×


Ջոն ՄքԼաֆլին

Ջոն ՄքԼաֆլին

“Հայ հանդիսատեսը մեծ բավականություն է ստանալու համերգից” Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը: Համերգի կազմակերպչի` «Վիֆրոգրաֆուս» ընկերության ջանքերով Ջոն ՄքԼաֆլինը Մոնակոյում բացառիկ հարցազրույց է տվել “Արմենիա” հեռուստաընկերության թղթակից Լիլիթ Դավթյանին: Ջոն ՄքԼաֆլինն ու իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցի տեքստը: - Պատմեք Երեւանում կայանալիք համերգի մասին: - Մեր համերգը Երեւանում տեղի կունենա եվրոպական շրջագայության շրջանակներում: Այն սկսվում է ապրիլի 22-ին Նիցցա քաղաքից: Իմ իմացությունները Հայաստանի մասին սահմանափակ են, այսինքն, ես ձեր երկրի մասին գիտեմ երաժշտության միջոցով: Առաջին հայ երաժիշտը, ում ստեղծագործությունները ես լսեցի, ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսն էր: Նրա երաժշտությունը խորաթափանց է եւ հուզիչ: Հայերի մասին ես գիտեմ նաեւ Շարլ Ազնավուրի շնորհիվ: Այնքան թախիծ ու նրբություն կա նրա երգերում: Նա մեծ արտիստ է: Գիտեմ, որ դուք` հայերդ, շատ եք հպարտանում Շարլ Ազնավուրով: Նա իսկական աստղ է: Խոսեմ եւս մեկ հայ երաժշտի մասին. Արտո Թունջբոյաջյան: Նրան, ահա, ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Ի դեպ, կարծում եմ` նա եւս մեզ կմիանա մեր երեւանյան համերգի ժամանակ: Արտոն հիանալի երաժիշտ է, բայց ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային որակները: Նա մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն է: Ջոն ՄքԼաֆլին - Ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը, եւ երաժշտական ո՞ր ոճերին եք նախապատվություն տալիս: - Ասել, որ ես երաժշտական ոճերի մեջ ունեմ իմ նախապատվությունը, եւ սիրում եմ մեկ ոճն ավելի, քան մյուսները, ճիշտ չի լինի: Ես ունեմ ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար, 6 կիթառների համար, որը նախաձեռնեցինք ֆլամենկոյի վարպետ Պակո դե Լուսիայի հետ: Ինձ համար երաժշտությունը մի ադամանդ է, որի բոլոր կողմերն էլ տարբեր են, բայց դրա փայլն ու լույսը նույնն է, որ առկայծում է: Երաժշտությունը կարող է լինել լավը, կամ քիչ լավը, կամ էլ կավ կատարված ու վատ կատարված: Երաժշտությունը մարդկության ձայնն է: Լավ երաժշտության գրավականը ժողովրդի արմատներն են: Ֆոլկը երբեք չի կարող անտարբեր թողնել քեզ. դու այն կզգաս եւ լսելիս անպայման կփշաքաղվես: Երաժշտությունը հիանալի է ու գեղեցիկ, եւ ուրեմն այդ գեղեցկությունը չի կարող կապված չլինել երկնայինի հետ: Հենց այդպիսի երաժշտություն է մատուցում իմ 4th Dimension խումբը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հայ հանդիսատեսն իսկապես մեծ բավականություն է ստանալու համերգից: 4th Dimension քառյակի ստեղծման գաղափարի շուրջ Ջոն ՄքԼաֆլինը մտորել է շուրջ 7 տարի: Վերջապես 2007թ. նրան հաջողվում է մեկտեղել բոլոր այս ճանաչված երաժիշտներին եւ սկսել ստեղծագործական բուռն ու նոր ճանապարհ: Իսկ մինչ այդ երկար տարիների համագործակցություն այլ անվանի երաժիշտների հետ` Մայլզ Դեւիս, Թոնի Ուիլյամս, Սթենլի Քլարկ, Չիք Կորեա, ում հետ էլ երաժիշտն արժանացավ Գրեմմիի: - Չիք Կորեան իմ լավագույն բարեկամներից մեկն է: Առաջին հանդիպումը Չիքի հետ եղել է շատ վաղուց` 41 տարի առաջ: Ես այն ժամանակ իսկական հիպպի էի: Ես ջազ-երաժիշտ եմ, բայց մեծացել եմ բիթլերի հետ. 60-ականներին մենք բոլորս էլ այդ տարերքի մեջ էինք: Մենք Չիքի հետ շատ ենք շրջագայել, եւ ահա մի օր նա զանգահարեց եւ ասաց, որ մենք արդեն խումբ ունենք: Ես չկարողացա դիմադրել, եւ մենք գործի անցանք: - Ինչպե՞ս պատահեց, որ “Գրեմմի” ստացաք: - Ինձ գոհացնում էր իմ աշխատանքը, բայց «Գրեմմիի» մասին երբեք չեմ մտածել, նույնիսկ մոռացել էի այն օրը, երբ պետք է կայանար մրցանակաբաշխությունը: Չիքն ինձ զանգահարեց Լոս-Անջելեսից եւ հարցրեց` ի՞նչ ասեմ իմ խոսքում, եթե «Գրեմմի» ստանանք: Ես ասացի` խոսիր ինչ ուզում ես, ասա քո սրտի ուզածը: Դա իսկապես ինձ համար անակնկալ էր: «Գրեմմիի» անվանակարգերում ես էլի էի առաջադրվել, բայց մրցանակ երբեք չէի ստացել: Հիմա արդեն իմ բարեկամի հետ արժանացա այդ գնահատականին: Զարմանալի համեստությամբ ու առաքինությամբ օժտված Ջոն ՄքԼաֆլին անհատականությունն իր անձի ու կատարած աշխատանքի շուրջ հնչող գովասանքն ու բարձր գնահատականն ընդունում է միայն իսկական տաղանդին հատուկ զսպվածությամբ, եթե չասենք նույնիսկ ամոթխածությամբ: 4th Dimension ու Ջոն ՄքԼաֆլինն իսկապես անհամբերությամբ սպասում են Երեւանում կայանալիք համերգին: Դրան զուգահեռ, իհարկե, կան այլ ծրագրեր եւս: - Առջեւում, իհարկե, շատ ծրագրեր կան, այս Եվրոպական շրջագայությունից հետո աշնանը կլինենք Միացյալ Նահանգներում եւ Կանադայում: Դա միայն այս տարի: Սակայն նախապես ծրագրված շրջագայություններ կան առաջիկա երկու տարիների համար: Այսօր ես արդեն գիտեմ, թե ինչ եմ անելու առաջիկա երկու տարվա ընթացքում. մեծ տուրնե Լատինական Ամերիկայի երկրներում` Արգենտինա, Բրազիլիա: Այդ երկրները եւս ինձ շատ են գրավում իրենց յուրահատուկ երաժշտական մշակույթով: Իսկ մինչ այդ, իհարկե, 4th Dimension-ի ու Ջոն ՄքԼաֆլինի հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW