×


Ավիշայ Քոենի եւ Take6-ի համերգներով Երեւանում կտոնեն Լեւոն Մալխասյանի 75-ամյակը

Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանում այս ամիս կկազմակերպվեն համերգներ՝ հանրահայտ արտիստների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի եւ դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):


Դեկտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Երեւանում աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը ելույթ է ունենալու առաջին անգամ:


Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լեւոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը եւ նրա ընկերները:


Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:

Լեւոն Մալխասյանը 1963 թվականին Երեւանում կազմավորել է առաջին ջազ եռյակը, որը հետագայում անվանվել է «Լեւոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որին ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ: 1998թ.-ին Երեւանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000-ին` երկրորդը, 2006-ին` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան են ժամանել ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր: 2007-ին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013-ին` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին