Արմեն Էլբակյանի համար փետրվարի 11-ն ընտանեկան տոն է, իսկ առիթն իր տարեդարձն է։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչն այսօր նշում է 63-ամյակը։ BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ առաջին շնորհավորանքը ստացել է Լիլի Էլբակյանից։ Դերասանի դուստրը նաեւ «Ֆեյսբուք»-ում է գրառում կատարել.«Իմ տաղանդավոր ու սիրուն պապա, իմ ամենահարազատ մարդ, օգնական ու սյուն, իմ տխուր եւ ուրախ, դժվար օրերի ընկեր, իմ օրինակ, ծնուննդ շնորհավոր։ Ուզում եմ՝ միշտ ինձ հետ լինես` առողջ, երջանիկ, նոր գաղափարներով ու երազանքներով։ Ամեն օր քեզնից սովորում եմ, ինձ ապրելու, ավելի լավը լինելու ուժ ես տալիս, ինձ համար քեզնից թանկ մարդ չկա (մեկ էլ` մաման ու ընտանիքս)։ Ինչպես կասեր Վիլյամ Սարոյանը՝ «Հայրիկ, դու խենթ ես»։ Սիրում եմ քեզ»։
Էլբակյանների ընտանիքը
Թատրոնի բեմադրիչ, դերասանն առանձնացրել է նաեւ թոռնիկների՝ Էլիմիրայի եւ Էդգարի շնորհավորանքները.«Մեծ թոռնիկս շատ երկար շնորհավորեց` ասելով, որ տորթի մոմերն անպայման միասին կփչենք, փոքր թոռս էլ ինչքան լավ բառ գիտի, ինձ մաղթեց՝ «ապրես, ուժեղ ես» եւ այլն։ Ես իսկապես սիրում եմ տարեդարձս, լավ օր է»։
Նա ծխամորճերի հավաքածու ունի, որը տարեդարձին համալրվում է նոր նմուշներով.«Ճիշտն ասած, տնեցիները չեն սիրում, որ ծխում եմ, բայց ընկերներս նվիրում են։ Հիմնականում օրս անցկացնում եմ հարազատներիս հետ, բայց եղել են տարիներ, որ նշել եմ գործընկերներիս հետ»։
Աննա եւ Արմեն Էլբակյանները
Արմեն Էլբակյանն այժմ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղրավեստական ղեկավարն է, 2016-ի դեկտեմբերին նրա բեմադրած «Պեպո» ներկայացմամբ բացվեց Մայր թատրոնի նոր թատերաշրջանը։ Նա այժմ բեմադրում է «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը, որի պրեմիերան նախատեսված է մայիսին.«Ժորա Հարությունյանի պիեսի հիման վրա բեմադրությունը նվիրված է լինելու Վարդան Աճեմյանի եւ Առնո Բաբաջանյանի հիշատակին։ Նախապատրաստվում ենք նաեւ «Մեծապատիվ մուրացկաններ» երաժշտական ներկայացմանը, երաժշտութան հեղինակը վաղամեռիկ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանն է»։
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արմեն Էլբակյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: