×


Իէն Գիլանը խենթացրեց հայերին

Իէն Գիլանը խենթացրեց հայերին

Երեւանյան առաջին համերգն այլեւս իրականություն է Իէն Գիլանը Երեւանում “արկածախնդրության ոգի զգաց” ու որոշեց էլ ավելի թեժացնել մթնոլորտը: Մայիսի 26-ին մայրաքաղաքի զարկերակը ռոքի ռիթմով էր զարկում: “Արամ Խաչատրյան” համերգասրահում էլ հյուրերին “Deep Purple”-ի հնչեցրած ռոքն էր ներարկում խմբի վոկալիստ Իէն Գիլանը: 1990 թվականի մայիսից հետո ռոքի լեգենդի առաջին համերգը Երեւանում այլեւս իրականություն է: “Deep Purple”-ի սուպերհիթերը վայելելու հնարավորություն ունենք նաեւ այսօր` մարտի 27-ին: Ian Gillan “Ֆանտաստիկ է ամեն ինչ, անհավատալի, սուպեր, սուպեր, սուպեր…Շնորհակալ եմ”,- հաճույք էր ստանում երեկոյից եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիրավի փայլուն կատարումից Իէն Գիլանը: Իսկապես, այնպիսի տպավորություն էր, թե այդ երգերը մեր նվագախումբը կատարել է տարիներ շարունակ: Անթաքույց մեծ բավականություն էին ստանում բեմում կատարվողից նաեւ Կորյունը /հարվածային գործիքներ/, Մադաթ Ավանեսովը /ստեղնաշարային գործիքներ/ եւ Մոլիտվինը /բաս կիթառ/: Ian Gillan Իսկ նրան ունկնդրելու եկած հայերը… Նրա երաժշտությունը սիրողների տարիքային սահմանափակում չկա: Նույն խենթացնող էներգիայով էին լցված եւ ամենատարեցները, եւ այն երիտասարդները, որ ամեն կերպ փորձում էին սեղմել լեգենդի ձեռքը: Իէն Գիլանը հանդես է գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Այն ղեկավարում է գերմանացի անվանի դիրիժոր Ֆրիդեման Ռիլեն, ով արդեն երկար տարիներ համագործակցում է Իէն Գիլանի հետ: Ian Gillan Ջինսե տաբատով եւ դասական ֆրակով ելույթ ունեցող Ռիլեն ասում է, որ “Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա”: Այդ կապը երեկ հայերի համար ապահովող դիրիժորը համերգային ծրագիրը բացեց Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետից “Սուսերով պարով”: Ներկայացրեցին նաեւ նույն բալետից “Վարդագույն աղջիկների պարն” ու “Սպարտակ” բալետից “Ադաջիոն”: Իէն Գիլանը թույլ տվեց հանդիսատեսին առաջինը վայելել “Deep Purple”-ի “Highway star” երգը: Մերոնք բուռն կերպով արձագանքեցին հնչող բոլոր երգերին` “Strange Kind Of Woman”, “Woman from Tokyo”, “Ted the Mechanic”,   “Wasted Sunsets”… Ian Gillan Մալերի IV սիմֆոնիայից հետո կրքերը էլ ավել թեժացան: Իէն Գիլանի երգացանկից “No lation for That”-ը շքեղ կերպով բացեց համերգի վերջին հատվածը: Հնչեցին “Fireball”, “Pictures of Home”, “Perfect Strangers” երգերը: “When a Blind Man Cries”-ը, Գիլանի շուրթերով ասած, ֆանտաստիկ էր: Վերջին երկու երգերն էին “Black Night”-ը եւ, անշուշտ, “SMOKE ON THE WATER”-ը: Ի՞նչ էր կատարվում այս երգի ժամանակ դահլիճում, երեւակայեք ինքներդ: Չդադարող բուռն ծափահարություններն Իէն Գիլանին մի անգամ էլ վերադարձրին բեմ երգելու: Բրավո (bravo.am:)) Իէն Գիլանին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ դիրիժոր Ֆրիդեման Ռիլեին` բոլորիս երկու ժամ հաճույք պարգեւելու համար: Ian Gillan Հիշեցնենք, որ համերգներից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ ռոքի այլ աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում: Մարտի 27-ի համերգի վերջին տոմսերը եւս կարող եք ձեռք բերել  Ֆիլհարմոնիայի տոմսարկղից, այն աշխատում է ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ը: Ի դեպ, այսօր եւս կազմակերպիչները զեղչեր են սահմանել մնացած տոմսերի համար` դրանք այժմ վաճառվում են ընդամենը 10 եւ 15 հազար դրամով: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին