×


Արման Հովհաննիսյանը` մենահամերգի, քննադատված դուետի, հորինված ամուսնալուծության եւ այլնի մասին

Երգիչ Արման Հովհաննիսյանը վերջերս է վերադարձել համերգային շրջագայությունից: Bravo.am-ը զրուցել է երգչի հետ Կանադայում կայացած մենահամերգի, Սուպեր Սաքոյի հետ ներկայացրած դուետի, ընտանեկան հանգստի եւ այլնի մասին:

“Հայաստան” երգը իմ այցեքարտն է

Արման Հովհաննիսյանը


Հուլիսի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված “Քերմես” բարեգործական միջոցառման շրջանակներում կայացավ իմ մենահամերգը: Տորոնտոյի հայ համայնքը ամեն տարի կազմակերպում է այս բարեգործական միջոցառումը` ստացված հասույթը փոխանցելով դպրոցներին եւ եկեղեցիներին: Հանդիսատեսը շատ ակտիվ էր, հաջողված համերգ էր:

Կարող եմ ասել`"Հայաստան” երգը դարձել է իմ այցեքարտը: Հանդիսատեսը միշտ շատ ջերմ է ընդունում այն: Տորոնտոյում կայացած համերգի ընթացքում հանդիսատեսն ինձ հետ միասին երգում էր “Լա Լա Լա’’ երգը, որ Սուպեր Սաքոյի հետ դուետով եմ կատարել, չնայած այն քննարկման առարկա էր դարձել: Բայց  յուրաքանչյուր երգ իր հանդիսատեսն ունի, իսկ մարդկանց ճաշակն այսօր փոխվել է, ավելի ռիթմիկ երգեր են նախընտրում:

ԱՄՆ-ի “Նոկիա” թատրոնում ունեցած մենահամերգս բավական ծավալուն եւ պատասխանատու էր: Մենահամերգն երգչի պատմությունն է, եւ մարդիկ այն պետք է նաեւ DVD տարբերակով դիտեն, այն արդեն վաճառքում է: Ի դեպ, խոսելով համերգային արշավներից ՝ նշեմ. սեպտեմբերին մենահամերգ կունենամ Սիդնեյում: 

Քննադատված դուետ

Արման Հովհաննիսյանը


Ես եմ մեղավոր, որ Սուպեր Սաքոյի հետ դուետը քննադատվեց: Եթե, ի սկզբանե, այդ ոճի երգեր ու անկեղծ տեսարաններով տեսահոլովակներ ունենայի, հանդիսատեսի համար ավելի սովորական կլիներ: Հանդիսատեսն ինձ այս ոճում չէր պատկերացնում, դրա համար էլ քննադատության արժանացանք:

Այդ շրջանը դա էր թելադրում:  Երբեք չեմ մտածել, որ վաղը ջազը կդառնա հիթ, ու ես կսկսեմ այդ ոճում երգել: Հավատարիմ եմ ընտրածս ոճին:

Եթե չունես ասելիք, ավելի լավ է լռես


Երկու տարի առաջ Հանրապետության Հրապարակում մեծ մենահամերգ ունեցա: Այսօր արդեն չեմ ցանկանում այդ նույն  ծրագիրը ներկայացնել հայրենակիցներիս: Դա է միակ պատճառը,  որ հայրենիքում դեռեւս մենահամերգ չունեմ: Կարեւոր է ասելիք ունենալ  ու չձանձրացնել հանդիսատեսին:

Աշխատում եմ, որ երկրպագուներս ինձ չկարոտեն, բայց հերթական նոր երգ ներկայացնելիս մտածում եմ, որ ընդունվի ու սիրվի: Այսօր ամսական հինգ տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն ունեմ, բայց չեմ անի, եթե այն պետք է հերթականը դառնա: Լավ երգ գտնելը շատ բարդ է: 

Սիրում եմ ընտանիքիս հետ անցկացնել հանգիստս

Արման Հովհաննիսյանը և Գրգորի Լեպսը


Նախընտրում եմ, երբ մի քանի մտերիմ ընտանիքներով ենք մեկնում հանգստի: Այս տարի հանգստացել եմ Հունաստանում` ընկերներիս նվերն էր: ԱՄՆ-ում էի, երբ ընկերս զանգահարեց ու հրավիրեց ընտանիքիս հետ մի քանի հանգստյան օր անցկացնել նրանց հետ:

Շրջագայության ընթացքում չեմ կարողանում հանգստանալ, աշխատանքային լարվածություն կա: Ընտանիքս եւ աշխատանքն երբեք չեմ խառնում, բայց ԱՄՆ-ի մենահամերգիս ներկա էր նաեւ կինս:

Անձնական կյանքիս մասին շատ չեմ խոսում, բայց կարող եք գրել. երբեք չեմ ամուսնալուծվել, այս թեման անդադար քննարկվում է: 

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը /Bravo.am/
Լուսանկարները` Արման Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW