16 տարի առաջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, քաղաքական գործիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Իոսիֆ Կոբզոնը մենահամերգ ունեցավ Երեւանում: Փոքր երեխա էի ու պապիկսի հետ ներկա գտնվեցի այդ համերգին, որը սկսվեց ժամը 19:00-ին` ավարտվելով կեսգիշերն անց: Անսպառ էներգիայի տեր 75-ամյա Կոբզոնը բարեգործական մենահամերգով կրկին վերադարձել էր Երեւան, որն էլ կայացավ նոյեմբերի 22-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Երգիչը կատակեց` “Չվախենաք, այս անգամ համերգը ավելի կարճ է տեւելու”, բայց միեւնույն է, հասցրեց ներկայացնել իր սիրված ու հիթ դարձած կատարումները՝ չմոռանալով անդրադառնալ Բաբաջանյանի, Թարիվերդիեւի ստեղծագործություններին:
Իոսիֆ Կոբզոնը
Վատն է այն մարդը, ով հաշվում է փողերն ու տարիները:
Կարծում էի` ստեղծագործական 60 տարին բավական են, բայց մյուս կոլեգաներս չհետեւցին իմ օրինակին ու չհեռացան բեմից: Ես էլ շարունակում էի համերգների մասնակցության հրավերներ ստանալ: Կրկին բեմ վերադարձա:
Հրեաները հրաժեշտ են տալիս, բայց չեն հեռանում:
Իմ համերգները հրաժեշտի չեն, այլ` հոբելյանական:
Միգուցե հեռանամ հանրային կյանքից, բայց վերադառնալու եմ այնքան ժամանակ, որքան առողջությունս կների:
Երեւան նախորդ այցիս ընթացքում դիմեցի այդ ժամանակ նախագահող Ռոբերտ Սեդրակովիչին ու քաղաքապետին` խնդրելով աջակցել ինձ Առնո Բաբաջանյանի տուն-թանգարան հիմնելու հարցում: Տեղեկացա, որ Բաբաջանյանի որդին` Արան, վաճառել է հոր բնակարանը: Չգիտեմ, թե ովքեր են նոր սեփականատերերն ու ինչ ճակատագրի է արժանացել այն, բայց այս հարցով անպայման դիմելու եմ Արայիկին: Այժմ էլ պատրաստ եմ աջակցել, բայց պետք է նախաձեռնող կողմ լինի: Առնոն արժանի է տուն-թանգարան ունենալ:
Իոսիֆ Կոբզոնը
Ոմանք ասում են, որ մոտ 3000 երգ ունեմ, մյուսներն էլ ասում են՝ 3000-ից ավելի:
Այս անգամ Էջմիածին այցելեցի, խոնարհվեցի: Գերեզմաններ ենք այցելել, այդ թվում` Առնոյինը: Պետք է հիշենք մեր մեծերին, որոնք ժամանակին մեր կողքին են եղել:
Առնոյի հուշարձանը շատ եմ սիրում: Այն չեն հավանում նրանք, ովքեր չեն ճանաչում իրեն:
60-ամյա հոբելյանիս վագրերի վանդակ մտա. ավելի վախենալու չէր, քան` Դումայում:
Ինձ ավելի շատ դուր են գալիս այն արտիստները, որոնց մասին առաջինը որպես լավ մարդ են խոսում:
“Նորդ Օստի” դեպքերի ժամանակ ահաբեկիչները ոչ մեկին չէին ուզում տեսնել, ինձ ընդունեցին, որովհետեւ ճանաչում էին: Չէի վախենում, գիտեի՝ եթե հյուր են հրավիրում, վնաս չեն տա:
Իոսիֆ Կոբզոնը
Սրտիս վրա փոքրիկ գերեզման կա, որտեղ թաղում եմ ինձ դավաճանած մարդկանց, թշնամիներիս: Այնքան էլ մեծ չէ:
Նախանձությունը ամենից մեծ մեղքն է:
Երեք անգամ եմ ամուսնացել: Վերջին ամուսնությունս 42 տարեկան է: Կինս իմ սիրելին է, ընկերս:
Օլիգարխների հետ ընկերություն չեմ փնտրում, ոչ թե այն պատճառով, որ օլիգարխ են, այլ նրանք դուրս են հետաքրքրություններիս շրջանակից:
Պապիկների գրպանում միշտ կոնֆետ կա: Էջմիածնում երեխաների կոնֆետ տվեցի, այնքան ուրախացան:
Թոռնիկներիս անիմաստ է հավելյալ անգամ Հայաստանի ու Երեւանի մասին պատմել: Այնքան եմ պատմել, որ արդեն անգիր գիտեն ամեն ինչ:
Պաթոս չէ, հպարտանում եմ, որ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր եմ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: