Երեւանում օրերս տեղացած ձյունն ավելի խորհրդավոր դարձրեց դաշնակահար Արթուր Բոբիկյանի “My Keys to Christmas’’/Ծննդյան տոնի ելեւէջներ/ ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը: “Նարեկացի’’ արվեստի միության համերգասրահում բրիտանաբնակ դաշնակահար եւ կոմպոզիտորը նաեւ մենահամերգով հանդես եկավ:
Արթուր Բոբիկյանը ներկայացրել է “Ծննդյան տոնի ելեւէջները’’
“Ամեն անգամ մեծ տպավորություն եմ ստանում հայաստանյան ելույթներիցս, որովհետեւ իմ հայ հանդիսատեսը տարբերվում է: Հենց դրա համար ծրագրումս մշտապես ներառում եմ հայ կոմպոզիտորների գործեր’’,- ասում է Արթուր Բոբիկյանը:
Մենահամերգին հնչել են ձայնասկավառակում տեղ գտած հայտնի` “Hark the Herald Angels Sing”, “Oh Come All Ye Faithful”, “Joy to the World”, “God Rest Ye Merry Gentlemen”, “Jingle Bells”, “Gloria in Excelsis Deo”, “Artur’s “Nutty’’ Tchaikovsky” երգերի դաշնամուրի համար Արթուրի մշակումները: Իրենց ելույթներով հանդես են եկել նաեւ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանն ու պարուհի Թենի Մաթյանը, որը Մեծ Բրիտանիայի Պարի արքայական ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
“Համերգը “հակիրճ” էր, որպեսզի ժամանակ ունենամ շփվել նաեւ հյուրերիս, ընկերներիս հետ’’,- միջոցառումից հետո ասել է դաշնակահարը:
Պարուհի Թենի Մաթյանը
Ձայնասկավառակում զետեղված է 10 քարոլ, որոնք մշակվել ու դաշնամուրի համար փոխադրվել է Արթուր Բոբիկյանը: CD-ում տեղ է գտել նաեւ մեկ գործ կանադահայ երգչուհի Սանդրա Աֆեյանի կատարմամբ:
Սա Արթուրի անհատական առաջին եւ խմբակային հինգերորդ ձայնասկավառակն է: “Ծննդյան տոնի ելեւէջները’’ ձայնագրվել են Բրիտանիայի Թագավորական երաժշտական քոլեջի առաջարկությամբ: Ալբոմն արդեն զետեղվել է հեղինակավոր այս հաստատության 2011 թվականի ձայնադարանում: Ձայնագրման ռեժիսորն է Քիեր Սթյուարտը, ձայնագրությունը կատարվել է “Inch Recording’’ ստուդիայում:
Արթուր Բոբիկյանի համերգ-շնորհանդեսին
Հայազգի կոմպոզիտորը անդրադարձել է նաեւ արտասահմանում բնակվող եւ ստեղծագործող հայ երիտասարդ երաժիշտներին. “Արտերկրում կա կազմակերպված շոու- բիզնես, դասական, ժամանակակից երաժշտության մի քանի ուղղություններ: Եկեք նաեւ չմոռանանք, թե որքան է վարձատրվում կամերային երաժշտության տան խմբավարը եւ Լոնդոնի հայտնի երգչախմբերից մեկի խմբավարը: Պատճառը կարծում եմ ակնհայտ է: Բայց աշխարհը շատ փոքր է, յուրաքանչյուրս ունենք մեր կարիերան, այսօր` Լոնդոն, վաղը` Սինգապուր, ինչո՞ւ ոչ:)’’:
Ձայնասկավառակներն արդեն վաճառքի են հանված նաեւ Հայաստանում:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: