Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանին ավելի հաճախ ճանաչում են սերիալներից, բայց նա իրեն թատրոնի մարդ է զգում ու համարում: Դերասան Անդրանիկ Զաքարյանի դերասանուհի կինը հիմա հղի է եւ աշխատանքային դադար է վերցրել:):
Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանը եւ Արաքսյա Մելիքյանը
Դերասանների ընտանիքում մայիսին կծնվի երկրորդ երեխան, իսկ առաջնեկը` Գուրգենը, 5 տարեկան է. “Բալիկիս սեռը դեռ չենք պարզել: Ինձ համար միեւնույն է աղջիկ կծնվի, թե` տղա, ամենակարեւորն առողջ երեխա լինի: Տղաս շատ է սպասում, ուզում է քույրիկ ունենալ”:
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո նա սեպտեմբերին կրկին կվերադառնա բեմ. “Հիմա հանգստանում եմ, ավելի շատ երեխայով եմ զբաղվում, գիրք եմ կարդում, զբոսնում եմ ու թատրոն գնում: Այս հղիությունս ավելի հասուն, տեղեկացված ու հաճելի եմ տանում”:
Արաքսյա Մելիքյանը դերասանուհի-ընկերուհիների հետ
Տղան քննադատում է
5-ամյա Գուրգենը մանկապարտեզ է հաճախում, ծնողների հետ երբեմն ներկա է լինում ներկայացումների փորձերին: Ի դեպ, տղային անվանել են Անդրանիկի հոր` դերասան Գուրգեն Սեդրակյանի պատվին.“Չեմ ուզում մեր աշխատանքով նրան ծանրաբեռնել, բայց հեռուստացույցով երբ մեզ դիտում է, քննադատում է: Եթե նրան մեր խաղից ինչ-որ տեսարան դուր չի գալիս, ողջ օրը դրա մասին է ասում: Հատկապես տպավորվում է բացասական հատվածներից, կարող է շաբաթներ շարունակ այդ տեսարանի մասին խոսել: Օրինակ` “Կյանքի կարուսել”-ում ամուսինս, ըստ դերի, ամուսնացել էր ուրիշի հետ, տղաս տխրել էր ու բացասական տոնով կրկնում էր, որ պապան գնաց, ուրիշի հետ ամուսնացավ:): Որքան էլ նրան բացատրում էի, որ դրանք նկարահանումներ են, նա լուրջ էր ընդունել”:
Արաքսյա Մելիքյանը որդու հետ
Սեր ուսանողական տարիներից
Արաքսյան եւ Անդրանիկը միմյանց ճանաչում են ուսանողական տարիներից. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում միասին սովորել են Վահե Շահվերդյանի ղեկավարած կուրսում. “Մեր սերն ու ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից: Համակուրսեցիներից մի քանիսի հետ մինչեւ հիմա էլ մտերիմ ենք, աշխատում ենք նույն թատրոնում: Մեր միջեւ մրցակցություն չկա, ամեն մեկս գիտենք մեր տեղն ու չափը, իրար խանգարելու փոխարեն օգնում ենք: Եթե գիտեմ, որ իմ ընկերուհիներից մեկը դերին համապատասխան է, ամեն ինչ կանեմ, որ հենց նա խաղա, նույնն էլ նրանք կանեն: Մեր ընկերության մասին լավ բնորոշում են տվել, ասում են` խաղողի ողկույզի նման ենք, երբ մեկն ընկնում է, մյուսները հետեւից ընկնում են”:
Արաքսյա Մելիքյանն ամուսնու` Անդրանիկ Զաքարյանի հետ
Հիասթափվել է
Արաքսյան տեսախցիկի հետ առաջին անգամ աշխատել է գեղարվեստական ֆիլմում` նկարահանվելով Գոռ Կիրակոսյանի “Մեծ պատմություն փոքր քաղաքում” ֆիլմում, որից հետո սկսել է դերեր կերտել տարբեր սերիալներում: Նրա խոսքով` չի ցանկանում հեռուստաէկրաններին անընդհատ երեւալ, ժամանակ առ ժամանակ դադար է վերցնում, հիմա էլ` հղիության ընթացքում չի նկարվում. “Ֆիլմից դեպի սերիալ անցում կատարելիս հիասթափվել էի, կարծում էի` նույն պրոֆեսիոնալ աշխատանքն է, բայց սերիալները կոմերցիոն են, այստեղ այլ մոտեցում է”:
Արաքսյա Մելիքյանը եւ "Եղբայրները" սերիալի մյուս դերասանուհիները
“Իսկական դերասանի տեղը թատրոնն է”
Դերասանուհին որդու մոտ նկատել է դերասանական հակումներ, սակայն այնքան էլ չի ուզում, որ նա ծնողների ուղին ընտրի. “Թատերական խմբակ չեմ տանում, չնայած եթե մեծանա ու որոշի, չենք խոչընդոտի: Խնդիրը ոչ թե մեր մասնագիտությունն է, այլ մեր պետությունը: Եթե դերասան դառնալով նա հետագայում կկարողանա առանց նյարդեր քայքայելու պահել իր ընտանիքը, նորմալ վաստակել, խնդրեմ, թող դերասան դառնա, բայց քանի դեռ մեր երկրում դերասանի աշխատավարձը ծիծաղելի գումար է կազմում, ավելի լավ է այլ մասնագիտություն ընտրի: Թատրոնի համեմատ սերիալում նկարվելով ավելի շատ ես վաստակում, բայց իսկական դերասանի տեղը թատրոնն է: Սերիալային աշխատանքիցդ բավարարվածություն չես ստանում, մյուս կողմից էլ դա էլ աշխատանք է, որ պետք է անի դերասանը, այլ ոչ թե ուրիշ մեկը”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արաքսյա Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: