BRAVO.am-ը, հղում կատարելով Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանին, հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ երգչուհու` մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել, նա Ռուսաստանում կրկին վիրահատվել է եւ հիմա գտնվում է վերականգնողական փուլում:
Եվա Ռիվասը
Եվա Ռիվասը, տեղեկանալով մեծ աղմուկ բարձրացրած այս հոդվածի մասին, անձամբ է հարցազրույց տվել BRAVO.am-ին` առաջին հերթին նշելով հետեւյալը. “Աշխարհի տարբեր անկյուններից նամակներ եմ ստանում. մարդիկ անհանգստացած են իմ առողջական վիճակի համար: Ուզում եմ, որ բոլորն իմանան` ամեն ինչ լավ է, երկրորդ անգամ չեմ վիրահատվել: Երեւանում նախորդ տարի վիրահատվելուց հետո բարդություններ չեն եղել, ես ոչ մի հիվանդություն չունեմ”:
Մեր հարցին, թե ինչու են իր եւ պրոդյուսերի խոսքերը հակասում իրար եւ ինչ է պատահել իրականում, երգչուհին պատասխանել է. “Ոչ մի բան էլ չի պատահել, ես առողջ եմ: Չգիտեմ, գուցե Վալերիին ինչ-որ մեկը ապատեղեկացրել է: Ես լավ եմ եւ չեմ ուզում, որ իմ երկրպագուները, բոլորը մտածեն, թե հիվանդ եմ: Եթե որեւէ մեկը մեղադրի, որ խաբում եմ, կարող եմ ապացուցել հակառակը, դա շատ հեշտ է”:
Եվա Ռիվասը
“Աշխատելու հնարավորություն չեմ ունեցել”. Եվա Ռիվաս
Հետաքրքրվեցինք նաեւ` ինչով է զբաղված եղել Եվա Ռիվասը “լռության” շրջանում. “Վերջին ամիսներին ոչինչ չեմ արել. կան որոշ նրբություններ, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել: Ցավոք սրտի, աշխատելու հնարավորություն չեմ ունեցել, որովհետեւ դա ինձնից կախված չէր: Շատ եմ կարոտում Երեւանը, իմ երկրպագուներին, բոլորին: Համոզված եմ` շուտով նոր երգ կլինի, նոր տեսահոլովակ, որոնցով կզբաղվեմ առաջիկայում”:
Ինչպես ամռանն ենք տեղեկացրել, երգչուհին նկարահանվել է “Արմենիա” կոչվող երգի տեսահոլովակում: Նա նշում է` անձամբ իրեն են զանգահարել նախագծին մասնակցելու առաջարկով. “Ինձ հետ հանդես են գալիս նաեւ հայտնի այլ երգիչներ, շատ հետաքրքիր նախագիծ է, դրա համար էլ համաձայնեցի”:
Եվա Ռիվասը
Եվա Ռիվասը բաժանվել է սիրելիից
Եվա Ռիվասը BRAVO.am-ին մանրամասներ է հայտնել նաեւ իր անձնական կյանքից. “Չեմ ամուսնացել, նշանված էլ չեմ: Երեք տարի հանդիպելուց հետո` վերջերս բաժանվել եմ իմ տղամարդուց: Հիմա ես ազատ եմ եւ ամբողջ ուշադրությունս, էներգիաս ուղղված է աշխատանքի վրա. կարիերայովս եմ զբաղվելու”:
Երգչուհին խնդրել է փոխանցել, որ շատ է սիրում իր երկրպագուներին, հուսով է` իրեն չեն մոռացել, առաջիկայում պատրաստվում է գալ Երեւան` մասնակցելու “Արմենիա TV”-ի ամանորյա նկարահանումներին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Ռիվասի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: