Հայազգի հայտնի պորտապարուհի Աննա Պիպոյանը շարունակում է գրավել Միացյալ Նահանգները: Դոն Օմար, Բեյոնսե, Բարբարա Ուոլթեր, Օսկար դե լա Ռենտա, “Guns N' Roses”-ի մենակատար Էքսլ Ռոուզ, Մարկ Ջեքոբս, Փաթթի ԼաԲելլ... Նրանց հետ համագործակցությունը Աննային հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում:
Պորտապարուհի Աննա Պիպոյանը
Աննան արվեստագետների ընտանիքից է, ծնվել է Երեւանում, ապա տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Հայրը, ով մահացել է 4 տարի առաջ, երգիչ Միքայել Պիպոյանն էր, հորաքույրը հայտնի երգչուհի Լիլիթ Պիպոյանն է: Մայրը` բժշկուհի Կարինե Տատյանը, Աննայի հետ բնակվում է Նյու Յորքում: Նա շատ է կարեւորում մոր աջակցությունը, որին էլ վերագրում է բոլոր լուրջ հաջողությունները, որոնց հասել է ԱՄՆ տեղափոխվելուց հետո: “Մայրս իր ողջ կյանքը նվիրել է ինձ ու իմ հաջողություններով է ապրում”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աննան ու ավելացրել, որ սիրում է լիրիկական երգեր լսել, բանաստեղծություններ է գրում: Արդեն ձայնագրված երկու երգ ունի, չի համարում, որ իր ձայնը հարմար է երգելու համար, ուստի մինչ այս պահը չի հրապարակել այդ երգերը, բայց չի էլ բացառում, որ մի օր կլսենք նաեւ երգչուհի Աննա Պիպոյանի մասին:)
-Աննա, ամենասկզբում բալետի պարուհի էիր: Խոսենք կարիերայիդ այդ շրջանի մասին:
-Սկսել եմ պարել հինգ տարեկան հասակից. ընդունվեցի Հայաստանի բալետի լավագույն դպրոցը, որը կոչվում էր Բալետի եւ ազգային պարերի համալսարան: Այնտեղ 10-ը տարի եմ սովորել: Սիրում էի բալետ, բայց ավելի շատ հետաքրքրված էի աշխարհի ժողովուրդների պարերով: Ուզում էի պարի միջոցով ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին: Պարն ինձ համար միջոց է ներկայացնելու ինքս ինձ, պարի լեզվի միջոցով շփվում եմ հանդիսատեսի հետ: Գիտեք, երբ պարում եմ տարբեր ժողովուրդների ազգային պարեր, կարծում եմ` սովորում եմ այդ երկրների լեզուն:
Պորտապարուհի Աննա Պիպոյանը
-Ո՞րն էր բալետը թողնելու եւ պորտապար պարելով զբաղվելու պատճառը:
-Երբ դեռահաս տարիքում հայտնվեցի Նյու Յորքում, շատ էի ցանկանում շարունակել պարով զբաղվել, եւ ոչ ոք չխոչընդոտեց իմ պլաններին: Տարբեր ժողովուրդների պարերը կրկին ձգում էին ինձ: Ես ֆլամենկոյի պարապմունքների գնացի: Անկեղծ ասած, ֆլամենկոն իմ երկրորդ կիրքն է: Նյու Յորքում ֆլամենկոյի հայտնի վարպետ Անդրեա դել Կոնտեի հետ մասնակցել եմ պարային տարբեր նախագծերի: Հետո, ճիշտն ասած, իմ սիրելի մայրիկի հորդորով սկսեցի պորտապար ուսումնասիրել: Սկզբում տատանվում էի, քանի որ ոչինչ չգիտեի պարային այդ արվեստի մասին: Բայց որոշեցի փորձել, ու պատկերացրեք, սիրեցի այն, ու դրանից հետո երբեք չեմ դադարել պորտապար պարել: Շատ ոգեշնչող է. ամեն օր նոր բան եմ սովորում: Ստեղծել եմ իմ սեփական ոճը: Այն կոչվում է “Bellymod”` մոդեռն պարերի եւ պորտապարի խառնուրդ է: Արդեն 10-ը տարի է, ինչ զբաղվում եմ պորտապարով ու գնալով կատարելագործվում եմ:
Աննա Պիպոյանն այլ պորտապարուհիների հետ
-Խոսենք Բեյոնսեի, Դոն Օմարի ու մյուս “աստղերի” հետ քո համագործակցության մասին:
-Դե երբ դու պարում ես եւ դա անում ես ամբողջովին տրվելով պարին, պետք է որ գտնվեն մարդիկ, որոնք կնկատեն քեզ: Այդպես եղավ նաեւ իմ պարագայում: “Youtube”-ում տեղադրված իմ պարային վիդեոները դիտելով` ինձ զանգահարեց Դոն Օմարի պրոդյուսերը, եւ ես հայտնվեցի Դոն Օմարի երաժշտական տեսահոլովակում: Առաջին անգամ էր, երբ պարում էի` փաթաթված ութ ոտնաչափ երկարությամբ օձով: Գիտեք, Դոն Օմարը չէր թողնում, որ իրեն մոտիկ կանգնած պարեմ, օձից էր վախենում: Իսկ ես չէի վախենում:) Դոն Օմարը հիանալի տղա է, շատ համեստ: Նկարահանումները երեք օր տեւեցին, ու շատ լավ ստացվեց:
Դրան հաջորդեց երկրորդ վիդեո-ռեմիքսը` “Belly Danza with Beeny Man” անունով: Դոն Օմարի այդ տեսահոլովակում էլ կարող եք գտնել ինձ:
Ինչ վերաբերում է Բեյոնսեի հետ համագործակցությանը, ապա դա տեղի ունեցավ այսպես. նրան հրավիրել էին հանդես գալ Դուբայի դեսպանի ողջույնի փարթիին: Ու ես էի այդ երեկոյի “Entertainment”-ի հարցերով կազմակերպիչը: 6 պարողի մասնակցությամբ շոու էի կազմակերպել, վերջում էլ օձին փաթաթված պարեցի, ինչը Բեյոնսեին շատ դուր եկավ:
Աննա Պիպոյանը եւ Բեյոնսեն
Հիմա էլ եմ կազմակերպչական աշխատանքներով զբաղվում: Ես կազմակերպիչ եմ, պրոդյուսեր, խորեոգրաֆ, պարուհի: Նրանք ինձ, օրինակ, ասում են` Աննա, կազմակերպիր արաբական գիշերների փարթի, ու Աննան կազմակերպում է: Բացի դա, մասնակցել եմ նաեւ “America's Got Talent” մրցույթին, ինչը եւս մեծ փորձ էր: Նախապես չէի պլանավորել մասնակցել, բայց նորից ինձ գտան ու հրավիրեցին: Լավ եմ հիշում հատկապես հայտնի հաղորդավարուհի Շարոն Օսբըրնի գնահատականն իմ ելույթին: Նա ուղղակի ասաց. “Աննա, դու իմ երբեւէ տեսած ամենալավ պորտապարուհին ես”:
Համագործակցել եմ նաեւ այնպիսի “աստղերի” հետ, ինչպիսիք են Բարբարա Ուոլթերը, Օսկար դե լա Ռենտան, “Guns N' Roses”-ի մենակատար Էքսլ Ռոուզը, Մարկ Ջեքոբսը, Փաթթի ԼաԲելլը...
Պորտապարուհի Աննա Պիպոյանը
- Պորտապարից բացի էլ ո՞ր պարերն են քեզ հոգեհարազատ:
-Այդ հարցին լիովին պատասխանել չեմ կարող: Դա նույնն է, ինչպես հարցնել, որ երեխայիդ ես ամենաշատը սիրում: Սիրում եմ բոլոր պարերը: Ջազից մինչեւ մոդեռն, հիփ հոփից մինչեւ բալետ, աֆրիկյան պարերից մինչեւ պորտապար: Բայց առանձնահատուկ սեր ունեմ ֆլամենկոյի նկատմամբ, հիմա աշխատում եմ շարժումներն ավելի հղկելու վրա: Այս պահին գնչուական ոճի ֆլամենկո եմ պարում:
-Ապագայում պլանավորո՞ւմ ես գալ Հայաստան` հայ հանդիսատեսին եւս ներկայանալու:
-Շատ կցանկանայի գալ, եթե լավ կազմակերպվեր: Չէ որ հենց հայերն են իմ ամենամեծ քննադատները: Քանի որ ես հայ եմ, ինձնից սպասում են կատարյալ ելույթներ: Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ Հայաստանում իմ պարային շոուն կկազմակերպվի:
Պորտապարուհի Աննա Պիպոյանը
-Գիտեմ, որ ներկայումս աշխատում ես ուսուցողական DVD-ի վրա, որը պատրաստ կլինի օգոստոսի վերջին: Այն հասանելի լինելո՞ւ է Հայաստանում:
-DVD-ում ներկայացված է իմ ստեղծած “Bellymod” պարային ոճը` մոդեռն պարերի եւ պորտապարի խառնուրդը: Ես արդեն սովորեցնում եմ այն իմ աշակերտներին` պարի երեք տարբեր դպրոցում: Սկզբում տեսասկավառակը կտարածվի այստեղ` Նյու Յորքում: Կարելի է մտածել նաեւ Հայաստանում տարածելու մասին:
-Գիտեմ որ ծննդյանդ օրը յուրահատուկ ձեւով ես պատրաստվում նշել:):
- Այո, օգոստոսի 15-ին` ծննդյանս օրը, մեծ համերգ եմ կազմակերպելու: Շոու է լինելու: Նախկինում էլ եմ նման բաներ կազմակերպել իմ երաժիշտ ընկերոջ հետ: Այս տարի ավելի շատ համերգի է նման լինելու, մասնակցելու են տարբեր պարողներ, երգիչներ, երաժիշտներ: Սա հիանալի իրադարձություն է, որտեղ առկա են պարերի տարբեր տեսակներ: Սա նաեւ հնարավորություն է ներկայացնել իմ նոր պարերը: Բացի դա, օր օրի մեծանում է իմ` «Anna's World entertaiment” ընկերությունը, որն օգնում է երիտասարդ պարողներին դրսեւորել իրենց: Շոու-ծրագրեր ենք կազմակերպում ամենատարբեր ոճեր նախընտրող պատվիրատուների համար:
Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Պիպոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: