×


Դիանա Մարտիրոսյան. Նոթեր Վենետիկի կինոփառատոնից. օր 2-րդ

Տարվա ամենամեծ ֆիլմերից մեկը` Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» էպիկ ասք-հեքիաթը վերահաստատեց Բրեդ Փիթի՝ հոլիվուդյան արտ-մեյնսթրիմում ունեցած կարեւորագույն տեղը: Այնպես որ, զարմանալի չէ Վենետիկի կինոփառատոնի անցուդարձն ու հրճվանքը դերասանի այցի կապակցությամբ։ Բրեդ Փիթի այցի մեղավորը ռեժիսոր Ջեյմս Գրեյի նոր ֆիլմն է. բնօրինակ անվանումը լատիներեն է` «Ad Astra», որը ռուսական կինովարձույթի թեթեւ միջնորդությամբ կհասնի մեզ որպես «Դեպի աստղերը»։


Բրեդ Փիթի հերոսը լեգենդար տիեզերագնաց Քլիֆորդ ՄքԲրայթի (Թոմի Լի Ջոնս) որդի Ռոյ ՄքԲրայթն է, որին երկրի կարեւորագույն եւե լրջագույն զինվորականներն ուղարկում են տիեզերք՝ մահացած համարվող հայրիկին գտնելու։ Ռոյը լքում է Երկիր մոլորակը եւ սիրելի կնոջը (տիեզերական դեժավյու առաջացնող դերով հանդես եկող Լիվ Թայլեր) եւ ուղեւորվում այնտեղ՝ դեպի աստղերը։ Սակայն տիեզերագնացի հանդերձանքից բացի Ռոյն իր հետ է տանում բազմաթիվ մանկական եւ պատանեկան բարդույթներ, անպատասխան մնացած հարցեր, որոնց էպիկենտրոնում հարազատ հայրն է։

Ֆիլմն առաջին հերթին գերում է իր օպերատորական աշխատանքով. տեսախցիկի ետեւում` տիեզերական մթնոլորտի ակնառու վարպետ Հոյտե Վան Հոյտեմա, որը արդեն հայտնի է նույն տիրույթում կերտած «Ինտերսթելարով»։ Սակայն Փիթը եւ շվեդանիդերլանդցի օպերատորը չեն փրկում ֆիլմն անհարթ, տրիվիալ եւ չարդարացված մինիմալիզմից, որը կարծես թե ավելի խորն է ուզում թվալ, քան կա իրականում։ Փիթը, գրեթե ինչպես միշտ, խաղում է աչքերով եւ բացատրում սեփական դրաման կադրից դուրս հնչող նարատիվով, որն ավելի շատ նման է հոգեբանական վերլուծության, քան կինեմատոգրաֆիկ մենախոսության։


Երեկոյան ժամը 10-ին, մինչ Բրեդ Փիթը ներկա էր «Ad Astra»-ի համաշխարհային պրեմիերային, մեկ այլ կուլտային կինոգործիչ՝ մաեստրո Պեդրո Ալմոդովարը, Լիդոյից կիլոմետրեր հեռու գտնվող «Santa Maria della Misericordia» չքնաղ պալացոյում ներկա էր իր պատվին կազմակերպված երեկույթին։ Prada-ն եւ Warner Brothers-ը կազմակերպել էին այն ռեժիսորի՝ պատվավոր «Ոսկե առյուծ» ստանալու կապակցությամբ. գեղատեսիլ, ճարտարապետական նմուշի 2 հարկն էլ ողողված էին կարմիր լույսով, իսկ պատերին հենված դեկորացիաներին կախված էին ռեժիսորի բոլոր ֆիլմերի պաստառներն ու կադրերը։ Հյուրերի ցանկում էին՝ Հոաքին Ֆենիքսը, որը Warner Brothers-ի «Ջոքեր» նախագծի գլխավոր դերակատարն է, Մոնիկա Բելուչին եւ Ռոսի Դե Պալման, որը դարձել է ժամանակակից իսպանական կինեմատոգրաֆի եւ հատկապես մաեստրոյի ֆիլմերի անբաժան մասնիկը։

Հյուրերը համոզված էին` 3 ամիս առաջ Կաննում տեղի ունեցած «Փառք եւ ցավ» ֆիլմի պրեմիերայից անց նման կերպով ռեժիսորին պատվելը խոսում է Վենետիկի փայլուն ստրատեգիական եւ կազմակերպչական քաղաքականության մասին։

Վենետիկի կինոփառատոնի առաջին օրվա մասին կարդացեք այստեղ:

Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW