×


«Ծաղիկներով ժամադրություն» շների հետ

«Դինգո» թիմի կացարանում գտնվող շները հայտնվել են ֆոտոօբյեկտիվի առջեւ, իսկ գլխավոր նպատակն այն է, որ նրանք գտնեն տերերին։ Այս շներից որոշները չեն որդեգրվում այն պատճառով, որ ցեղական չեն։ «Ծաղիկներով ժամադրություն» ցուցահանդեսը միջազգային նախագիծ է, Երեւանում իրականացվում է  «Դինգո» թիմի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանի առաջարկով ու նախաձեռնությամբ:

«Ծաղիկներով ժամադրություն» խորագրով ցուցահանդեսին


«Տարբեր երկրների կացարաններ այս նախագծով ուշադրություն են գրավել, ինչի շնորհիվ շները որդեգրվել են։ Մեր նպատակն էլ նույնն է, որ չնկատված ու լքված շները լավ տերեր ունենան։ Նկարահանման ընթացքում շնիկներին խաղալիքով ու ուտելիքով համոզում էինք, բավական տանջվել ենք, որ լավ կադրեր ստացվեն։ Շնասեր մարդիկ, լուսանկարները տեսնելով, կարող են մեզ հետ կապվել: Ուրախալի է, որ արդեն կան պատրաստակամ մարդիկ։ Նաեւ օգնում ենք կատուներին, բայց կատուների կացարան չունենք, նրանց գործն ավելի հեշտ է, որպես կանոն, «տանը չեն մնում»»,-նշել է Օվսաննան:

Չորս օրում լուսանկարել են 25 շան։ Հեղինակն իրանցի Ժոզեֆ Հաբիբին է, որը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բուսակեր է, այժմ ապրում է Երեւանում. «Ցուցահանդեսի համար ամեն ինչ արագ պլանավորեցինք ու արեցինք։ Շներին նկարելն իր հետաքրքրությունն ունի. նրանցից յուրաքանչյուրն իր խառնվածքն ունի, բայց եթե կարողանում ես լեզու գտնել, հեշտ է ստացվում»,- պատմել է Ժոզեֆը, որը մեր մայրաքաղաքում նախորդ տարի ունեցել է անհատական ցուցահանդես.«Դեռ այստեղ եմ բնակվելու, հետագայում ուզում եմ տեղափոխվել Կանադա կամ Նոր Զելանդիա»։

Լուսանկարիչ Ժոզեֆ Հաբիբին


Բացենք մի գաղտնիք` շները ծաղիկներով չեն լուսանկարվել, դրանց դիզայնով զբաղվել է Նիրվանա Արաբո Սարգսյանը:

Օպերային երգչուհի Ալին Գոյանը հայտնի շնասեր է, այժմ երեք շուն ունի՝ Պուշոկը, Կիտին, Ձինոն.«Այս պահին երկուսն ապրում են ծնողներիս, մեկն՝ ինձ հետ։ Իրականում, ես շներից շատ էի վախենում, երկրպագուներիցս մեկը նվիրեց առաջին շնիկիս, հասկացա, որ անիմաստ է վախենալը։ Երկրորդ շունս ութ տարեկան է: Նրան փողոցից եմ բերել, հիվանդությունները մասամբ բուժել, եւ երջանիկ ապրում է իր կյանքի վերջին տարիները։ Նախորդ տարի եւս մեկին որդեգրեցի, որը ցեղական եւ ոչ ցեղական շան խառնուրդ է, երեւի այդ պատճառով դուրս էին հանել տնից։ Վատ վիճակում էր, ոտքի կանգնեցրի ու չկարողացա բաժանվել, առ այսօր մեր խնամքի տակ է»։

«Ծաղիկներով ժամադրություն» խորագրով ցուցահանդեսին


Երգչուհին նաեւ իրականացնում է կենդանիներին նվիրված ակցիաներ.«Վերջերս ավարտեցինք «Հայտնի մարդիկ՝ հանուն տնային կենդանիների» ֆոտոնախագիծը։ Կոչ էինք անում գնելու փոխարեն որդեգրել, իրականում չի կարելի համոզել, որ կենդանի պահեն. լուրջ պատասխանատվություն է եւ ժամանակատար:  Եթե մարդ շնասեր է, տարբերություն չի դնում ցեղական ու ոչ ցեղական շների միջեւ»։

«Ծաղիկներով ժամադրությունը» «Լոֆթ»-ում կցուցադրվի առաջիկա տասնօրյակում, իսկ լուսանկարների շներից որեւէ մեկին որդեգրելու համար կարող եք դիմել «Դինգո»-ին։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW