Աննա Հարությունյանը թատրոնում հանդես է գալիս ինչպես կատակերգական, այնպես էլ ողբերգական կերպարներով. ուսանողական տարիներից աշխատում է “Գոյ” փորձարարական թատրոնում: 23-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է` իրեն ճանաչում են որպես “Գեներալի աղջիկ” սերիալի Լուսինե, շատերն իրական անուն-ազգանունն էլ չգիտեն:
Աննա Հարությունյանը
Հասունանալ ու չգայթակղվել
Սովորել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Մինչ երրորդ կուրսի ավարտը նա մեզ արգելել էր նկարահանվել սերիալներում, ինչն իր հոյակապ կողմն ուներ, ինչքան էլ ուսանողներով հոգու խորքում դեմ էինք այդ որոշմանը: Բայց մեզ հնարավորություն էր տրված հասունանալու, ավելի հետեւողականորեն ընտրելու առաջարկվող դերերը եւ չգայթակղվելու առաջին իսկ պատահած առաջարկով:
Դեռ առաջին կուրսից մասնակցել եմ բուհական ներկայացումներին: Ամենանշանակալիցը Ժան Պոլ Սարտրի “Դռնփակ” պիեսում Ինեսի կերպարի մարմնավորումն էր, իսկ դրանից հետո ինձ համար կարեւոր էր Աննա Հեքեքյանի բեմադրությամբ Թենեսի Ուիլյամսի “Ենթակա է քանդման” ներկայացումը, որն անվանափոխել էինք “Դատապարտված է քանդման”: Արդեն երկրորդ կուրսի ավարտին սկսեցի խաղալ “Գոյ” թատրոնում:
Աննա Հարությունյանը
“Մարզասրահ այցելելու պես մի բան”
Առաջին անգամ նկարահանվել եմ “Որբեր” հեռուստասերիալում. լավ առիթ էր տեսախցիկի առջեւ հղկվելու եւ ինձ կողքից տեսնելու: Ես սերիալին դրական տեսանկյունից եմ նայում, որովհետեւ եթե դու կրթված դերասան ես, ամենօրյա նկարահանումները մարզասրահ այցելելու պես մի բան են դառնում: Ի վերջո, չեմ կարող հրաժարվել այն հաճույքից, որ ինձ ավելի շատ են հիմա ճանաչում:
Խմորի նման հունցվել
Միգուցե ինձ իմ իրական անունով չեն հիշում, որովհետեւ միշտ կերպարներիս անուններով եմ հանդես եկել, իսկ այն դերասանները, որ նաեւ հաղորդավարությամբ են զբաղվում, անուններով հիշվում են: Ես երբեւիցե չեմ վարել ծրագիր, այդպիսի առաջարկ չեմ էլ ստացել: Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ կա մի վայր, որտեղ կրթում են դերասանների: Ինձ թատերական ինստիտուտի հետ կապողը եղավ Լեռնուհի անունով մի աղջիկ, որը միաժամանակ սովորում եւ աշխատում էր թատրոնում եւ նրա օգնությամբ սկսեցի պատրաստվել ընդունելության քննություններին: Մտածում էի` քիչ պարապելով չեմ կարողանա ընդունվել, բայց հասկացա՝ դերասան լինելու համար պետք չէ պատրաստվել, պետք է ունենաս տաղանդ ու ուսանողական տարիներին խմորի նման հունցվես: Եթե դու սիրես բեմը, բեմն էլ քեզ կսիրի:
Աննա Հարությունյանը
Դերերը` դեպրեսիաների պատճառ
Իմ սիրած գործով եմ զբաղվում ու դրա համար վարձատրվում եմ: Ինչպես ասել է հանրահայտ ռեժիսոր Պիտեր Բրուքը, դերասանի համար ամեն մի կերպար ու ներկայացում նոր ճանապարհորդություն է, կարեւոր է, թե ինչպես ես անցնում այդ ճանապարհը: Դերերիս հետ կապված բարդություններ միշտ ունեցել եմ, նույնիսկ դեպրեսիաների պատճառ են եղել, իսկ այսօր այնքան պարզ բաներ են թվում:
Սպառվելու խնդիր
Կան տեսարաններ, որոնցով իմ հեռուստադիտողին հուզել եմ, մեծամիտ թող չհնչի, բայց ես իմ նկարահանման օրը տոն եմ դարձնում, ուրախանում եմ, որ նկարվում եւ ներկայանում եմ մարդկանց: Ուզենք, թե ոչ, սերիալները սերունդ են կրթում, կուզեի, որ դերասանները հետեւեն իրենց խոսքին եւ տեսքին: Ամիսներ շարունակ նույն դերով ներկայանալիս սպառվելու խնդիր կա, այստեղ օգնության է գալիս թատրոնը, որտեղից “գողանում” ու սերիալի դերիդ տալիս ես նոր տրամադրություն ու գույներ: Սերիալը կարելի է դատել տեսարաններով, իմ կարծիքով` վերջին սերիալում ունեմ հաջողված 7 տեսարան, քիչ է, բայց ես ընդամենն այդքանն եմ հավանել:
Աննա Հարությունյանը
“Աստղայինս տարել է դեռ իմ ծնված օրվանից:)”
Երբ ինձ մի անգամ ասացին` սերիալում նկարահանվելուց հետո աստղայինս տարել է, պատասխանեցի` աստղայինս տարել է դեռ իմ ծնված օրվանից:): Իրականում սերիալում նկարվելն ինձ համար դեռ աստղային ժամ չէ. մի քիչ փշերով, մի քիչ վարդերով ճանապարհ է, որը հարթում եմ եւ նպատակասլաց շարժվում դեպի ճակատագրով սահմանված կետը: Ոչ մի բան անիրականանալի չէ, օրինակ` ես չունեի ավտոմեքենա, այսօր ունեմ, որովհետեւ մեծ ցանկություն ունեի:
“Իմ ընտրյալը դերասանության հետ կապ չունի”
Լինելով երիտասարդ կին` ուզում եմ իմ ընտանիքը կազմել: Հասկացող ամուսին ունենալու դեպքում գործնական հարցերը հեշտ են լուծվում: Ամուսնության փուլում ավելի լրջանում ու հասունանում ես: Իմ ընտրյալը դերասանության հետ բացարձակ կապ չունի, բայց արգելքներ չի դնում: Մեր դեպքում ամեն ինչ փոխհամաձայնեցված է, մեկս մյուսի ազատությունը չենք սահմանափակում: Դեռ պաշտոնական ոչինչ չի եղել, գուցե ավանդական հարսանիք չլինի, բայց եկեղեցում կպսակադրվենք:
Աննա Հարությունյանը
Միշտ ասում եմ, որ դերասանությունը կյանքի փորձն է. քո սեփական փորձով ես խաղում: Օրինակ, երեք տարի առաջ մի ներկայացման մեջ հասուն կնոջ կերպար պետք է խաղայի, բայց այդ ժամանակ ես կին չէի, 19-ը տարեկան աղջիկ էի ու հասկանում էի, որ մեծ տարիքում կկարողանամ խաղալ այդ դերը:
Լողավազան եւ արեւայրուք
Իմ առօրյայում շատ կարեւոր տեղ ունի մարզասրահ գնալը: Նաեւ սիրում եմ պարել, բայց պարի չեմ հաճախել: Իսկ ամռան շոգ օրերին լողալն ու արեւայրուք ընդունելն իմ սիրելի զբաղմունքներից են:
“Ճանաչենք սեփական փոքրությունը”
Այս տարի ավարտեցի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի արվեստաբանության բաժնի մագիստրատուրան: Ընդհանուր զարգացվածության համար շատ գրքեր եմ կարդում: Դերասանի համար միայն տաղանդը քիչ է, աշխատասիրություն պետք է ունենաս, մի քիչ երկար կանգնես հայելու դիմաց, բայց ոչ մեծամտությունից դրդված… Հիշենք Մերիլին Մոնրոյին եւ ճանաչենք սեփական փոքրությունը:
Աննա Հարությունյանը
“Ի դեպ, մեծ թերություն ունեք. սերիալներ շատ եք նայում:)”
Մոլիերի “Սկապենի արարքները” ներկայացման մեջ երեսառած, կիսամերկ եւ մաստակ ծամող գնչուհու եմ մարմնավորում, որը մեկի ձեռքի ափը նայելիս ասում է` “ի դեպ, մեծ թերություն ունեք. սերիալներ շատ եք նայում”: Ամեն անգամ սպասում եմ հանդիսատեսի ռեակցիային: Երբ սերիալ նայողը ինձ թատրոնում է տեսնում, սպասում է սերիալի տխուր կերպարներին, բայց սիրում եմ բազմատեսակ դերերում հանդես գալ: Վերջերս հենց այդ ներկայացումը խաղալիս 38 աստիճան ջերմություն ունեի, մտնելով բեմ՝ հասկացա, որ ոչինչ չեմ հիշում… Խաղընկերս սկսեց տեքստերն ասել, ուղղորդել ինձ: Այդ վայրկյաններն ինձ շատ երկար թվացին: Հետաքրքիրն այն էր, որ մեր հնչունային ռեժիսորն ասաց՝ երեք տարվա ընթացքում ամենալավն այդ օրն եմ խաղացել: Երբ նույն ներկայացումը Գյումրիում էինք խաղում, խաղընկերս ինձ գրկել էր եւ չգիտեր՝ որտեղ “դնել”, մի կին դահլիճից գոռաց. “Բեր, բեր, մենք կպահենք:)”:
Աննա Հարությունյանը
Իսկ մայիսին հանդես եկա “Սիրահարված տաքսիստը” կատակերգական ներկայացման մեջ: Մերիի կերպարը հնարավորություն տվեց նորովի ներկայանալ, քանի որ “Գոյ” թատրոնում էքսպերիմենտալ աբսուրդի ժանրին պատկանող ծանր բեմադություններ են: Սեպտեմբերից կսկսենք նոր թատերաշրջանը:
“Սիրում եմ երկրորդ պլանի դերեր”
Երկրորդ պլանի դերերում կարող ես փայլել: Ինձ համար շատ հետաքրքիր է թատրոնում խաղալ բացասական եւ երկրորդ պլանի դերերում, այդպես խաղացի “Մակբեթթ” ներկայացման մեջ: Իսկ կյանքում սիրում եմ առաջին պլանը, դեռ մանկուց ունեմ լիդերին բնորոշ հատկություններ, մինչեւ վերջ գնում եմ ցանկություններիս ետեւից:
Հայտնի դառնալուց հետո ավելի մեծ ցանկություն ունեմ ավելի լավ խաղալ ներկայացումներում, ավելի զարգանալ ու ինքնակրթվել: Սերիալը մի փուլ է, որ պետք է հաղթահարենք ու գնանք դեպի առաջ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Խանդութ Պարույրյանի
Հարցազրույցն ու լուսանկարահանումն իրականացվել է “Հրազդան” հյուրանոցում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: