Լոսանջելեսաբնակ Թենի Փանոսյանն իրեն համարում է գեղեցկության ու խնամքի գիտակ, “Miss Maven”/“Միսս Գիտակ”/ անունով բլոգ է վարում, որտեղ եւ կիսվում է իր խորհուրդներով: Սակայն բլոգինգն իրանահայ գեղեցկուհու միակ սիրելի զբաղմունքը չէ. Թենին նաեւ դերասանուհի է. փոքրիկ դերերով հանդես է եկել մի շարք ֆիլմերում, նկարահանվել է տեսահոլովակներում եւ գովազդներում: Բլոգեր-դերասանուհին իր առաջին գլխավոր դերը ստանձնել է “Mac & Devin Go to High School” ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն են Սնուփ Դոգն ու Ուիզ Խալիֆան:
Թենի Փանոսյանը
Թենի Փանոսյանն այս շրջանում չափազանց զբաղված է տարատեսակ լսումներով, բայց իր “ուիքենդից” որոշ ժամանակ է տրամադրել BRAVO.am-ին ու պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին :):
Երբեք չի եղել Հայաստանում, բայց…
Ծնվել եմ Թեհրանում, երբ երկու տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Հունաստան, երեք տարի անց էլ` Միացյալ Նահանգներ: Ծնողներս եղել են Հայաստանում, բայց, ցավոք, ես այդ հաճույքը դեռ չեմ վայելել, չնայած` շատ եմ ցանկանում եւ զգում եմ, որ շատ շուտով անպայման այցելելու եմ:
Թենի Փանոսյանը
Հասկացել է, որ ժամանակն է ռիսկի դիմել
Երբ ավարտեցի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հաղորդակցության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան, հասկացա, որ ողջ կյանքիս ընթացքում ամեն ինչ արել եմ անվտանգ ձեւերով, անմիջապես ցանկություն առաջացավ գոնե մեկ անգամ ռիսկի դիմել` բլոգ բացել, մուտք գործել դերասանության ասպարեզ:
Չափազանց սիրում է
Գրեթե միաժամանակ սկսեցի նկարահանվել ու վարել բլոգս: Երկու ոլորտն էլ չափազանց սիրում եմ. դրանք ինձ հնարավորություն են ընձեռում ստեղծագործել ամենատարբեր ձեւերով:
Թենի Փանոսյանը
Երկու հիմնական պատճառ
Բլոգս բացել եմ մոտ 3 տարի առաջ` երկու հիմնական պատճառով. նախ` միշտ սիրել եմ գրել, կապ չունի սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակով, բացի այդ, շատ ընկերուհիներ ունեմ, որոնք ինձ հաճախ են դիմում գեղեցկության ու խնամքի վերաբերյալ հարցերով. այնպես է ստացվել, որ խնամքի միջոցների մասին շատ բան գիտեմ: Այսպիսով, փոխարենը ընկերուհիներս զանգահարեն ինձ, օրինակ` խանութից, ու հարցնեն`խնամքի ինչ միջոց գնել, որոշեցի խորհուրդներովս կիսվել բլոգում եւ ոչ միայն ընկերուհիներիս հետ :):
Սիրել է
Փոքրուց սիրել եմ նկարել, ինչի շնորհիվ կարողանում եմ նաեւ բավական լավ դիմահարդարել: Երբեք չեմ հաճախել դիմահարդարման պրոֆեսիոնալ դասընթացների:
Թենի Փանոսյանը
Չգիտեր` որտեղից սկսել
Վաղուց էի ուզում մուտք գործել դերասանության ասպարեզ, բայց չգիտեի` ինչպես, չգիտեի` որտեղից սկսել: Բախտի բերմամբ ծանոթացա այնպիսի մարդկանց հետ, որոնք ինձ շատ օգնեցին այս հարցում, օրինակ` ուսուցիչներս, մենեջերս եւ այլն: Նկարահանվել եմ երաժշտական, գովազդային հոլովակներում, բայց ավելի ցանկանում եմ հանդես գալ հեռուստանախագծերում ու ֆիլմերում:
Ուիզ Խալիֆայի ընկերուհու դերում
Տարբեր ֆիլմերում փոքրիկ դերեր եմ ունեցել: Չափազանց լարված էի “Mac & Devin Go to High School” ֆիլմում նկարահանվելիս. դա իմ առաջին գլխավոր դերն էր, բացի այդ, նկարահանվում էի ռեփերներ Ուիզ Խալիֆայի եւ Սնուփ Դոգի հետ` մարմնավորելով Ուիզի ընկերուհու կերպարը: Նրանք այնքան զվարճալի տղաներ են, որ ես իրոք վայելեցի նրանց հետ աշխատանքը:
Ուիզ Խալիֆան եւ Թենի Փանոսյանը` “Mac & Devin Go to High School” ֆիլմում
Կյանքի այս շրջանի մասին
Շուտով սկսվելու են “Committed”-ի նկարահանումները: Այս ֆիլմում եւս փոքրիկ դեր ունեմ: Իսկ ընդհանուր հիմա լսումների շրջանում եմ. լսումներ` լսումների հետեւից:
Հպարտ է
Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ մեր ազգի ներկայացուցիչն եմ հատկապես այս ոլորտում:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Թենի Փանոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: