×


«Mench Challenge». Արմեն Պետրոսյանը նոր հաղորդաշար կվարի

«Ֆուլ Հաուս 2» սիթքոմը միակ նորությունը չէ, որով շոումեն-պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը կներկայանա հեռուստադիտողին աշնանային եթերաշրջանում: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս շրջանում Միացյալ Նահանգներում զբաղված է նոր՝ «Mench Challenge» նախագծի նկարահանումներով, որը կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով՝ հոկտեմբերի 12-ից:

«Մտահղացումն առաջացավ այն ժամանակ, երբ պատրաստվում էի մեկ ամսով ԱՄՆ գալ: «Արմենիա TV»-ի տնօրենն ու պրոդյուսերը առաջարկեցին նոր հաղորդում նկարահանել, եւ սկսեցինք աշխատել գաղափարի վրա: «Mench Challenge»-ի ձեւաչափը պարզ է. այցելում ենք Լոս-Անջելեսում բնակվող հայտնի հայի, անկեղծ զրույցի միջոցով ծանոթանում նրա կենցաղին, առօրյային եւ ներկայացնում նրա բնակության վայրը: Արդեն 6 հաղորդում նկարահանել ենք»,-ասել է նա՝ հավելելով, որ նկարահանումներն իրականացվում են հիմնականում հաղորդման հերոսի բնակարանում:

Արմեն Պետրոսյանը


Նմանատիպ հաղորդումների տարածվածությունը չի մտահոգում Մենչին: Նա վստահ է, որ այս պարագայում հաղորդավարից շատ բան է կախված, եւ նա կարող է փոխել հաղորդման ընթացքը.«Նկարահանումները շատ լավ են անցնում: Այստեղի հայտնի հայերը հեշտությամբ են համաձայնում մասնակցել, քանի որ բոլորին անձամբ ճանաչում եմ»:

Արմենը նաեւ նշել է՝ առաջին անգամ չէ, որ արտերկրից հետեւում է «Ֆուլ Հաուս»-ի երեւանյան նկարահանումներին: Նա կարողանում է համատեղել աշխատանքները եւ, ինչու չէ, հասցնում է հանգստանալ՝ ազատ ժամանակն անցկացնելով ընտանիքի եւ ընկերների հետ:

Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ


«Ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, խոսում եմ «Ֆուլ Հաուս»-ի ողջ անձնակազմի հետ, հետեւում նկարահանումներին, քննարկում տեխնիկական խնդիրները եւ այլն: Իմ բացակայությունը չի խանգարում, որպեսզի սիթքոմի նկարահանումներն անցնեն հարթ եւ նախատեսված գրաֆիկով: Թեկուզ հեռախոսով, բայց ամեն օր աշխատում եմ: Երեխաներս էլ մեզ հետ են: Այստեղ նրանք հաճախում են դպրոց, որպեսզի հետ չմնան դպրոցական ծրագրից»,- ասել է նա եւ հավելել, որ շուտով կվերադառնան Երեւան:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին