Հայկական ժամանակակից երաժշտությունն այսօր մեծ կորուստ է ունեցել: Մարտի 28-ին 92 տարեկան հասակում մահացել է անվանի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը: Մաեստրոն, որի ծննդյան 90-ամյա հոբելյանը երկու տարի առաջ նշվեց Կամերային երաժշտության տանը, եղել է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր:
Անվանի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը
Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 23-ին` Երեւանում: Նրա ստեղծագործությունները կատարել են Եվգենի Մռավինսկին, Վալերի Գերգիեւը, Օհան Դուրյանը եւ այլք: Հայ դասական երաժշտության հիմնադիրներից Ալեքսանդր Սպենդիարյանը աջակցել է նրան եւ ողջունել տաղանդը:
1941 թվականին մաեստրոն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, 1946-ից 1948 թվականներին շարունակել է ուսումը Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954-91 թվականներին նա եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը: 1970-2008 թվականներին դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, պրոֆեսոր էր:
Ալեքսանդր Հարությունյանն ու Էդուարդ Միրզոյանը
Ալեքսանդր Հարությունյանի հայտնի ստեղծագործություններից են շեփորի եւ նվագախմբի համար գրված Կոնցերտը, “Հանդիսավոր ձոն եւ քայլերգը’’, “Հայրենիք’’ կանտատը, “Տոնական նախերգանքը’’, “Հայկական ռապսոդիան’’, “Հայաստան 88’’ ստեղծագործությունները եւ այլն: Մաեստրոն հայտնի է նաեւ թատրոնի եւ կինոյի համար գրված իր ստեղծագործություններով:
“Ինձ համար Ալեքսանդր Հարությունյանն իր գործի մեջ պրոֆեսիոնալի իսկական օրինակ է’’,- BRAVO.am-ի հետ զրույցներից մեկում ասել էր երիտասարդ ջութակահար Կարեն Շահգալդյանը:
BRAVO.am ցավակցում է մաեստրոյի հարազատներին, ինչպես նաեւ գործընկերներին եւ երկրպագուներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: