BRAVO.am-ն արդեն պատմել է Փարիզում տեղի ունեցած հայ ոսկերիչների միջազգային ցուցահանդեսի մասին: Այս միջոցառման փակման արարողությունը նշանավորվել է աննախադեպ մի ցուցադրությամբ. մեկ ժամով ներկաներին իր փայլով շլացրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը, որը պատկանում է Նյու Յորքի “HB group” կազմակերպության հայազգի սեփականատեր Հակոբ Բարդագլյանին:
110 կարատանոց այս ադամանդը գնահատվել է 15 միլիոն դոլար
110 կարատանոց այս գոհարը ստացվել է 200 կարատանոց ադամանդի 9-ամսյա մշակումից հետո: Հայ վարպետի ստեղծած մատանին, որի վրա տեղադրված է ադամանդը, գնահատվել է 15 միլիոն դոլար։ Այն ավելորդ զարդարանքներ չունի, սակայն նրբագույն աշխատանքի արդյունք յուրահատուկ հմայքը տեսանելի է ցանկացած անկյունից դիտելիս:
Աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը պատկանում է հայազգի Հակոբ Բարդագլյանին
Նշենք, որ այս ադամանդը նախատեսված էր ցուցադրել միջոցառման երեք օրվա ընթացքում, սակայն “Grand Hotel Intercontinental” փարիզյան հյուրանոցը, որտեղ կայանում էր ցուցահանդեսը, հայ ոսկերչին խնդրել է միայն մեկ ժամով այն ներկայացնել` անվտանգությունը պատշաճ կազմակերպելու համար։
Հակոբ Բարդագլյանը տեղադրում է մատանին հյուրերին ցուցադրելու համար
Թանկարժեք քարի տերն այն տեղադրել է հատուկ պատվանդանի վրա փետրվարի 18-ի երեկոյան, որից հետո Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը եւ Հակոբ Բարդագլյանը կտրել են սրահի կարմիր ժապավենը եւ հրավիրել բոլորին դիտելու զարդը։
Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Ղուկասյանի /Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: