×


Ի՞նչ է կատարվել Յաննիի երեւանյան համերգին

“Բարեւ, Երեւա՜ն: Շատ ուրախ եմ, որ Երեւանում եմ”. Յաննին ապրիլի 20-ին հայերեն այս խոսքերով ողջունեց Մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսականներին ու նվագախմբի երաժիշտների հետ մոտ երկու եւ կես ժամ տեղափոխեց իր երաժշտության աշխարհ:):

Յաննիի երեւանյան մենահամերգին


Դահլիճը բուռն էր արձագանքում նրա յուրաքանչյուր խոսքին ու ժեստին, ծափահարությունները կրկնապատկվում էին հատկապես հայ ջութակահար Սամվել Երվինյանի նվագակցության ընթացքում:

“Ինչպես խոստացել էի, մենք վերադարձանք ու չենք մոռանա ձեզ: Օդանավակայանից սկսած` բոլորը շատ ջերմ ընդունեցին: Այնքան երգեր եմ պատրաստել, որ ուզում եմ այս երեկոն անվերջ շարունակվի”,-նշեց ազգությամբ հույն Յաննին:

59-ամյա դաշնակահար-երաժիշտը կիսվում էր տպավորություններով, երբեմն պատմում իր երգերի ստեղծման պատմությունը. “Կյանքի ընթացքում ներգործող ուժերից ամենաուժգինը սերն է: Հաջորդ երգը մի այդպիսի սիրուց է ծնվել ու կոչվում է “Felitsa”, իսկ Ֆելիցան մայրս է”:

Յաննիի երեւանյան մենահամերգին


Կատարումներից հետո Յաննին հայերենով պարբերաբար շնորհակալություն էր հայտնում, հետո անգլերենով պատմում իր շրջագայությունների մասին: Այս համերգը եւս “Աշխարհն առանց սահմանների” խորագիրը կրող տուրնեի մաս է: Հայաստանից առաջ Յաննին իր նվագախմբի հետ ելույթ է ունեցել Ռումինիայում, Արաբական Էմիրություններում, Բելառուսում, Ռուսաստանում, իսկ երեւանյան համերգներից հետո խմբով մեկնելու են Չինաստան, Իսրայել, Լիբանան եւ այլուր:

“Երաժշտությամբ զբաղվելու ամենալավ կողմերից է աշխարհով մեկ ճամփորդելը, որի շնորհիվ ծանոթանում ես այդքան տարբեր երկրների մշակույթներին: Եթե քեզ թույլ տաս, շատ բան կսովորես: Հիշում եմ` անցյալ տարի մի քանի շաբաթ գտնվում էինք Չինաստանում: Չինացիներն ինձ արժանացրին պանդա որդեգրելու պատվին”, - պատմեց հանրահայտ երաժիշտը` խոստովանելով, որ իր համար շատ հուզիչ էր, քանի որ այնտեղ այդ հնարավորությունը սովորաբար տրվում է պետություններին, ոչ թե անհատներին.“Ես ընտրեցի իգական սեռի պանդայի ու նրան անվանեցի Սանտորինի, ինչը հունարեն նշանակում է սուրբ խաղաղություն, նաեւ Հունաստանի ամենագեղեցիկ կղզիներից մեկի անունն է”:

Յաննիի երեւանյան մենահամերգին


Յաննիի երաժշտական խումբը բազմազգ է. մեկ բեմում են նվագում Միացյալ Նահանգների, Կանադայի, Վենեսուելայի, Կուբայի, Պարագվայի, Ռուսաստանի, Թայվանի, եւ իհարկե, Հայաստանի ներկայացուցիչները: Համերգի ընթացքում բոլոր երաժիշտները ներկայացրին իրենց սոլո կատարումները, իսկ Սամվել Երվինյանն անակնկալ ուներ. նա իր ջութակով հնչեցրեց հայկական Շալախո եւ արժանացավ բուռն ծափերի ու բացականչությունների:

Հանդիսատեսի բուռն ծափերին արժանացավ նաեւ ամերիկացի թմբկահար Չարլի Ադամսը, որը հագել էր “Armenia” գրությամբ եւ հայկական զինանշանով սպիտակ վերնաշապիկ ու փայտիկների հարվածով ստեղծում էր հնչյունների անհավանական արագություն:

Յաննին իր երգերից մեկը ներկայացնելիս նշեց` այն գրել է` ոգեշնչվելով ամենագեղեցիկ ձայնով թռչնից` սոխակից, ու այդպես էլ անվանել է` “Nightingale”, որը կատարեց ամերիկացի վոկալիստ Լորեն Ջելենկովիչը:
 

Յաննիի երեւանյան մենահամերգին


Յաննին ընդգծեց, թե փորձում է իր երաժշտությամբ դրական էմոցիաներ փոխանցել եւ “The Storm” ստեղծագործությունից հետո պատմեց, որ աշխարհի պետությունները տեսնում է առանց սահմանների.“Հիշում եմ` տարիներ առաջ մի տիեզերագնաց պատմում էր, թե Երկիր մոլորակն ինչ տեսք ունի տիեզերքից: Ասում են` վերեւից դժվար է առանձնացնել պետությունները, քանզի այն գծերն ու սահմանները, որ կան քարտեզի վրա, վերեւում չկան: Ուզում եմ, որ վերջապես հասկանանք` բոլորս մարդիկ ենք ու բնակվում ենք կախարդական վայրում, որը կոչվում է Երկիր մոլորակ, եւ ինչ անում ենք, անդրադառնում է մեզ վրա”:

Երաժիշտը համերգը եզրափակեց “One Man's Dream” իր հայտնի ստեղծագործությամբ` նվիրելով այն բոլոր ներկաներին ու խոստանալով հաջորդ տարի կրկին վերադառնալ Հայաստան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW