Ֆրանսիական հաճույքների երեւանյան "քաղցր" բուտիկ:) Մեկ բաժակ էսպրեսսո սուրճով եւ թարմ ու համեղ կրուասանով նախաճաշելն ամբողջ օրվա ընթացքում կապահովի բարձր տրամադրությունդ ու լավ ինքնազգացողությունդ: Ուշադրություն դարձրու, եթե աչքերդ բացելով` քեզ հայտնաբերել ես ոչ թե Փարիզում, որտեղ բոլոր ֆրանսիացիների նման ավանդույթ էիր դարձրել ամեն առավոտ ֆրանսիական նրբահամ հրուշակեղեն վայելել թեյի կամ սուրճի հետ, կամ կարծում ես` այդպես կվարվեիր` այնտեղ լինելու ու բազմաթիվ բուտիկների կողքով անտարբեր անցնել չկարողանալու դեպքում, “համեղ” ցանկություններդ իրագործելու հնարավորություն ունես արդեն Երեւանում: Օրերս մեր մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան 10 հասցեում` “Պիացցա Գրանդե” բիզնես-կենտրոնում, ֆրանսիական հրուշակեղենի բուտիկ-սրահ է բացվել: Ուշադրություն դարձրու արտահայտությունը լատիներենով “Nota Bene” է թարգմանվում, ինչպես եւ կոչվում է այս հաճելի անկյունը:): “Nota Bene”-ն առաջարկում է հրուշակեղենի 17 տեսակ. բուտիկ-սրահից կարող ես գնել ֆրանսիական բաղադրատոմսերով եւ տեխնոլոգիաներով պատրաստված չիզքեյք, տիրամիսու, փարիզյան վանիլային ու շոկոլադե էկլերներ, կեքսեր, կրուասաններ, բրիոշ, սաբլե, բեզե, ծիրանի մուսով մակարոն եւ այլն: Երեւանյան բուտիկ-սրահի գլխավոր հրուշակագործին հանդիպեցինք կեքսեր եւ խխունջներ պատրաստելիս: Նունե Եղիազարյանի խոսքով` այս երկուսն հայ համադամասերների նախընտրելի տեսակներից են: Հրուշակագործը մոտ մեկ ամիս աշխատել է Ֆրանսիայից հատուկ “Nota Bene”-ի մենյուն ստեղծելու համար Երեւան ժամանած Սեբաստիանի հետ, որը եւ իր հմտությունները փոխանցել է Նունեին: “Այստեղ ներկայացված տեսականին համային համադրությունների շնորհիվ բավական յուրահատուկ է: Մենյուն պարբերաբար փոփոխվելու է. Սեբաստիանը մարտին կրկին գալու է Երեւան հենց այդ նպատակով: Միշտ թարմություն է լինելու մեզ մոտ: Ես էլ նվիրվել եմ հրուշակագործությանը, ապրում եմ աշխատանքովս, բնականաբար, ինքս էլ եմ ստեղծագործում”,- ասել է “Nota Bene”-ի գլխավոր հրուշակագործը: Գարուշ Խաժակյանն ամեն առավոտ հրուշակեղենի երեւանյան բուտիկում “Ամերիկանո” սուրճ է ըմպում, որի հետ խնդրում է մատուցել նաեւ իր նախընտրելի “Փարիզ-Բրեստ” էկլերը` նուշի կրեմով: Գարուշը “Nota Bene”-ի հիմնադիրն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` ձգտում են մայրաքաղաքում ամենալավ սուրճը մատուցել. “Առաջարկում ենք միայն էսպրեսսո սուրճ եւ դրա հիմքի վրա պատրաստվող այլ տեսակներ` կապուչինո, մոկկա..: Ի դեպ, սուրճն աղում ենք պատվերը ստանալուց հետո”: “Nota Bene”-ն աշխատանքային յուրաքանչյուր օր իր դռները բացում է առավոտյան ժամը 8:30-ին: “Աշխատանքի գնալուց առաջ կարելի է այցելել այստեղ` վերցնելու նոր պատրաստված կրուասաններն ու թարմ սուրճը, որոնք փաթեթավորվում են: Ի դեպ, ընդմիջման ժամերին էլ է քաղցրավենիքի բուտիկում աժիոտաժ լինում: Շաբաթ օրերն էլ մտադրություն ունենք ընտանեկան, մանուկների համար նախատեսված օր դարձնել”,- ասել է Գարուշ Խաժակյանը: Երեւանում նման բուտիկ-սրահ բացելու գաղափարը Գարուշը հղացել է Թբիլիսիում գտնվելիս. “Այնտեղ հանդիպեցի ֆրանսիական ձեւաչափի հրուշակեղենի բուտիկ-սրահի, ծանոթացա կառավարչի` Ժան Միշելի հետ ու մտքովս անցավ` ինչու մենք էլ նման վայր չունենանք: Ուզում եմ, որ “Nota Bene”-ն դեմոկրատական վայր լինի: Ներկայացված տեսականու գները միջին եւ միջինից բարձր են”: “Ֆրանսիական հրուշակեղենի թաքնված պահանջարկ կա Երեւանում: Թխվածքները յուրահատուկ են, շատ թեթեւ, ու ուտելուց հետո ոչ մի ծանրություն չես զգում”,- նշել է “Nota Bene”-ի Մարքեթինգի խորհրդատու Տաթեւիկ Դաբազյանը: “Եթե ուշադրություն դարձնեն, այցելեն մեզ, փորձեն հրուշակեղենն ու սուրճը, վստահ ենք, կհավանեն ու կդառնան մեր մշտական հաճախորդները”,- նշել է “Nota Bene”-ի հիմնադիրը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: