2013 թվականը “Empyray”-ի համար հոբելյանական է. լրանում է ռոք-խմբի կազմավորման 20-րդ տարին: Բենդի երաժիշտները մտադիր են այս տարի ավելի ակտիվ ստեղծագործել, համերգներ ու հյուրախաղեր ունենալ, օրեր առաջ էլ նկարահանել են նոր տեսահոլովակ, որը կլինի անիմացիոն լուծումներով:
2013 թվականը “Empyray”-ի համար հոբելյանական է
“Վերադառնում եմ” երգը խմբի երրորդ ձայնասկավառակից է, որի երաժշտության ու խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է: “Այն արտագաղթի մասին է, բայց ինչպես երգում ենք` վերադառնալու հույս կա: Երգը ստեղծվել է 2-3 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, այս թեման հայաստանցիներիս համար ակտուալ է: Ինձ եւս հուզում է, որովհետեւ իմ շրջապատում էլ շատ մարդիկ Հայաստանից գնացել են կամ հիմա են մտածում հեռանալու մասին: Ինքս գնալու մասին չեմ մտածում, Աստված տա, այդպիսի մտադրություն չունենամ”, - BRAVO.am-ի հետ զրուցում նշել է խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը:
"Էմփիրեյ" խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը
Երբ ուղեղը դեկորացիա չէ
Նա վստահ է, որ երգի միջոցով երաժշտասերներին կարելի է հղել մտածված ասելիք. “Եթե մարդ մի փոքր գիտակցություն ունի եւ ուղեղը դեկորացիա չէ, ապա արտագաղթի խնդիրը կանհանգստացնի: Ռոք երաժշտությունը միայն ժամանցի համար չէ, թույլ է տալիս, որ քեզ անհանգստացնող թեմաների մասին գրես, երգես ու ասելիքդ տեղ հասցնես: Ասելիքը որքան էլ կարեւոր է, մեր խմբում շեշտը դնում ենք երաժշտության որակի ու կատարողականության վրա”:
"Էմփիրեյ" խմբի ստեղնահար, երգահան Գիսանե Պալյանը
Խմբի վոկալիստը նաեւ հավելել է, որ առաջիկայում ստեղնահար, երգահան Գիսանե Պալյանն ու կիթառահար Կարեն Արզումանյանը սկսելու են նոր նախագիծ, կլինեն հյուրախաղեր եւ մենահամերգ Երեւանում. “Մեր խմբում ո՛չ ակտիվությունն է ինքնանպատակ, ո՛չ էլ թվացյալ պասիվությունը: Կարող է ճոխ հնչի, բայց այս տարի “Էմփիրեյ”-ի տարի է լինելու: Գարնան վերջին մեծ համերգ ենք տալու, հիմա նախապատրաստման փուլում ենք, ուզում ենք հանդիսատեսի համար անսպասելի ու յուրահատուկ համերգ լինի”:
"Էմփիրեյ" խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը
Սարգիս Մանուկյանը խմբից առանձին նաեւ երգում է ակումբներում, որից ստացած եկամուտը, նրա խոսքով, ապրուստի հիմնական միջոցն է. “Հայաստանում ռոք-խմբով հնարավոր չէ կոմերցիոն միջոցառումների մասնակցել ու փող աշխատել, ինչքան էլ մեզ համար տխուր է, մեր երկրում եկամտաբեր երաժշտությունը ոչ մի աղերս չունի որակի կամ ասելիքի հետ”:
Նշենք, որ “Վերադառնում եմ” երգի տեսահոլովակի ռեժիսորը Բաբկեն Ադամյանն է, գաղափարը Մուշեղ Գարուկյանինն է, իսկ պրեմիերան նախատեսված է փետրվարի վերջին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: