Ռուսական “Therr Maitz’’ խումբն այս օրերին Երեւանում էր: Մայիսի 10-ին նրանք ելույթ ունեցան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հաջորդ օրը խմբի երկրպագուները եւս մեկ հնարավորություն ունեցան լսել սիրելի կատարումներն արդեն “Kami” ակումբում:
Անտոն Բելյաեւը
Խմբի ֆրոնթմենն Անտոն Բելյաեւն է, որին շատերը սիրեցին ռուսական “Ձայն”-ից, մյուսներն էլ ճանաչում էին դեռ մինչեւ հայտնի նախագծին մասնակցելը: “Therr Maitz’’ թարգմանաբար հստակ ոչինչ էլ չի նշանակում. Անտոնը պատմում է, որ խմբի հիմնադրման պահին պետք էր անուն մտածել, եւ ծնվեց “Therr Maitz’’-ը:
Ի դեպ, խումբը հիմնադրել է հենց Անտոն Բելյաեւը` 2004 թվականին: Նրանք ներկայացնում են երաժշտական տարբեր ուղղությունների միախառնում՝ արդյունքում ստեղծելով սեփականը: “Therr Maitz’’-ը հասցրել է մասնակցել “Maxidrom, “Усадьба Джаз”, “Greenfest” եւ այլ փառատոնների:
Ով գոնե մեկ անգամ տեսել է Անտոն Բելյաեւի եւ “Therr Maitz’’-ի ելույթը, գիտի, թե ինչպես է անցել նաեւ բենդի երեւանյան համերգը` խենթություն, իմպրովիզներ, դահլիճի հետ անմիջական շփում, հույզեր, հումոր ու անվերջ դրական լիցքեր…
“Therr Maitz’’ խմբի երեւանյան համերգին
Համերգի ընթացքում, որի կազմակերպիչն էր "One Production"-ը, հնչեցին հայտնի երգերի քավեր տարբերակներ. “Բիթլզ”-ի, Սթինգի, Քրիս Այզեքի եւ մյուսների երգերի ընթացքում խմբին ձայնակցում էին բոլոր ներկաները: “Therr Maitz’’-ը կատարեց նաեւ հեղինակային երգերից մի քանիսը: “Դեռ էլի երգեր ունեք երգելու…”. հանդիսատեսը չթողեց, որ նրանք հեռանան բեմից, եւ Բելյաեւը շարունակեց ելույթը:): Նշենք, որ խմբի հետ ելույթ է ունեցել նաեւ շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը:
“Համարեք, որ սա ծանոթություն էր: Անպայման կվերադառնանք արդեն մեր հեղինակային կատարումներով”,-հրաժեշտ տալուց ասաց Բելյաեւը: Ակումբային համերգից հետո երաժիշտը դեռ երկար լուսանկարվում ու զրուցում էր երկրպագուների եւ ներկաների հետ: Քիչ անց, “Ինստագրամ”-ում երաժիշտները փոքրիկ տեսանյութ տեղադրեցին “Երեւանը սեր է” գրությամբ: Այս դեպքում սերը փոխադարձ էր:):
Սոֆի Մխեյանը, Անտոն Բելյաեւը եւ Նազենի Հովհաննիսյանը
“Therr Maitz’’-ը ներկայանում է հետեւյալ կազմով`
Անտոն Բելյաեւ – վոկալ, ստեղնաշարային գործիքներ
Վիկտորիա Ժուկ - վոկալ
Նիկոլայ Սարաբյանով - կիթառ
Արտյոմ Տիլդիկով – բաս-կիթառ
Բորիս Իոնով – հարվածային գործիքներ
Իլյա Լուկաշով - ձայնային ռեժիսոր
Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք նաեւ BRAVO.am-ի հարցազրույցը Անտոն Բելյաեւի հետ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: