×


Ինչո՞ւ էր Սյուզան Մարգարյանը գնացել մանկապարտեզ:)

Սյուզան Մարգարյանի “Նոր տարի” ձայնասկավառակի երգերի տեքստերը թողարկվել են օրերս՝ գրքույկի տեսքով: BRAVO.am-ն ուղիղ մեկ տարի առաջ պատմել է ձայնասկավառակի մասին, որի երգերի հեղինակը երգչուհու դուստրն է՝ Սիրուշոն:

“Մանկապարտեզի յուրահատուկ շունչն այսօր էլ չի փոխվել, ինչի համար ուրախ եմ”. Սյուզան Մարգարյան


Սյուզան Մարգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ գրքույկները բաժանվել են Երեւանի մանկապարտեզներին, որ “փոքրիկները երգերը սովորեն ու երգեն ամանորյա հանդեսներին: Երգչուհին երեկ այցելել է Երեւանի թիվ 99 մանկապարտեզ, որտեղ կազմակերպված նախատոնական հանդեսին երեխաները կատարել են ձայնասկավառակի երգերը:

5-ամյա Ինեսան ու 6-ամյա Մհերը մյուս մանուկների նման տոնական հագուստ էին հագել ու պատրաստվել հանդեսին: Փոքրիկների խոսքերով՝ շատ են սիրում երգել ու պարել, Նոր տարվա երգերն ավելի ոգեւորությամբ են երգում, որ Ձմեռ պապիկը շատ նվերներով գա:). “Ուզում եմ Նոր տարին շուտ գա, որ Ձմեռ պապիկն ինձ տիկնիկ բերի”, - մեզ հետ զրույցում ասել է փոքրիկ Ինեսան, իսկ Մհերը որոշել է մայրիկի օգնությամբ Ձմեռ պապիկին նամակ գրել ու չմուշկ խնդրել:):

Ձայնասկավառակի երգերը փոքրիկները երգել են մի քանի խմբով: Ի դեպ, նրանց շուրթերից ամենաշատը հնչել է “Ամանոր” երգը: “Ինձ համար զարմանալի չէր. այդպես էլ սպասում էի, քանի որ այդ երգը շատ մատչելի ու ականջին հասանելի է, տեքստն էլ երեխաներին կարող էր հետաքրքրել: Թեեւ որ երգն էլ կատարեին, ինձ համար հաճելի կլիներ”, - ասել է Սյուզան Մարգարյանը:

“Որ երգն էլ կատարեին, ինձ համար հաճելի կլիներ”. Սյուզան Մարգարյան


“Դուք իմ կյանքը երկարացրիք”. Սյուզան Մարգարյան

“Սիրուշոն ձայնասկավառակն ինձ նվիրեց բոլոր առումներով, ինձ մնում էր միայն երգելը: Նպատակն այն էր, որ մանուկներն ունենան հայալեզու երգեր՝ նվիրված Ամանորին ու ձմռանը: Դուք իմ կյանքը երկարացրիք ու տոն դարձրիք:)”, -իր խոսքն երգչուհին ուղղել է երեխաներին:

Սյուզան Մարգարյանը չէր հիշում՝ վերջին անգամ երբ էր եղել մանկապարտեզում. “Միայն հիշում եմ, որ մեծ հաճույքով եմ գնացել մանկապարտեզ ու ակտիվիստներից մեկն եմ եղել: Մեծ սիրով կցանկանայի այնտեղ էլ գնալ, բայց ավարտելուց հետո չեմ եղել, չգիտեմ՝ գործում է, թե ոչ: Մանկապարտեզի յուրահատուկ շունչն այսօր էլ չի փոխվել, ինչի համար ուրախ եմ”:

Թողարկվել են Սյուզան Մարգարյանի “Նոր տարի” ձայնասկավառակի երգերի տեքստերը


Երգչուհուն կազմակերպչական հարցերով աջակցում է “Սիրուշո փրոդակշն”-ի տնօրեն Արեւիկ Ուդումյանը, որը եւս ներկա էր հանդիպմանը. “Միայնակ չէի կարողանա իրագործել, իրենց գործին նվիրված մարդիկ կողքիս են: Հաջորդ տարի կփորձենք այցելել նաեւ մարզերի մանկապարտեզներ, չնայած ձայնասկավառակը միայն բալիկների համար չէ, նաեւ մեծերին է ուղղված”:

Առայժմ գաղտնի կպահի:)


Մանկապարտեզի հանդեսի ավարտին Սյուզան Մարգարյանը նշել է, որ արդեն պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին. “Սիրում եմ ընդունել հյուրեր, ձեւավորել տունը համապատասխան աքսեսուարներով: Ամեն տարի մտածում եմ՝ ինչ նոր ճաշատեսակ պատրաստել, առայժմ գաղտնի կպահեմ, քանի որ ընտանիքիս անդամները կկարդան ու կիմանան:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW