BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել Արգենտինայում բնակվող դուդուկահար Գագիկ Գասպարյանի հետ: Նա 41 տարեկան է, ծնվել է Էջմիածնում: Ծնողները երաժշտության մեծ սիրահարներ են եղել: Իր երաժշտական գործունեությունը սկսել է 15 տարեկանում` որպես կլարնետահար, իսկ արդեն 17 տարեկանում սկսել է զբաղվել հայկական ավանդական երաժշտական գործիքներով: Դրանից հետո սովորել է շվի, դուդուկ, զուռնա եւ բլուլ նվագել: 20 տարեկանում ընդունվել է Արվեստի ինստիտուտ, որտեղ մասնագիտացել է ժողովրդական փողային գործիքների վրա: Ուսումն ավարտելով՝ ստացել է հայկական ավանդական գործիքների նվագախմբի դիրիժորի կոչում: 1997 թվականին մեկնել է Արգենտինա, որտեղ հաստատվելով` ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալել եւ մասնակցել է տեղի հայկական համայնքների տարբեր միջոցառումների: Համերգներով ներկայացրել է դուդուկը եւ հայկական այլ գործիքների արվեստը Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում:
Գագիկ Գասպարյանը
Ուսումս ավարտելով` ժամանեցի Արգենտինա: Հայաստանից դուրս եկա, քանի որ ցանկանում էի փոխել կյանքս, այդ փուլում ինձ փոփոխություն էր անհրաժեշտ: 24 տարեկան էի եւ ցանկանում էի հասկանալ, թե ինչ եմ ուզում կյանքիցս:
Իհարկե, երբ տեղափոխվեցի Արգենտինա, սկզբնական փուլում շատ դժվարությունների միջով անցա, այդ թվում` կապված լեզվի չիմացության, հարազատ մարդկանց շրջապատի բացակայություն հետ: Սակայն երբեւիցե չեմ տխրել դրանից, այլ «վայելել» եմ դժվարությունները: Զգում էի, որ կյանքիս այդ փուլում պետք է ինքս ինձ ճանաչեմ, զգում էի նաեւ, որ Արգենտինայում կարելի է հաջողությունների հասնել, դա ինձ ուժ էր տալիս: Փորձում էի լավը կրկնօրինակել ինչպես մեր, այնպես էլ արգենտինացի ժողովրդից:
Երաժշտության մեջ նույն սկզբունքն է գործում: Հեշտ բան երբեք չեմ ցանկացել նվագել: Միշտ փորձում եմ դժվար ուղիով գնալ: Մտածում եմ մի այնպիսի երաժշտություն դուդուկով նվագել, որը գրված է երեք օկտավանոց գործիքի համար: Ցանկանում եմ դուդուկով, օրինակ, չարդաշ (հունգարական ժողովրդական պար) նվագել:
Ապրելով Արգենտինայում` փորձում եմ ծառայել հայապահպանության գործին: Փորձում եմ երկկողմ հարաբերությունների, պետություններին կապող կամրջի մի մաս հանդիսանալ` օգնելով համերգների կազմակերպման, Հայաստանից մշակութային մարդ հրավիրելու, Արգենտինայի հայ համայնքին համախմբման գործում:
Գագիկ Գասպարյանը եւ Սերժ Թանգյանը
Գագիկը ակտիվ շփվում եւ աշխատում է արգենտինացի երաժիշտների հետ: Նա առաջին երաժիշտն է, ում դուդուկի կատարումը հնչել է արգենտինական մի շարք ֆիլմերում, մասնավորապես, Արգենտինայի ամենահեղինակավոր կինոռեժիսորներից Էլիսեո Սուբիելայի վերջին ֆիլմում: Գագիկի խոսքով` այդ երաժշտությունը նա կատարել է հայտնի արգենտինացի երգիչ Պեդրո Ազնարի հետ:
Անկասկած, դեռ հին ժամանակներից դուդուկն արտացոլել է հայ ժողովրդի ոգու հավատարմությունը: Դուդուկի նուրբ եւ թավշյա հնչյունները կարող են արթնացնել մեր զգացմունքներն ու հույզերը, վերադարձնել ապրելու ցանկությունը, մեզ տեղափոխել մեր ներաշխարհի չբացահայտված անկյուններ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանից եւ հայությունից դուրս դուդուկը ընդունվում է այնպես, ինչպես երբեք չի ընդունվել մեր կողմից: Եթե դիտարկենք օպերան, ապա ակնհայտ է, որ դա այլ՝ ավելի բարձր մակարդակի, զգացմունքների ու գաղափարների երաժշտություն է: Լավ օպերաներ լսելիս կարող ենք անգամ հուզվել, սակայն դա չի նշանակում, որ երաժշտությունը տխուր է: Մեր դեպքում, սակայն, շատ խոր արմատավորված կարծրատիպ կա, որ դուդուկը տխուր գործիք է: Բայց մեզ ո՞վ է խնդրում, որ մենք դուդուկի տակ պարենք, կամ տանենք այն գերեզմաններ: Այդ անհեթեթ սովորույթը պետք է դուրս գա մեր առօրյայից: Այդպիսի սովորույթ մենք չենք ունեցել, այն ընդամենը վերջին 50-60 տարվա պատմություն ունի:
Մի օր արգենտինացի մի մեծ կոմպոզիտոր ինձ հարց ուղղեց, թե որտեղ ենք մենք` հայերս, օգտագործում դուդուկը: Բացատրեցի, որ գրեթե բոլոր տեղերում, քանի որ այդ գործիքը ներկայացնում է մեր ազգային երաժշտությունը: Ասացի նաեւ, որ մեր ժողովուրդը սովորույթ ունի այն օգտագործել տխուր առիթներով: Այդ մարդը մտածեց ու ասաց, որ եթե մի գործիք կարողանում է մարդու ցավը կիսել եւ հոգու հետ խոսել, ապա դրանից մեծ գործիք աշխարհում լինել չի կարող:
Գագիկ Գասպարյանը եւ Ջիվան Գասպարյանը
Մենք պետք է արժեքավորենք այն, ինչ ունենք`մեր երաժշտությունը, մեր մշակույթը: Ոչ միայն Արգենտինայում, այլ բազմաթիվ այլ երկրներում իմ կատարումից հետո տարբեր մարդիկ ինձ ասում էին, որ դուդուկի հնչյուններն իրենց տարան դեպի մանկության վայրերը: Սկզբնական շրջանում միշտ ճշտում էի այդ մարդկանցից` արդյոք նրանք հայ չեն, քանի որ կարծրատիպ կա, որ դուդուկը կարող է միայն հայը սիրել: Ես նույնպես այդ կարծիքին էի, բայց շուտով համոզվեցի, որ այդպես չէ: Մեծ հպարտություն եմ ապրում, երբ օտարերկրացիները սեր են խոստովանում դուդուկի հանդեպ: Եվ պարտադիր չէ, որ միայն հայը կարող է ընկալել եւ հասկանալ այն, չնայած, իհարկե, մեզ համար դուդուկը միշտ յուրահատուկ տեղ է զբաղեցնելու:
Երաժշտությունը սահման չունի: Ջութակը հայկական գործիք չէ, ինչպես նաեւ հայկական չեն կիթառը, կլարնետը, հոբոնը եւ այլ մի շարք գործիքներ: Բայց մենք նվագում ենք այդ գործիքները, եւ նրանք համարվում են ընդհանուր մարդկության գործիքներ: Դուդուկը նույնպես կարող է դասվել այդ գործիքների շարքին, եթե մենք դռները բացենք եւ ներկայացնենք այն: Իրականում, դուդուկի՝ աշխարհին ներկայացումը սկսվել է միայն վերջին 10-15 տարում: Եթե սկսեին այն ներկայացնել գոնե 50-60 տարի առաջ, գուցե ճանաչման տեսանկյունից այսօր այն արդեն մի շարքում լիներ սաքսոֆոնի կամ ջութակի հետ: Դուդուկը դեռ չեն ճանաչում, հնչյուները լսել են, բայց գործիքին շատերը ծանոթ չեն, չգիտեն, որ այն հայկական ծագում ունի:
Կարծում եմ` պետք է ոչ միայն ներկայացնենք դուդուկը, այլ դա անենք ճիշտ եղանակներով: Ես հայ եմ, բայց պետք է, անպայման, իսպաներեն սովորեի, որպեսզի կարողանայի ապրել եւ դրսեւորել ինձ այս երկրում: Նույնպես եւ դուդուկը, որն այս պարագայում հայ է: Աշխարհի տարբեր երկրներում միայն հայկական երաժշտություն նվագելով` այն չի ընդունվի ու չի ընդգրկվի համաշխարհային քաղաքակրթության մեջ: Այսինքն, մենք պետք է ապացուցենք, որ դուդուկով կարելի է նվագել ոչ միայն հայկական երաժշտություն, այլ տարբեր գործեր:
Գագիկ Գասպարյանը
Խնդիրն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ դուդուկը մերն է եւ ոչ ոք չի կարող այն մեր ձեռքից խլել, այնուամենայնիվ, մենք ինքներս չենք ճանաչում այդ գործիքը: Հայերիս մեջ, երբ խոսք է լինում դուդուկի մասին, պատկերացնում են կամ խորոված ու քեֆ, կամ թաղման արարողություն: Հայ մարդու մտածելակերպը պետք է փոխվի, Հայաստանի սահմաններից դուրս գա եւ ավելի գլոբալ դառնա:
Համերգներին նկատել եմ, որ դուդուկը՝ որպես գործիք, նրա տեսքը, հնարավորությունները, հնչողությունները զարմանք են առաջացնում: Կարծես կախարդական մի բան կա այդ գործիքի մեջ, քանի որ այն, ինչ նվագում ես, համահունչ չէ ոչ նրա տեսքին, ոչ էլ հնարավորություններին: Կարծես, դրա մեջ է նաեւ դուդուկի հզորությունը: Այդ առումով մի արգենտինացի երաժշտագետ ինձ ասաց, որ դուդուկը, կարծես, հնչում է Աստծո կամքի շնորհիվ, քանի որ մաթեմատիկական ոչ մի հաշվարկ իր հնչողության հետ չեն համընկնում:
Ամեն հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, պետք է մտածի իր երկրի դեսպան լինելու մասին, թե ինչպես կարող է իր ազգը ներկայացնել օտարին: Առանց այն էլ մեզ աշխարհում քիչ են ճանաչում: Իսկ եթե հայը ինչ-որ անշնորհքություն է անում, ապա ճանաչելու ցանկությունն էլ կորչում է, կամ էլ միայն վատ բանով են ճանաչում Հայաստանը եւ հայերին:
Գագիկ Գասպարյանը
2009թ. հոկտեմբերին Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Բուենոս-Այրեսում Արցախի պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել, որը հայ համայնքում եզակի է իր տեսակով: Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Արգենտինայում այն ժամանակվա դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ներկայությամբ, հնչել են ՀՀ եւ ԼՂՀ պետական օրհներգերը եւ ընթերցվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի ողջույնի ուղերձը: Հուշարձանի վրա նշված է նաեւ Գագիկի հայրիկի՝ Ռուբեն Գասպարյանի անունը, ով մասնակցել է Արցախի ազատամարտին եւ հերոսի կոչման արժանացել: Գագիկը խոստովանում է, որ այդ աշխատանքը նախաձեռնելը եւ իրականացնելը մինչ այսօր իր կյանքի ամենամեծ գործն է: Այդ աշխատանքի համար նա պարգեւատրվել է Արցախի ոսկե մեդալով:
Այսօր մտածում եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի բան անել: Օտար երաժիշտների հետ մի նախագիծ կա, որի շուրջ դեռ աշխատում ենք:
Այս տարի Գագիկը իրականացրեց եւս մեկ երազանք. արշավ կատարեց դեպի Արարատ լեռան գագաթը:
Օգոստոսի 4-ին բարձրացա Արարատի գագաթը: Չեմ կարող նկարագրել զգացմունքներս, քանի որ դա հեքիաթային մի բան է: Ինքս էլ մինչ օրս չեմ հավատում, որ դա ինձ հետ է տեղի ունեցել:
Տեքստը` Արամ Արարատյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Գասպարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: