2017 թվականը բեկումնային էր Լիլի Սարգսյանի կյանքում, ով, հաղթելով «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթում, մեկ օրում դարձավ հայտնի։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ տիտղոսն իրեն նոր կյանք է տվել, նոր ծանոթություններ եւ կամքի ուժ։
Նոր տարին Լիլին կնշի ընտանիքի հետ, սակայն անկեղծանում է, որ այն իր ամենաչսիրած տոնն է.«Միշտ տանն եմ դիմավորել։ Երեք քույր ենք, մայրիկիս հիմնականում մեծ քույրս է օգնում, տունն էլ փոքր քույրս է զարդարում, իսկ ես կենցաղային գործերից հեռու եմ մնում։ Ինձ դուր չի գալիս հայկական Ամանոր ասվածը՝ սկսած ճոխ սեղաններից մինչեւ զարդարանքներ, տարօրինակ կթվա, բայց չեմ սիրում։ Առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ամեն ճաշատեսակ չէ, որ ուտում եմ, մսեղեն փոքր տարիքից չեմ սիրում։ Դա եւս մեկ պատճառ է, որ չսիրեմ ամանորյա սեղանները։ Ձմեռ պապին էլ մանկուց չեմ հավատացել. գիտեի, որ հայրս է»։
Լիլի Սարգսյանը
Ի դեպ, Ձմեռ պապից նա արդեն նվեր ստացել է՝ ավտոմեքենա.«Հայրս օրեր առաջ հաճելի անակնկալ արեց: Շատ ուրախացա, երբ բակում տեսա։ «Միսս Արմենիա» մրցույթում հաղթելուցս հետո խոստացել էր, որ ավտոմեքենա կգնի, հետաքրքրվում էր, թե ինչ մակնիշներ եմ նախընտրում։ Վարել չգիտեմ, 18 տարեկան դառնալուց հետո կունենամ վարորդական իրավունք, իսկ մինչ այդ կհաճախեմ դասերի»։
17-ամյա ուսանողուհին սովորում է Երեւանի մշակույթի պետական քոլեջի դիզայնի բաժնում.«Նպատակ ունեմ շուտով այլ համալսարան տեղափոխվել, բայց հեռակա ուսուցման։ Ընտրել եմ ինտերիերը, թեեւ սկզբում ուզում էի հագուստի մոդելավորումն ընտրել»։
Լիլի Սարգսյանի քույրերը
Ի դեպ, նրա ավագ քույրը, ով 20 տարեկան է, նպատակ ունի «Միսս Արմենիա 2018»-ին մասնակցել։ Թե ինչու այս տարի չի մասնակցել մրցույթին, Լիլին պարզաբանել է. «Քրոջս ոտքը կոտրվել էր, այդ պատճառով չկարողացավ մասնակցել, բացի այդ, չէր ուզում ինձ հետ մրցակցության մեջ լինել, որոշեցինք, որ տնից մեկը կմասնակցի։ Մոդելային փորձ չունի, մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ է։ Նրան կօգնեմ, որ ընդունվի մոդելային դպրոց, տանն արդեն պարապում ենք կեցվածքի ու քայլվածքի վրա»։
2018-ի համար Լիլին մի շարք երազանքներ ունի՝ այցելություն Բրազիլիա, Հնդկաստան.«Այդ երկրներում ուզում եմ որպես զբոսաշրջիկ լինել, բայց շատ եմ ուզում Ֆրանսիայում ապրել ու մոդելային ասպարեզում ուժերս փորձել։ Հրավերները կախված են պրոֆեսիոնալ պորտֆոլիոյից, այժմ զբաղվում եմ դրանով։ Դպրոցում ֆրանսերեն եմ սովորել, սիրում եմ ֆրանսիացիներին, «Միսս աշխարհ 2017»-ում շփվել եմ, շատ հաճելի մարդիկ էին: Ասեմ, որ արտասահմանում ցուցադրությունների մասնակցելու առաջարկներ ունեցել եմ, անկեղծ ասած՝ սրտովս չեն եղել, ինչ-ինչ պատճառներով չցանկացա այդ մարդկանց հետ աշխատել։ Հուսով եմ՝ ավելի լավ առաջարկներ կստանամ»:
BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Սարգսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: