×


Ինչպես է դասավորվել “Միսս Հայաստան 2006” Մարինա Վարդանյանի կյանքը

Շարունակելով ներկայացնել տարբեր տարիներին “Միսս Հայաստան” տիտղոսին արժանացած հայուհիներին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է 2006 թվականին ամենագեղեցիկը ճանաչված Մարինա Վարդանյանի հետ: Պարզվում է` մրցույթից մեկ տարի անց նա դադարեցրել է գործունեությունը մոդելային ասպարեզում, ամուսնացել է` իր ամբողջ ժամանակը նվիրելով նորաստեղծ ընտանիքին, եւ այսօր արդեն երկու երեխայի մայր է:

Մարինա Վարդանյանն` ամուսնու` Արթուր Ղարիբյանի հետ


Ամուսնությունից հետո Մարինան մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանում, այժմ զբաղվում է տասն ամսական որդու խնամքով, իսկ երբ երեխան փոքր-ինչ մեծանա, որպես ուսուցիչ-կազմակերպիչ, կշարունակի աշխատանքը մանկապատանեկան արվեստի մոսկովյան “Մարինո” կենտրոնում:

“Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում չեմ ապրում, հաճախ եմ այցելում հյարենիք, ինչը չեմ կարող ասել ամուսանուս մասին, քանի որ նա զբաղվածության պատճառով նույնը չի կարող իրեն թույլ տալ”,-ասել է Մարինան` տեղեկացնելով, որ ամուսինը` Արթուր Ղարիբյանը, Մոսկվայի Դոմոդեդովո շրջանը ներկայացնող պատգամավորներից է:

Մարինա Վարդանյանի դուստրը


Խոսելով մոդելային աշխատանքի վերաբերյալ ամուսնու դիրքորոշումից` նա նշել է, որ Արթուրն առաջադեմ հայացքներ ունի, եւ եթե ցանկանար շարունակել իր գործունեությունն այդ ոլորտում, ապա վերջինս դեմ չէր լինի: Իսկ հետադարձ հայացք գցելով “Միսս Հայաստան” մրցույթին` Մարինան ասել է, որ թեեւ այն նյութական առումով իրեն ոչինչ չի տվել, այսօր ունի լավ հիշողություններ.“Այն պարգեւեց ճանաչում հանրության շրջանում եւ դրական հույզեր: Ի վերջո, հաղթանակը հաճելի է ցանկացած պարագայում”:

Մեր հարցին, թե խանդն ինչ դեր ունի իր ընտանիքում, Մարինան պատասխանել է. “Մենք արդեն մեծ մարդիկ ենք, ունենք համատեղ երկու երեխա եւ ոչ միայն չենք խանդում միմյանց, այլեւ դրա առիթն էլ չենք տալիս. մենք վստահում ենք իրար: Մեր ընտանիքն իսկական հայկական ընտանիք է, որը պահպանում է հայկական ընտանեկան մշակույթը, արժեքներն ու ազգային ավանդույթները”:

Մարինա Վարդանյանի երեխաները


Մարինա Վարդանյանն իրեն երջանիկ կին է զգում, քանի որ ունի լավ ամուսին, հրաշալի դուստր եւ որդի, իսկ թե կհամալրի արդյոք “Միսս Հայաստան” տիտղիսակիր բազմզավակ մայրերի շարքը, նշել է, որ ինքն ու ամուսինը դեռեւս չեն պլանավորում երրորդ երեխան ունենալ:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Վարդանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW