող փառատոնի շրջանակում արտասահմանյան ներկայացումների մուտքն ազատ է եղել:

«Հայ Ֆեստ» թատերական միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003թ.-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է «Հայ Ֆեստը»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին