Մասնագիտությամբ լեզվաբան Զառա Մինասյանը մոտ տասը տարի մոդելային ասպարեզում է, նշում է, որ ամենից շատ սիրում է նորաձեւության ցուցադրությունները, բայց որպես ֆոտոմոդել բազմիցս հանդես է եկել տարբեր ֆոտոշարքերում:
Մոդել Զառա Մինասյանը
“Մերկ չեմ նկարահանվում, բայց լուսանկարիչները ֆոտոսեսիայի ընթացքում մեկ-մեկ ուզում են մերկացնել ինձ ավելի բաց լուսանկարներ ստանալու համար, ասում եմ, որ համաձայն չեմ, ոչ մի խնդիր չի լինում: Չնկարվելուս պատճառը մեր հասարակության մտածելակերպն է. ցանկանում եմ հեռու մնալ ավելորդ ռեպլիկներից, բամբասանքներից”,-BRAVO.am-ին ասել է Զառան:
Զառա Մինասյանը նկարահանվում է "Շանթ"-ի "Անծանոթը" հեռուստասերիալում
Նրա խոսքով` Հայաստանում մոդելի աշխատանքը չի գնահատվում ո՛չ գումարով, ո՛չ վերաբերմունքով. “Իսկ եվրոպական երկրներում, որտեղ մասնակցել եմ տարբեր նկարահանումների, մարդիկ հիանում են մոդելի աշխատանքով: Ի տարբերություն մոդելների, սերիալային դերասանները մեր երկրում մի փոքր ավելի են գնահատվում, հստակ աշխատավարձ ունեն, իսկ մոդելներն ամիսներով չեն մասնակցում ցուցադրությունների, հետո միանգամից երկու-երեք ցուցադրության հրավեր են ստանում: Այս առումով սերիալում նկարվելն ավելի եկամտաբեր է”:
Զառա Մինասյանը
26-ամյա Զառան նկարահանվում է “Շանթ” հեռուստաընկերության “Անծանոթը” սերիալում, նրա փոխանցմամբ` առաջարկն ընդունել է զուտ հետաքրքրության համար. “Երբ “Ինդիվիդում քասթինգ”-ից Աշոտ Սարգսյանն առաջարկեց ուժերս փորձել, որոշեցի մասնակցել ու մոդելային արտաքինիս համար դեր ստացա: Հիմնականում նկարահանվում եմ շաբաթական 3 օր, երբեմն էլ մինչեւ կեսգիշեր նկարահանման վայրում եմ մնում”:
Զառա Մինասյանը նկարահանվում է "Շանթ"-ի "Անծանոթը" հեռուստասերիալում
Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Հետաքրքիրն այն է, որ դերասանական փորձ չունեմ, բայց գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերուսուհու կերպար են առաջարկել: Մարտից նկարահանումները կսկսվեն: Այն անպատասխան սիրո մասին է, ես երբեւիցե անպատասխան չեմ սիրել ու չեմ պատկերացնում` ինչպես եմ ներկայացնելու աղջկա ապրումները: Եթե նկարահանվեմ, պետք է մասնագիտական դասընթացների գնամ կերպարս հնարավորինս լավ կերտելու համար”:
Զառա Մինասյանը
Մեզ հետ զրույցում Զառա Մինասյանը նշել է` սիրտը զբաղված է, սիրելի տղամարդն էլ դեռեւս չի խոչընդոտում իր աշխատանքին.“Իսկ ամուսնությունից հետո մոդելային կարիերաս կավարտվի: Նա այն մարդն է, որին սիրում եմ ու պատրաստ եմ զիջումների գնալ, մանավանդ մոդելի աշխատանքը մինչեւ 30 տարեկանն է տեւում: Այնպես չէ, որ տանը փակվելու եմ եւ ընդհանրապես չաշխատեմ, բայց նկարահանումների ու ցուցադրությունների դժվար թե մասնակցեմ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Գագիկ Հարությունյանի, Վիգեն Հախվերդյանի, Արտյոմ Հարությունյանի, Մեսրոպ Սիմոնյանի, Դամիան Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: