«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է իր այս տարվա ընթացքը, որի շրջանակում երեկ Հայաստան էր ժամանել անվանի դաշնակահար Իվո Պոգորելիչը: Վերջինիս համար տարին հոբելյանական է. նա նշում է ծննդյան 60 եւ ստեղծագործական գործունեության 40-ամյակները: Այդ առիթով Պոգորելիչը շրջագայում եւ համերգներ է ունենում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` նաեւ Հայաստանում:
Փառատոնի նախագահ Ստեփան Ռոստամյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ նման մեծանուն երաժիշտները գալիս են հենց «Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում ելույթ ունենալու համար.«Երբ նրանք տեսնում են, թե իրենցից առաջ հեղինակավոր ինչ մարդիկ են այստեղ հանդես եկել, իհարկե, համաձայնում են գալ, ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: «Երեւանյան հեռանկարները» Եվրոպայի 5-6 առաջատար փառատոների շարքում է եւ հասցրել է դառնալ Հայաստանի այցեքարտերից մեկն ամբողջ աշխարհում»:
Իվո Պոգորելիչի համերգին
Ստեփան Ռոստոմյանը նշեց նաեւ, որ Իվո Պոգորելիչը կատարողական արվեստի բոլոր ժամանակների հսկաներից մեկն է, եւ փառատոնի համար բացառիկ հաջողություն է նրան Հայաստանում հյուրընկալելը: «Սա այն մեծագույն բարձրակետերից մեկն է, որին մենք երբեւիցե հասել ենք»,-խոստովանեց նա:
Մինչ համերգի սկսվելը Իվո Պոգորելիչը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ էր լսել Հայաստանի, հայ մշակույթի ու հայ երաժիշտների մասին, նրանցից ոմանց էլ անձամբ է ճանաչում, սակայն նախկինում երբեք չէր եղել այստեղ: Խոստովանեց՝ քաղաքը հիասքանչ է, եղանակը՝ հրաշալի, մարդիկ էլ բարի են, ժպտում են, եւ այդ ամենն իրեն հաճույք է պարգեւում.«Իհարկե, միշտ էլ իմացել եմ, որ Երեւանը շատ գեղեցիկ է ու հյուրընկալ, իսկ այժմ համոզվեցի, որ այստեղ հրաշալի միջավայր եւ մթնոլորտ է տիրում»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Նշենք, որ Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի եւ աշխարհի բազմաթիվ այլ մեծ բեմերում: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում՝ ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը:
Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ Պոգորելիչի կատարմամբ հնչեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆերենց Լիստի եւ Ռոբերտ Շումանի ստեղծագործությունները, որոնց ընտրությունը հանդիսատեսի մեծ մասը ոգեւորությամբ ընդունեց: Նրանց շարքերում էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նույնպես եկել էր ունկնդրելու աշխարհահռչակ դաշնակահարի ելույթը:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: