×


Գոհար Իգիթյանի 50-ամյակին նվիրված երեկոն` գործընկեր-դերասանների մասնակցությամբ

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Գոհար Իգիթյանի 50-ամյակին նվիրված երեկո: Հանդիսատեսը նախ դիտել է “Սիրային խառնաշփոթ” ներկայացումը` Հրաչյա Հարությունյանի, Նաիրա Շահիրյանի, Արմեն Բարսեղյանի, Արտաշես Մխիթարյանի եւ, իհարկե, հոբելյարի մասնակցությամբ, իսկ ավարտին ետնաբեմում թատրոնի անձնակազմը կենացներով եւս մեկ անգամ շնորհավորել է կատակերգական ու դրամատիկ բազմաթիվ կերպարներ մարմնավորած ՀՀ վաստակավոր արտիստուհուն:

Գոհար Իգիթյանի 50-ամյա հոբելյանին


Արմեն Խանդիկյանը` թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու Գոհար Իգիթյանի ամուսինը, նշել է, որ իր կնոջից խելամիտ եւ նուրբ վարքագիծ է պահանջվում գործընկերների հետ շփվելիս.“Իմ կյանքի ամենադաժան ու դժբախտ օրերը քեզ բաժին ընկան: Շնորհակալ եմ քո ուժի, նրբազգացության, տաղանդի համար, ապրես Գոհար: Բայց գեղարվեստական ղեկավար լինելն էլ հեշտ չէ, երբ կինդ նույն թատրոնից է”:

Թատրոնի ավանդույթի համաձայն` 50-ամյա հոբելյարը Արմեն Խանդիկյանից արժանացել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի “Զինվոր” կոչմանը: Դերասանուհուն բեմում ողջունել ու շնորհավորել է թատրոնի արտիստական կազմը` յուրաքանչյուրը նվիրելով մեկական վարդ:

Արմեն Խանդիկյանը եւ Գոհար Իգիթյանն` իրենց թոռնիկի հետ


Գոհար Իգիթյանը նաեւ ոսկե մեդալ է ստացել Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, որը հանձնել է Հակոբ Ղազանչյանը.“Գոհարին ասել եմ, որ նա ինձ հիշեցնում է իմ մորը` Գալյա Նովենցին, որովհետեւ բարդ գործ է թատրոնում լինել գեղարվեստական ղեկավարի կին: Գիտեմ, որ դժվար է. հիմա էլ իմ կինն է աշխատում Պատանի հանդիսատեսի թատրոնում, որը ես եմ ղեկավարում: Գոհարն իր տեսակով, համեստությամբ ու տաղանդով ներդաշնակորեն գոյատեւում է թատրոնում` խաղալով հետաքրքիր կերպարներ: Ես ամեն անգամ հիանում եմ նրանով: Հուսով եմ` Արմենը խանդի տեսարաններ չի սարքի: Ի սրտե շնորհավորում եմ նրան”:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանն էլ նշել է, որ իր հոբելյանների նկատմամբ անտարբեր է, բայց ուշադիր է ուրիշների հարցում.“Գուցե չի կարելի կնոջ տարիքը բարձրաձայնել, բայց կան հոբելյանական թվեր, որոնք չի կարելի թաքցնել: 50 տարեկան հասակում Գոհարը հետեւում է թողել իր երիտասարդությունը եւ այսօր ապրում է շքեղ միջօրեն: Նա Դրամատիկական թատրոնում ու հեռուստատեսությունում հետաքրքիր կերպարների շարք է ստեղծել, որի բարձրակետն, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, Բրաբիոնն է` “Ձուկն առանց ջրի” ներկայացման մեջ: Կարծում եմ` նա դեռ կունենա նոր դերեր ու նոր հաջողություններ: Նա պիտի ասի, որ թատրոնում ապրել է, ապրում է ու կապրի”:

Գոհար Իգիթյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Անժելա Սարգսյանը


Դերասանուհին շնորհավորանքներից հետո հայտնել է, որ զգացված եւ շնորհակալ է ուշադրության համար.“Իմ տարիքի ուղիղ կեսից ավելին աշխատում եմ իմ հարազատ թատրոնում: Ես այդ որոշումը կայացրել եմ ընդամենը 23 տարեկանում. երեւի թե այն ժամանակ բավական խելացի աղջիկ էի: Գալով դրամատիկ թատրոն` ձեռք բերեցի ոչ միայն իմ կարեւորագույն տունը, այլ նաեւ իմ կյանքի երկրորդ կեսին: Ինձ համարում եմ բախտավոր աստղի տակ ծնված մարդ, շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս, իմ հարազատ թատրոնին, ամբողջ անձնակազմին, որ տարիներ շարունակ միասին ենք: Սա իմ տունն է, ես բոլորին եմ սիրում, երեւի իրենք էլ ինձ են սիրում: Այսօր դահլիճում ներկա են նաեւ հարազատ մարդիկ, բայց ամենամեծ շնորհակալությունս թատրոնի անդավաճան հանդիսատեսին է: Կուզեի` 20 տարի անց կրկին հանդիպենք, դուք լինեք դահլիճում, ես` այս բեմում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW