×


Դեյվիդ Դորֆմանի ամերիկյան ժամանակակից պարի թատրոնը Երեւանում է

Դեյվիդ Դորֆմանի ամերիկյան ժամանակակից պարի թատրոնն այս օրերին Երեւանում է: Երեկ` մայիսի 4-ին, խումբը ելույթ է ունեցել “Արամ Խաչատրյան” մեծ համերգասրահում` ներկայացնելով “Կանխահաս ուրախություն” եւ “Լամպի տեսություն” պարային բեմադրությունները:

Դեյվիդ Դորֆմանի ամերիկյան ժամանակակից պարի թատրոնը ելույթ է ունեցել Երեւանում


Պարողները համերգից առաջ վարպետության դասեր են անցկացրել հայ պարողների համար, ինչպես նաեւ իրենք են հայկական պարեր սովորել` “Կարին” ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի ուսուցմամբ:

Նրանք այստեղ հյուրընկալվել են ԱՄՆ պետքարտուղարության “DanceMotion USA” ծրագրի շրջանակում: Օրերս խմբի հիմնադիր Դեյվիդ Դորֆմանը, պարողներ Ռաջա Ֆեդր Քելլին եւ Քարլ Ռոջերսը հանդիպում են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ինչպես նշել է դիվանագետը, ամերիկյան ժամանակակից պարը ներկայացնելու հետ մեկտեղ պարողների այցը կնպաստի մշակութային ճանաչողությանն ու փորձի փոխանակմանը.“Հրավիրել ենք հայտնի ու առաջնակարգ պարողների, իսկ նրանց հիանալի պարը, կարծում եմ, դուր կգա հայ հանդիսատեսին: Հետեւել եմ մոտ 30 հայ պարողի հետ համատեղ պարապմունքին, նրանք եւս արհեստավարժ են”:

Դեյվիդ Դորֆմանի ամերիկյան ժամանակակից պարի թատրոնը ելույթ է ունեցել Երեւանում


Ասուլիսին ներկա էր նաեւ պարուսույց Արինա Արարատյանը, որի բեմադրությամբ եւ ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ամիսներ առաջ կայացել էր “Աղջիկը լուսնի վրա” պարային ներկայացման պրեմիերան.“Հայ պարողների հետ անցկացրած վարպետության դասը հնարավորություն է, որ ընտրեն մեկ կամ երկու պարողի, որոնք ամռանը կմեկնեն Միացյալ Նահանգներ եւ կմասնակցեն պարուսուցման ծրագրի, ինչի համար շնորհակալ ենք կազմակերպիչներին”:

Դեյվիդ Դորֆմանի ղեկավարության ներքո գործող պարի թատրոնն իր հանդիսատեսին մասնակից է դարձնում պարարվեստին: Ինչպես պատմել են խմբի անդամները, պարի լեզվով արծարծում են մարդկանց հուզող թեմաները եւ ներկայացնում առօրյա հերոսներին.“Էթնիկ տարրեր շատ չենք օգտագործում, մեր պարն անվանում ենք արմատական-հումանիստական, հիմնական ուղղվածությունը ժամանակակից եւ հետժամանակակից պարն է, կիրառում ենք նաեւ աֆրիկյան պարի տարրեր”:

Դեյվիդ Դորֆմանը


Խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը նշել է, որ Երեւանում ջերմ ընդունելության են արժանացել.“Շատ լավ տպավորություններ ունեմ հայ պարողների հետ անցկացրած վարպետության դասից, որը կազմակերպել էր Արինան: Օրվա վերջում, կարծես, միմյանց լավ ճանաչում էինք: Միայն ափսոսում եմ, որ դեսպանը մեզ հետ չպարեց, բայց հիմա, որ ծիծաղով ընդունեց ասածս, արդեն լավ նշան է:)”:

Դեյվիդ Դորֆմանի ամերիկյան ժամանակակից պարի թատրոնի պարողները


1985 թվականին Նյու Յորքում հիմնադրված խումբը բազմիցս շրջագայել է Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Մեծ Բրիտանիայում, իսկ վերջերս Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ ու Կրասնոյարսկ, Լեհաստանի Բիտոմ ու Կրակով քաղաքներում: Այս պարի թատրոնն 8 անգամ արժանացել է “Բեսսի” հեղինակավոր մրցանակին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW