×


Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Շողեր Գրիգորյանը եւ այլք` “Որբերի ընտանիք”-ում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում ընդգրկվել է նոր ներկայացում` “Որբերի ընտանիքը”: Պիեսի հեղինակը Գուրգեն Խանջյանն է, բեմադրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:

“Որբերի ընտանիքը” ներկայացման պրեմիերային


Երկու մասից բաղկացած լիրիկական կատակերգության թեման մարդասիրությունն է. գլխավոր հերոսը գտնում է կարիքավոր անտուն մարդկանց եւ համախմբում նրանց իր հարկի տակ: Ներկայացման կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, երիտասարդ դերասաններ Շողեր Գրիգորյանը, Դավիթ Գասպարյանը, ինչպես նաեւ Լեւոն Ավետիսյանը եւ Արա Կարագյանը:

Արմեն Մարությանը եւ Ջուլիետա Ստեփանյանը


Ջուլիետա Ստեփանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդիսատեսի առաջին ծափահարություններից հետո իրեն հրաշալի է զգում.“Անհանգստություն կար, բայց ես սիրում եմ պրեմիերաներ: Տատիկի կերպարում ինձ լավ էի զգում, հետաքրքիր խառնվածքով դեր է եւ ասելիք ունի: Ներկայացումը դաստիարակչական ու կառուցողական շատ տարրեր ունի”:

Շողեր Գրիգորյանը մարմնավորում է փողոցային աղջկա, որի հետ ամուսնանում է գլխավոր հերոսը.“Ընկած կանանց կերպարներում հանդես գալու փորձ ունեմ, բայց փողոցային կնոջ դերում չէի եղել: Միշտ դեմ եմ եղել շատ կենցաղային կերպարները բեմ բարձրացնելուն, բայց փորձել եմ էսթետիկ ու թատերական, միեւնույն ժամանակ իրական կնոջ կերպար ստեղծել: Ամեն անգամ հերոսուհու պատմությունը պատմելիս պատկերացնում եմ, թե որքան ծանր է թրաֆիքինգի զոհ լինել, երբ քեզ պարտադրվում է ուրիշ կյանքով ապրել”:

Շողեր Գրիգորյանը


Դերասանուհու խոսքով` նախընտրում է արտասահմանյան դրամատուրգիան, բայց նաեւ հաճելի է խաղալ հայ դրամատուրգի պիեսում.“Պրեմիերաներին ավելի հաճախ ներկա է լինում զուսպ հանդիսատես, եւ մեզ համար մի քիչ անսովոր էր մարդկանց ծիծաղի պոռթկումները: Պիեսն այսօրվա մասին է` առօրեական ու տեղայնացված: Կարծում եմ` հանդիսատեսին կհետաքրքրի ու հարազատ կթվա թեման, կտեսնեն կենդանի եւ օրգանական հերոսների եւ կապրեն նրանց ցավով”:

“Որբերի ընտանիքը” մայր թատրոնի բեմում կլինի փետրվարի 28-ին,  մարտի 8-ին եւ 9-ին:

BRAVO.am   
Լուսանկարները` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW