Արման Հովհաննիսյանն արտերկրում ունեցած մենահամերգներից հետո վերադարձել է Հայաստան` ընտանիքի եւ ընկերների հետ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է 2012 թվականի իր հաջողությունների, երկրորդ դստեր ծննդի եւ ակնկալիքների մասին:
Արման Հովհաննիսյանը
Տարիներ շարունակ Նոր տարին արտասահմանում դիմավորելուց հետո այս տարի տոներն անցկացնելու եմ Հայաստանում` ընտանիքիս հետ: Միգուցե երկու ռեստորանում երգեմ ընկերներիս համար, բայց այս տարի Ամանորն ինձ համար աշխատանքային չի լինելու:
2012 թվականին շատ ձեռքբերումներ եմ ունեցել, գրեթե ողջ տարվա ընթացքում իմ երաժիշտների հետ շրջագայել եմ` Ռուսաստանի տասնյակ քաղաքներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, եվրոպական երկրներ… Սեփական երաժշտական ալիքն ունեցա հայտնի “VEVO”-ում, ստացա ՀՀ վաստակավոր արտիստի կոչում եւ այլն:
Արման Հովհաննիսյանը
Այս տարին նաեւ ընտանիքիս համար էր հրաշալի. սեպտեմբերի 15-ին ծնվեց երկրորդ աղջիկս` Գայանեն: Երկրում չլինելու պատճառով չեմ կարողանում ընտանիքիս շատ ժամանակ տրամադրել: Նրանց հետ չեմ սիրում հանրային վայրեր գնալ, զբոսնել, մի քիչ ամաչում եմ կողքի հայացքներից, ինձ լավ չեմ զգում, որ փողոցում ճանաչում են: Փոխարենը, մեծ աղջկաս` Էլենիս, ինձ հետ տարել եմ տարբեր երկրներ:
Էլենի` Ձմեռ պապիկին գրած նամակը դեռ չեմ կարդացել, չգիտեմ` ինչ է ցանկացել իր համար, բայց շատ ուրախ եմ, որ այս անգամ ընտանիքիս կողքին եմ լինելու:): Նրանք ամեն տարի ստանում են իրենց նվերները, որոնք մեծ սիրով եմ պատրաստում: Ուշադրությունից դուրս չեն մնում նաեւ ընկերներս:
Իմ առջեւ նպատակ եմ դրել, որ 2013 թվականն աշխատանքային ակտիվ տարի է լինելու` նոր երգեր, տեսահոլովակներ, ձայնասկավառակ ու շրջագայություններ: Ես երբեւիցե ձայնասկավառակի շնորհանդես չեմ արել, բայց ոչ թե տարբերվելու համար, ուղղակի այդպիսի միջոցառումների սիրահար չեմ: Շնորհանդեսը պետք է մեծամասշտաբ լինի, իսկ եթե մի քանի հարյուր հոգու համար է արվում, ավելի լավ է չկազմակերպել:
Ռուբեն Մաթեւոսյանը եւ Արման Հովհաննիսյանը
Այնքան շատ են սփյուռքից համերգների հրավերներ լինում, որ ամիսներ առաջ գծվում է գրաֆիկը: Վստահ եմ` ինձ համերգներին չեն հրավիրում 6/8-ային երգեր կատարելու համար, օրինակ` Ռուբեն Մաթեւոսյանն, որ ողջ աշխարհով շրջագայել է, ներկայացրել է ժողովրդական երգը: Ես չգիտեմ` հատկապես ինչն են իմ մեջ սիրում, որ հրավերները շատ են լինում, դրա պատասխանն ավելի լավ կտա իմ հանդիսատեսը: Մարդ կա` ձայնի համար է սիրում, մարդ էլ կա` ոճի, մարդկային տեսակի կամ էլ սանրվածքի:): Ամենակարեւորը երգչին սիրեն իր երգի համար:
Իհարկե, կան նաեւ չսիրողներ, քննադատողներ: Հետեւում եմ նաեւ ինձ ուղղված քննադատական կարծիքներին եւ վստահ եմ` աշխարհում չկա մի երգիչ կամ դերասան, որին բոլորը սիրեն: Նորմալ է, որ ինձ էլ չեն սիրում, այդ քննադատություններն ինձ համար կյանքի դասեր են դառնում: Եթե քեզ գնահատող մարդը բացասականն է նկատում ու ասում, որ այսինչ երգն ինձ չի համապատասխանում, ես ընդունում եմ, բայց կան մարդիկ, որ ամեն ինչի մեջ վատն են տեսնում ու փնովում: Եթե չհետեւեի մարդկանց արձագանքներին, այսօրվա հաջողությանը չէի հասնի:
Նոր աշխատանք սկսելիս քննարկում եմ ընկերներիս` Էֆոյի, Խաչիկ Սահակյանի, Արման Հարությունյանի ու մյուս երաժիշտների հետ: Երգում եմ այն երգերը, որոնք ինձ հոգեհարազատ են: Մինչեւ հանրությանը ներկայացնելը, հաճախ կարծիքներ եմ հարցնում այն ընկերներից, որոնք երաժշտության հետ կապ չունեն ու այլ ականջով են երգն ընկալում:
Արման Հովհաննիսյանը
Ուզում եմ, որ 2013 թվականը հաջողություններով տարի լինի բոլոր հայերի համար, ուզում եմ` մեր հայրենիքում սոցիալապես անապահով մարդիկ չլինեն, ով ինչի մասին երազում է, անպայման ունենա: Ուզում եմ, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը վերադառնան Հայաստան, ապրեն իրենց հողում, որովհետեւ գիտեմ` ինչ է նշանակում կարոտ:
Ընտանիքիս համար ցանկանում եմ առողջություն. այն ամենակարեւորն է կյանքում, իսկ ինձ համար` աշխատասիրություն եւ լավ երգեր:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Արման Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: