×


Եվրատեսիլյան “իրարանցման” մեջ այս օրերին Վահագն Մարգարյանն է :)

“Պատանի պարողների Եվրատեսիլ”-ի Հայաստանի առաջին մասնակիցը` 17-ամյա Վահագն Մարգարյանը, Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին կայանալիք այս տարվա մրցույթին հանդես կգա “Փակուղի” կոչվող բեմադրությամբ:

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Մարգարյանը


Վահագնի խոսքով` սա նաեւ իր կյանքում առաջին մրցույթն է.“Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ ներկայացնում եմ ոչ թե ինձ, այլ հայ ազգը: Իհարկե, հուզվածություն կա, եւ ով էլ լիներ իմ տեղում, կարծում եմ, կհուզվեր: Բայց այսօր մենք անում են հնարավոր ամեն բան, ամեն շարժումի վրա աշխատում ենք ժամեր շարունակ, որպեսզի լավ ներկայանամ, լավ տպավորություն թողնենք”:

“Եվրատեսիլ” նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ մեր պատվիրակությունը Լեհաստան կմեկնի հունիսի 7-ին. “Այնտեղ մեզ է միանալու նաեւ Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, որը բեմադրել է մեր մասնակցի պարը”:

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանը կներկայացնի Վահագն Մարգարյանը


“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի կանոնների համաձայն` մասնակիցները ներկայացնելու են մեկուկես րոպե տեւողությամբ համար, որին հաջորդելու է տեղի խորեոգրաֆի բեմադրած խմբակային պարը, իսկ եզրափակիչ անցած երկու պարողն արդեն կմրցեն իմպրովիզներով:

Պարուսույց Արմեն Գրիգորյանը, Գոհար Գասպարյանը եւ Վահագն Մարգարյանը


Վահագն Մարգարյանի պարուսույց, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի մասնակցի ներկայացնելիք “Փակուղի” բեմադրության երաժշտության հեղինակը Օտտո Բուբենչիկն է, որն իր զույգ եղբոր` Իրժիի հետ բավական հայտնի է եվրոպական բալետային աշխարհում: Գոհար Գասպարյանն էլ հավելել է, որ երաժշտության մեջ օգտագործվել են դուդուկի ելեւէջներ.“Բեմում անպայման լինելու է հայկական շունչ”:

“Եվրատեսիլ” նախագծի հայաստանյան պատասխանատուն նաեւ ասել է, որ մրցույթի շրջանակում մեր պարողի հետ մրցելու են Չեխիայի, Նորվեգիայի, Սլովենիայի, Նիդերլանդների, Բելառուսի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

Գոռ Սուջյանը, Գոհար Գասպարյանը եւ Վահագն Մարգարյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ հաղթողը որպես պարգեւ ստանալու է 7000 եվրո, իսկ երկրորդ տեղ զբաղեցրած պարողը` 3000 եվրո. “Ժյուրիի 4 անդամներից երեքի անունն արդեն իսկ հայտնի է: Մեկը Նադյա Էսպիրիտուն է Գերմանիայից, որը հիփ-հոփի մասնագետ է, մյուսը` բալետի մասնագետ Քրիստոֆ Պաստորը Լեհաստանից եւ ժամանակակից պարերի մասնագետ Քամերոն ՄքՄիլանը Անգլիայից”:

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի ավարտից հետո սկսվելու են “Մանկական Եվրատեսիլ 2013”-ի նախապատրաստական աշխատանքները:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի եւ Վահագն Մարգարյանի "ֆեյսբուքյան" էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW