«Էռնեստը ցանկացավ «ազատ» լինել» Ներկայացնում է WOW ամսագիրը Ամենասկանդալային հայ դիվան` Շպռօտը, որոշեց բացառիկ հարցազրույց տալ WOW-ին ու պատմել իր եւ Էռնեստի բաժանման մասին: - Ինչո՞ւ մեկնեցիր ԱՄՆ ու մինչ այժմ այնտեղ ես: - ԱՄՆ եկա, որպեսզի մասնակցեմ Armenian Golden Star մրցանակաբաշխությանը: «Եղիր ազատ» երգով ներկայացված էի «Կնոջ լավագույն վոկալ» անվանակարգում. ստացա մրցանակը: Օրինական կերպով կարող եմ այստեղ մնալ մինչեւ օգոստոս ամիսը: Այստեղ հանգստանում եմ, ժամանակ առ ժամանակ նաեւ նոր երգեր եմ ձայնագրում տեղի ռոք-խմբերից մեկի հիմնադրի` Նարեկի հետ: Սկզբում ապրում էի հայ հայտնի վարսահարդար Կարենի մոտ, ով ինձ շատ օգնեց, հետաքրքիր ակումբներ տարավ: Իսկ ավելի ուշ տեղափոխվեցի իմ մտերիմ ընկերուհու, երգչուհի Նաիրա Տեր-Կարապետյանի բնակարան: Նա ինձ մոր պես է վերաբերվում ու շատ ուշադիր է խնամում: Այստեղ ծանոթացել եմ բոլոր հարեւանների հետ: Հետաքրքիր է` ամերիկահայերն ինձ ավելի շատ «Որոգայթ» ֆիլմից են հիշում: - Հնարավո՞ր է` շատ հայ հայտնիների պես դու էլ չվերադառնաս Հայաստան ու հաստատվես այդտեղ: - Չէ, անպայման կվերադառնամ: Այստեղ չեմ կարող օրինական մնալ, իսկ ես ցանկանում եմ օրինական կերպով ապրել իմ հայրենիքում: Բացի այդ, կարող եմ հաճախ գալ ԱՄՆ: - Ի՞նչն է քեզ դուր եկել Ամերիկայում եւ ի՞նչը չես հավանել: - Ամենից շատ դուր է եկել բնությունը: Տանել չեմ կարողանում սնունդը: Այստեղ պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի պատրաստածդ ուտելիքը համեղ լինի: Ամեն ինչ ուրիշ համ ունի: Ձվածեղ ես ուտում, ու քեզ թվում է, որ ռեզին ես ծամում: Ինձ շատ է դուր գալիս մարդկանց անտարբերությունը: Դա իր լավ կողմերն էլ ունի: Իրենց քիթը չեն խոթում քո կյանքի մեջ: Շատ եմ հավանել նաեւ ակումբները, հատկապես` գեյ: Այստեղ ինձ ինչպես ջրում եմ զգում. իմ սիրած վայրն է: Նրանք միանգամից գլխիս են հավաքվում, ու ակնհայտ զգացվում է, որ ինձ շատ են սիրում: Հարցնում են` հայտնի՞ ես: Կարծես ինչ-որ բան են զգում: - Ո՞ւմ կամ ի՞նչն ես ամենից շատ կարոտել Հայաստանում: - Վաաաայ, ամենաշատը մամայիս: Հետո Lucky կատվիս: Լացս գալիս ա: Կարոտել եմ բոլոր իմ մտերիմներին, Աբովյան փողոցը, սրճարաններից մեկը, որտեղ ամեն օր մի բաժակ սուրճ ու լիմոնադ էի խմում: Երեւանում չէի զգում, որ այդ ամենը սիրում եմ: - Իսկ Էռնեստի՞ն չես կարոտել: - Ոչ մեկի համար էլ արդեն գաղտնիք չէ, որ իմ ու Էռնեստի համագործակցությունը վերածվեց զգացմունքների: Մենք այդ մասին չէինք խոսում, բայց մարդիկ գլխի էին ընկել. մեզնից լավ գիտեին` ինչը ինչից հետո էր: Մեր հարաբերությունների ճգնաժամը մինչեւ ԱՄՆ գալս սկսվեց: Բայց կռվով, վեճով, ծեծով չավարտվեց, ինչը ինձ մոտ հաճախ է լինում: Իսկ Էռնեստի հետ անհնար է նման խնդիրներ ունենալ, որովհետեւ նա անսահման հանգիստ մարդ է: Մենք բաժանվեցինք. ես մեկնեցի ԱՄՆ, Էռնեստը` Նյու-Յորք: Մեր բաժանումը որոշեց Էռնեստը: Նա ինձ ասաց, որ ուզում է ավելի ազատ լինել: Հաղորդագրությամբ ուղարկեց իմ «Ազատ եղիր» երգից մի հատված: Եվ «ազատ» բառը լիքը «ա»-երով էր գրել, կարծես կալանավորել եմ նրան: Շատ ցավում եմ, որ ինձ հետ նա իրեն ազատ չէր զգում: Ես հարգում եմ նրա որոշումը եւ, բնականաբար, չբռնացա, չփորձեցի պահել նրան: Մեր հարաբերությունների ընթացքում ես հաճախ էի «տաքացած» ասում, որ ուզում եմ բաժանվենք: Բայց դա դյուրագրգիռ աղջկա խոսքեր էին, իսկ բոլորս էլ գիտենք, որ տղաները վճռական են լինում ու որոշումը հազվադեպ են փոխում: - Գուցե սա լավ մտածված PR քա՞յլ է, որպեսզի կրկին խոսեն ձեր մասին, քննարկեն: - Ես այս մասին չէի պատմի, եթե վստահ չլինեի, որ սա լավ PR է Էռնեստի համար: Իսկ ես վաղուց արդեն դրա կարիքը չունեմ, որովհետեւ ստեղծել եմ իմ անունը: Էռնեստը շատ փառասեր է: - Իսկ ես գիտեմ, որ կռվել եք եթերում Էռնեստի հասցեին քո հնչեցրած ինչ-որ սուր կարծիքի համար: Դա ճի՞շտ է: - Ես եթերում այլ մարդ եմ: Դա դեր է, որը խաղում եմ: Ու հաճախ այնպիսի տեսակետներ եմ հայտնում, որոնք կապ չունեն իմ անձնական կարծիքի հետ: Մի անգամ եթերում ասել եմ, որ կցանկանայի կողքիս հասուն տղամարդ լիներ: Դրանից վիրավորվել է Էռնեստի տղամարդկային արժանապատվությունը… Ես այնպիսի մարդկանցից եմ, որ չեմ խուսափում ներողություն խնդրել, եթե սխալ եմ: Իսկ Էռնեստը չցանկացավ պարզաբանել իրավիճակը: Ես սիրում եմ պարզություն: Նա չցանկացավ… - Իսկ այդտեղ` Ամերիկայում, նոր ընկեր գտե՞լ ես: - Անհավանական է, բայց ոչ: Իմ անձի նկատմամբ ուշադրությունը մեծ է, բայց ես չեմ նկատել ինձ հետաքրքրող մեկին: Պետք է գտնեմ: Գարուն է, ու ես չեմ պատրաստվում երկար միայնակ մնալ: Զրույցը` Մհեր Բաղդասարյանի /WOW ամսագիր/ Լուսանկարները` Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: