×


Լիլի Էլբակյանն՝ իր, Սարգիս Գրիգորյանի եւ մյուսների մասնակցությամբ նոր նախագծի մասին

Մկրտիչ Արմենի «Ժիրայր Գլենց» ստեղծագործությունն էկրանավորված եւ ժամանակակից մոտեցումներով շուտով կլինի Առաջին ալիքի եթերում: Ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է: Այս նախագիծն իր շուրջը հավաքել է մի խումբ դերասանների, որոնց թվում է նաեւ Լիլի Էլբակյանը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մարմնավորում է Ժիրայր Գլենցի դստերը.

«Կերպարն ինձնից հեռու է այսօր. ես երկու բալիկների մայր եմ: Զարմացա, երբ առաջարկեցին այդ 17-ամյա չարաճճի, խելառ աղջնակի դերը ստանձնել: Աղջիկը երիտասարդ է, ավելի էմոցիոնալ, քան՝ ռացիոնալ: Բայց նաեւ նման է ինձ, անգամ ինձնից լավն է. չէ՞ որ ֆիլմում ամեն ինչ իդեալականացված է պատկերվում: Հիմա խաղալիս ես զբաղված եմ նաեւ աղջկա մեջ բացասական գծեր փնտրելու գործով, որովհետեւ կարծում եմ՝ դրական կերպարներ չկան, ուզում եմ հասկանալ՝ հերոսուհուս մեջ որն է այդ գիծը:

Լիլի Էլբակյանը


Լավ աղջիկ է, ես արդեն սիրում եմ իրեն, բայց կարծես չմեծանա: Այդ աղջիկը հոգեվիճակով ինձ մոտ է՝ ռոմանտիկ, երազային ու մի քիչ խելառ: Ես խաղացել եմ նման դերեր, բայց դժվար է ինձ համար, որովհետեւ երբեմն ուզում եմ հեռանալ իմ օրգանիկայից, մի քիչ փոխել տեսակն այլ ուղղությամբ»:

Լիլին ստեղծագործությունը եւ աշխատանքը խմբում բավական հետաքրքիր է համարում՝ նշելով, որ հեռուստանովելում ամենակարեւորներից են հոր եւ մոր փոխհարաբերությունները, աղջկա ու հոր իդեալականցված սերը, երբ աղջիկը, անկախ ամեն ինչից, պաշտպանում է հորը: Մարդ, ով երկար ժամանակ չի տեսել իր ընտանիքին, եւ ահա վերադառնում է.«Կոտրված կյանքեր, կիսատ թողած գործեր, որոնք պիտի շարունակվեն, եւ այս կիսատության մեջ պիտի կառուցվեն ընտանեկան նոր հարաբերություններ, նոր սեր: Ինձ գրավել է այս հարաբերություններում մելոդրամատիկական տարրերի առկայությունը»:

Նոր հեռուստանովելի նկարահանումներին


Դերասանուհու խաղընկերներն են Սարգիս Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը, Արաքսյա Մելիքյանը եւ ուրիշներ.«Հեռուստանովելն ինձ ի սկզբանե առավել հետաքրքրեց, քանի որ գրական գործի հիմքով էր: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ պրոֆեսիոնալների խմբում, ովքեր թրծվել են այս գործի մեջ: Ինձ համար նաեւ չափազանց կարեւոր է, որ հեռուստատեսությունը փորձում է նոր բաներ ստեղծել, շոշափել գրական գործեր, դրանցից ստանալ նոր ընթացքներ: Լի եմ հույսով, որ կանենք մեր առավելագույնը»:

Տեքստը՝ Ստելլա Պետրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Էլբակյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին