AutodidattaAS. հենց այսպես է ստորագրում իր նկարների տակ մոսկվաբնակ մեր հայրենակից Արկադի Սեւումյանը, ում երակներում հոսում է 20-րդ դարասկզբի հայ ռեժիսոր, թատերական գործիչ, Կովկասի հայկական թատրոնների դերասան Օվի (Հովհաննես) Սեւումյանի արյունը:
Արկադի Սեւումյանը
«Ծածկանունս իտալական ծագում ունի, թարգմանաբար այն նշանակում է ինքնուս: Դեռ մանկուց էի նկարում, զբաղվում ծեփագործությամբ: 13 տարեկան էի, երբ ծնողներիս հայտնեցի որոշմանս մասին` ուսումս շարունակել գեղարվեստի դպրոցում, ինչը, մեղմ ասած, ջերմ չընդունվեց իրենց կողմից: Ուրիշ ժամանակաշրջան էր, կային հստակ ձեւավորված կարծրատիպեր` կապված երեխայի ուսման հետ»,-BRAVO.am-ին պատմել է Արկադին:
Հետո ուսումն էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ծառայությունը բանակում եւ դժվարին 90-կանները, երբ արդեն ընտանիք կազմած Արկադին ստիպված եղավ մոռանալ իր մասնագիտությունն ու նախասիրությունը եւ մեկնել Լեհաստան: 4 տարի բանվոր եւ գործակատար աշխատելուց հետո նա աշխատանքի հրավեր է ստանում Մոսկվայից. իտալական ապրանքներ ներմուծող ընկերությանը իտալալեզու մասնագետ էր անհրաժեշտ:
Արկադի Սեւումյանի` Autodidatta-ի աշխատանքներից
«Իտալերենի իմացությունը եւ, ընդհանուր առմամբ, Իտալիան ինձ համար առանձին թեմա է: Իտալիայով «հիվանդացա» դեռ դպրոցական հասակում, ինձ հոգեհարազատ դարձավ այդ երկրի հետ կապված գրեթե ամեն ինչ, բնականաբար, նաեւ իտալերենը: Սկսեցի ինքնուրույն սովորել լեզուն, օգտագործում էի տարբեր հնարքներ, անգամ նմանակում իտալացի երգիչներին: Կան բաներ, որոնք հազիվ թե տեղավորվեն մեկ տրամաբանական շղթայի մեջ, բայց եւ այնպես, մանկությանս տարիներին մեր ընտանիքում հաճախ էր հիշատակվում Oվի Սեւումյանի տիկնոջ` Լա Սկալայի այն ժամանակվա պրիմա-երգչուհի Լյուսի Սեւումյանի անունը: Չեմ բացառում, որ ենթագիտակցաբար սա էլ կարող էր իր ազդեցությունն ունենալ Իտալիայի նկատմամբ իմ ունեցած զգացումների վրա: Ամեն դեպքում ես շատ հպարտ եմ, որ Սեւումյանների «աստղային զույգի» ծոռն եմ»,-նշել է Արկադի Սեւումյանը:
Արկադի Սեւումյանի` Autodidatta-ի աշխատանքներից
Մոսկվայում էլ ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում. 1998 թվականի ճգնաժամ, աշխատանքի կորուստ, նոր աշխատանք: Արդյունքում, 2004-ին նա հիմնում է իտալական ընկերության ներկայացուցչություն եւ այսօր արդեն համակարգում առեւտրային կապերը ԱՊՀ բոլոր երկրների հետ. «Գործի բերումով հաճախ եմ լինում Իտալիայում` ամեն անգամ ինձ հետ բերելով տպավորությունների նոր մասնաբաժին: Այդպես էլ պետք է լիներ` Իտալիան վերադարձրեց նկարելու հանդեպ իմ սերը, գործից ազատ ժամերին սկսեցի նկարել, բայց հիմնականում մատիտով եւ ածուխով»:
Արկադի Սեւումյանի` Autodidatta-ի աշխատանքներից
Մեր զրույցը Արկադիի հետ փոխեց իր երանգը, երբ խոսքը հասավ ֆուտբոլին, մասնավորապես՝ իտալական ֆուտբոլին: Դժվար է բառերով արտաբերել այն ոգեւորությունը, որով նա ներկայացրեց իր 2 նկարի պատմությունը: Պարզվում է, 2006 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության Իտալիա-Ֆրանսիա եզրափակիչ խաղը նա դիտել է Իտալիաի սրճարաններից մեկում, հետեւելով ոչ միայն խաղի ընթացքին, այլ նաեւ իտալացի ֆաների ապրումներին՝ մինչ Ֆաբիո Գրոսսոյի հաղթական 11-մետրանոցը եւ դրանից հետո:
Արկադի Սեւումյանի` Autodidatta-ի աշխատանքներից
«Այս տարվա սկզբին 3 դաս վերցրի Մոսկվայի գեղարվեստական ստուդիայում եւ առաջին անգամ փորձեցի ուժերս կտավի վրա: Տեմպերայով նկարած իմ առաջին գործերից երկուսը գոհունակության արժանացան ուսուցչիս կողմից եւ ներկայացվեցին Մոսկվայում Նկարիչների միության տանը կազմակերպված «Ներշնչանք» ցուցահանդեսին, որն անցկացվում էր ոչ պրոֆեսիոնալ նկարիչների համար: Ընդհանուր առմամբ, այս տարին շատ արդյունավետ էր ինձ համար` մոտ 40 աշխատանք եմ նկարել յուղաներկով, տեմպերայով եւ գունամատիտով»,- ասել է Արկադին:
Արկադի Սեւումյանի` Autodidatta-ի աշխատանքներից
Եվ ահա անցած տարվա դեկտեմբերի 12-ին մոսկովյան «KING'S GALLERY» պատկերասրահում տեղի ունեցավ Արկադի Սեւումյանի առաջին անհատական ցուցահանդեսը. «Ես մեծ ցանկություն ունեի կիսվել հանդիսատեսի հետ իմ բոլոր տպավորություններով, հուզմունքներով եւ զգացումներով, որոնք կապված են ամենուր մեզ շրջապատող վառ եւ գունեղ իրականության հետ: Կարծում եմ` ստացվեց»:
Արկադի Սեւումյանի մոսկովյան ցուցահանդեսին
Ոգեւորված մոսկովյան հաջողություններով, Արկադին որոշել է ներկայանալ հայ հանդիսատեսին: Երեւանյան ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 10-14-ին «Դալան» ցուցասրահում (Աբովյան 12): «Անհամբեր սպասում եմ այդ օրվան, եւ ոչ միայն ես. ինձ կուղեկցեն կինս եւ 3 որդիներս, սա նրանց համար Երեւան այցելելու շատ սպասված առիթ է»,-եզրափակել է AutodidattaAS-ը:
BRAVO.am
Լուսանկարները` Արկադի Սեւումյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: