×


Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին:

Համերգը կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում: Երեկոյին կհնչեն Կոմիտասի եւ նրա ժամանակակիցների՝ Ռավելի եւ Դեբյուսիի ստեղծագործությունները:

Ծանոթացնելով Կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կտրվի XX-րդ դարի եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը, ստեղծագործական մտքի պատկերավոր ներշնչանքը։


Ծրագիրն ավելի հետաքրքրական եւ յուրահատուկ դարձնելու համար առաջին անգամ թե՛ Կոմիտասի, թե՛ Ռավելի, եւ թե՛ Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, հատուկ այս համերգի համար, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը:

Համերգին հանդես կգա նաեւ սիրված սոպրանո Աննա Կասյանը:

Ադամ Բարրոյի համար շատ կարեւոր էր Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլ նաեւ՝ նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին, միեւնույն ժամանակ՝ արժեւորելով նաեւ հայ երգը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ադամ Բարրոյի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW