×


Ինչպես է անցել «Օրրան»-ի 13-րդ բարեգործական ընթրիքը

Արդեն 13 տարի անընդմեջ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնը կազմակերպում է բարեգործական գալա-ընթրիք, որի նպատակը ֆինանսական միջոցներ գտնելն է Երեւանի եւ Վանաձորի կենտրոններ այցելող կարիքավոր երեխաների ու տարեցների համար։

Տոնական ընթրիքին հրավիրված էին «Օրրան»-ի աջակիցները՝ գործարար-ներդրողներ, դիվանագետներ, արվեստի ու հեռուստատեսության ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած նվիրատուներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ միջոցառման վայրը փոխվել էր. Վահագնի թաղամասում շուրջ չորս ժամ տեւողությամբ երեկույթի առաջին հատվածը՝ հյուրերի ընդունելությունը, բացօթյա լողավազանի մոտ էր, որից հետո Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարել է ճաշի օրհնության արարողությունը, եւ տերունական աղոթքից հետո ներկաները համտեսել են մատուցված խորտիկները։

Երեկույթի մեկնարկը վարել են Արտակ Վարդանյանն ու Դիանա Մալենկոն, իսկ աճուրդի հատվածը վստահված էր «Միսս Արմենիա 2018» Արենա Զեյնալյանին, Նաիրի Գրեյս Բարդակջյանին, Գոռ Հարությունյանին եւ Քրիստոֆ Սփեկին.«Միասին վայելում ենք հրաշալի երեկո ու համեղ ուտեստներ՝ նպատակ ունենալով օգնել «Օրրան»-ին՝ իրականացնելու իր մեծ առաքելությունն ուղղված կարիքավոր ընտանիքներին։ Հրաշք երեխաներ են, ովքեր իրենց բնօրրանը գտել են «Օրրան»-ում։ Հիմա օգնելով երեխաներին՝ սերմ ենք ցանում նրանց հետագա կյանքի համար, նրանցից յուրաքանչյուրն ապագայում անհատ է դառնալու», - նշել են հանդիսավարները։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


Նվիրատվությունների երեկույթի ընթացքում ելույթ են Սրբուհի Սարգսյանն իր բենդով, նաեւ բեմադրիչ Վահան Բադալյանի ղեկավարած «Փոքր թատրոնի» դերասանները՝ յուրահատուկ պարային համարով։

Աճուրդին խաղարկվում էին բազմազան իրեր՝ նկարչուհի Արեւ եւ Արեգ Պետրոսյանների գունազարդված կտավի եւ արձանի համաձուլվածքը, լյուքս կարգի վիսկի, պտղատու ծառ՝ «Օրրան»-ի բակում, կավե արձան՝ պատրաստված կավե խմբակի սաների կողմից, թռիչք օդապարիկով, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի նմանակ «Միկի» տիկնիկը, որը նա ստորագրել է եւ նվիրել «Օրրան»-ին։ Նվիրատուները ձեռք են բերել խաղարկվող նմուշները՝ դրամական նվիրատվություն կատարելով «Օրրան»-ին, որպեսզի վերջինս կարողանա շարունակել կարիքավոր ընտանիքներին օգնելու իր առաքելությունը։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ ճաշկերույթի նպատակը մեկն է՝ օգնության ձեռք մեկնել երեխաներին ու տարեցներին.«Ես ու Րաֆֆին ցանկանում էինք ստեղծել մի տաքուկ անկյուն, որտեղ միայնակ երեխաներն ու տարեցները կարող էին իրենց ապահով ու սիրված զգալ։ Մենք բարեգործական ընթրիք ենք կազմակերպում` խնդիր դնելով դրամական միջոցներ հայթայթել մուրացկանությունը կանխելու եւ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելու ծայրահեղ կարիքավոր ընտանիքների խնդիրների վրա»:

Ի դեպ, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ երեւանյան ընթրիքից հետո ԱՄՆ-ում եւս սեպտեմբերի 30-ին կկայանա «Օրրան»-ի բարեգործական ընթրիքը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Լոս Անջելեսում կայացած բարեգործական աճուրդին խաղարկվել են «SOAD»-ի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանի կիթառը, Ջոն Դոլմայանի նկարազարդ երաժշտական ափսեն, Շավո Օդաջյանի արծաթե վզնոցը:

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


Հավելենք, որ 2000 թվականին հիմնադրված Օրրան բարեգործական ՀԿ-ն սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ է մատուցում շուրջ 250 կարիքավոր երեխայի եւ 100 տարեցի։ Շաբաթական 5 օր առավոտյան այցելում են Օրրանի վանաձորյան եւ երեւանյան կենտրոններ, որտեղ սնվում են, օգտվում տարատեսակ ծառայություններից: Բացի այդ, տարեց շահառուները հետաքրքիր ժամանակ են անցկացնում՝ շփվելով միմյանց հետ, երգելով ու մասնակցելով տարբեր միջոցառումների:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW