Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, մեկնարկել է մեծագույն կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը: 8-րդ անգամ Երեւանը 8 օր շարունակ կշնչի խաչատրյանական երաժշտությամբ:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի բացմանը
Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ հովանու ներքո իրականացվող մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել 2010 թվականի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին, որին նվագակցել, ինչպես նաեւ երեկոյի ողջ ընթացքում հանդիսատեսին հաճելի երաժշտություն է մատուցել 2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբ համարվող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Այս տարվա մրցույթի անցկացման մանրամասների եւ մասնակիցների մասին BRAVO.am-ին պատմել է "Արամ Խաչատրյան-մրցույթ" մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:
Ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին
- Արամ Խաչատրյանի անվան մրցույթն առաջին անգամ իրականացվել է 2003 թվականին: Սկզբում հայտարարվել է դաշնակահարների մրցույթ, հետո արդեն կայացել են նաեւ ջութակահարների, կոմպոզիտորների մրցույթները: Ովքե՞ր են մրցելու այս տարի:
- 2003 թվականին ամբողջ աշխարհը նշում էր Արամ Խաչատրյանի 100-ամյակը, եւ ՅՈԻՆԵՍԿՕ-ն այդ տարին հռչակեց Խաչատրյանական: Դա խթան հանդիսացավ, որ սկսենք մրցույթը, որն ամեն տարի անցկացվում է կոնկրետ մասնագիտության համար` ջութակահար, դաշնակահար, թավջութակահար: 2011 թվականին առաջին անգամ կոմպոզիտորներն են մրցել: Այս տարի մրցույթը կազմակերպվել է ջութակահարների համար:
-Ե՞րբ է հայտարարվել այս տարվա մրցույթի ընտրական փուլը:
-Այս տարի ընտրական փուլ չենք ունեցել: Ընդունել ենք հայտ ներկայացրած բոլոր մասնակիցներին: Բայց հաջորդ տարի, հավանաբար, մրցույթի կարգը կփոխվի եւ ընտրական փուլ կլինի:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի բացմանը
-Քանի՞ ջութակահար է մասնակցում մրցութային փուլերին:
-40 հայտ ենք ստացել, բայց փաստաթղթային որոշ խնդիրների պատճառով ներկայացել է 32 մասնակից: Կարող եմ ասել, որ ժյուրիին շատ բարդ օրեր են սպասվում: Մրցութային 7 օրվա համար 32 մասնակիցը շատ է: Նախորդ տարիներին ավելի քիչ մասնակիցներ ենք ունեցել, եւ ոչ թե այն պատճառով, որ քիչ հայտեր ենք ստացել, այլ մրցույթի պայմաններից ելնելով: Եղել են մասնակիցներ, որոնք հրաժարվել են կատարել Արամ Խաչատրյանի Կոնցերտն ամբողջությամբ: Կա երկու ստեղծագործություն, որոնք մասնակիցները մրցույթի շրջանակում պետք է պարտադիր կատարեն. առաջին փուլում դա Արամ Խաչատրյանի “Երգ-պոեմ”-ն է, երկրորդ փուլում` “Պարը”: Պարտադիր են նաեւ Պագանինիի, Բախի, Մոցարտի կոնցերտներից մեկ մաս:
-Ո՞ր երկրներն են ներկայացնում մասնակիցները:
- Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ մեծանում է մրցույթի աշխարհագրությունը: Այս տարի մասնակիցները ներկայացնում են աշխարհի շուրջ 20 երկիր, այդ թվում` Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Կոլումբիան, Կորեան, Ճապոնիան, Չինաստանը: Մեզ համար ուրախալի էր տեղեկանալ, որ տարբեր երկրներից հայտնի դասախոսներն իրենց աշակերտներին հատուկ ուղարկել են Հայաստան` մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան մրցույթին:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի մասնակիցներից
-Կպատմե՞ք մրցույթի անցկացման կարգի մասին:
-Բացումն արդեն եղել է: Մրցույթի առաջին փուլը կանցկացվի այսօր եւ վաղը, երկրորդ փուլը` 9-ին ու 10-ին, իսկ հունիսի 12-ին կկայանա երրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները կներկայանան Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Հունիսի 13-ին կկայանա գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթի հաղթողները: Ի դեպ, շատ անակնկալներ են սպասվում գալա համերգի ընթացքում:
-Ովքե՞ր են մրցույթի ժյուրիի անդամները:
-Այս տարի ժյուրիի անդամները, ինչպես եւ նախորդ տարիներին, պրոֆեսիոնալներ են: Ժյուրիի նախագահն է մեր լավագույն ջութակահարներից Էդուարդ Թադեւոսյանը, իսկ կազմում են ջութակահար Կարեն Հարությունյանը` Բելգիայից, Տանյա Դորնը` Գերմանիայից, ջութակահարներ Հարալդ Հերցլը եւ Բորիս Կուշնիրը` Ավստրիայից, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Կրավչենկոն եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող ջութակահար Իգոր Պետրուշեւսկին:
Նազենի Հովհաննիսյանը
-Ի՞նչ է տալիս մրցույթը մասնակիցներին, բացի դրամական եւ հատուկ մրցանակներից:
-Նախ, մասնակիցները հնարավորություն կստանան ելույթ ունենալ “AMG Artists” գործակալության ներկայացուցչի առջեւ, ինչը հնարավորություն կտա նրանց հանդես գալ տարբեր երկրների հայտնի նվագախմբերի հետ: Միայն այն, որ հնարավորություն ենք տալիս մասնակիցներին վարպետության դասեր անցնել ժյուրիի անվանի անդամների մոտ, արդեն մեծ առավելություն է:
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: